Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն և Ղարաբաղ Տելեկոմ ՓԲԸ-ն Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում համագործակցություն են սկսում Արցախի պետական համալսարանի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 29, 2013 16:29

Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն և Ղարաբաղ Տելեկոմ ՓԲԸ-ն Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի կրթության խթանման նպատակով համագործակցություն են սկսում Արցախի պետական համալսարանի հետ:

29-ը մարտի, 2013թ., Երևան, Հայաստան – Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն, Ղարաբաղ Տելեկոմ ՓԲԸ-ն և Արցախի պետական համալսարանը Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի կրթության խթանման նպատակով այսօր ստորագրեցին համագործակցության համաձայնագիր: Կիրառելով արտադրություն-ԲՈՒՀ կրթական մոդելի հաջողված և համըդնհանուր հավանության արժանացած փորձը՝ ծրագիրը հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում (ԼՂՀ) աշխատուժի շուկային արտադրությանը պատրաստ շրջանավարտներ տրամադրել, ովքեր օժտված կլինեն ժամանակակից պահանջներին բավարարող գիտելիքներով և գործնական հմտություններով: Համաձայնագրի շրջանակներում Արցախի պետական համալսարանում կստեղծվի «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» մասնագիտացմամբ բակալավրական և մագիստրոսական ծրագրերով կրթություն իրականացնող «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» համահամալսարանական ամբիոնը, որի համար կստեղծվի գերժամանակակից սարքային և ծրագրային ապահովմամբ հագեցած ինֆրակառուցվածք, այն կհամալրվի միջազգային ամենաբարձր չափանիշներին բավարարող կրթական ծրագրերով և ուսումնական նյութերով, ինչպես նաև Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտում վերապատրաստված որակյալ դասախոսներով:

Ղարաբաղ Տելեկոմ ՓԲԸ-ի կողմից հատկացված 28 միլիոն դրամի աջակցության շնորհիվ, համաձայնագրի շրջանակներում արդի և ուսումնական պահանջներին և չափանիշներին համապատասխան կկահավորվի և արդիական քոմփյութերային տեխնիկայով կվերազինվի համալսարանի կողմից տրամադրված համապատասխան լսարանային տարածքը, կփոխհատուցվի ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատավարձը և հավասարեցված այլ վճարները:

Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն համալսարանին անվճար կտրամադրի համապատասխան մասնագիտացմամբ որակյալ մասնագետներ պատրաստելու համար անհրաժեշտ Սինոփսիս ընկերության ծրագրային գործիքների փաթեթների 60 լիցենզիա և համապարփակ ուսումնական նյութեր, որոնք կընդգրկեն բոլոր դասավանդվող դասընթացների ամբողջական մեթոդական ապահովվածությունը, դասախոսությունների ներկայացումները, լաբորատոր, գործնական աշխատանքների և կուրսային նախագծերի մեթոդական ապահովվածությունը, տնային աշխատանքները և քննական հարցատոմսերը, ինչպես նաև առնվազն կես տարին մեկ անգամ կվերապատրաստի ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմը:

Կողմերի համաձայնեցրած չափորոշիչների համաձայն, Արցախի պետական համալսարանը կստեղծի համահամալսարանական ամբիոն, այնտեղ կիրականացնի ամենօրյա կրթական գործունեություն և համապատասխան ֆակուլտետի բակալավրիատի երկրորդ կուրսը ավարտած ուսանողներից ուսանողական համակազմի ընտրություն: Ամբիոնում բակալավրական կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողները հնարավորություն կունենան ուսումնառությունը շարունակել մագիստրատուրայում:

«Հիմնադրման օրվանից, Ղարաբաղ Տելեկոմը խրախուսել է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նոր հնարավորությունների և նվաճումների ուղի կարող են հարթել Արցախի երիտասարդ սերնդի առջև: Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը Արցախի տնտեսական զարգացման գերակա ուղղություններից է և մենք պետք է հնարավոր բոլոր միջոցներով աջակցենք այդ ոլորտի աշխուժացմանը: «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի ստեղծումը կնպաստի ՏՀՏ ոլորտի զարգացմանը, համաշխարհային հարթակում Արցախի վարկանիշի հետագա ամրապնդմանը, ինչպես նաև երիտասարդության շրջանում հետաքրքրություն կառաջացնի այդ ոլորտի հանդեպ: Ղարաբաղ Տելեկոմը գիտակցում է, որ ՏՀՏ ոլորտի զարգացումը կխթանի Արցախի տնտեսության ինքնաբավ և երկարաժամկետ զարգացման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծմանը», – ասում է Ղարաբաղ Տելեկոմ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Սինոփսիսը, որպես համաշխարհային առաջատար ընկերություն համագործակցում է աշխարհի ավելի քան 1300 համալսարանների հետ: Հայաստանում այդ համալսարանները չորսն են՝ ՀՊՃՀ, ԵՊՀ, ՀՌՀ և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան: Արցախի համալսարանի հետ համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի բնագավառում բարձրորակ կադրերի պատրաստման մի յուրօրինակ նախաձեռնություն է, որը բացառիկ նշանակություն կունենա հանրապետությունում նորարարական միջավայրի ձևավորման առումով», – նշում է Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

«Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտը առավելագույնս կաջակցի Արցախի պետական համալսարանում «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» մասնագիտության բարձրորակ մասնագետների պատրաստման գործընթացին նպատակ ունենալով զարգացնել միկրոէլեկտրոնիկայի ասպարեզը Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում», – ասում է Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտի տնօրեն, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը:

«Ինչպես հայտնի է, Սինոփսիս Արմենիա ընկերությունը ներդրումներ է կատարում այդ բնագավառի կրթության ոլորտում և հաջողված համագործակցության ծրագրեր է իրականացնում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մի շարք բուհերի հետ», – ընդգծում է Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը: «Մենք շատ ուրախ ենք, որ Ղարաբաղ Տելեկոմի առատաձեռն հովանավորության, ինչպես նաև Սինոփսիսի էլեկտրոնային ավտոմատացված նախագծման ծրագրային գործիքային միջոցների և կրթական աջակցության շնորհիվ այդ բուհերի շարքում ավելացել է Արցախի պետական համալսարանը: Այսօր պայմանագրի ստորագրմամբ մենք մի մեծ գործընթացի առաջին քայլն ենք կատարում, որը էական նշանակություն կունենա Լեռնային Ղարաբաղի հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում»:

Ղարաբաղ Տելեկոմ ՓԲԸ-ի մասին
Ղարաբաղ Տելեկոմը հեռահաղորդակցության շուկայում գործում է 2002 թ. փետրվարից: Այս 11 տարիների ընթացքում ընկերությունը կառուցել է բջջային հեռախոսակապի նոր կայաններ, որոնց շնորհիվ ներկա դրությամբ հանրապետության տարածքի 95% ապահովված է բջջային հեռախոսակապով:
Ղարաբաղ Տելեկոմը տրամադրում է բջջային, թվային ֆիքսված և անլար ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ ծառայություն ADSL մոդեմի և օպտիկա-մանրաթելային կապի միջոցով:
Ընկերությունն ունի մի շարք նոր և պատվախնդիր ծրագրեր, որոնք գտնվում են զարգացման տարբեր փուլերում: Արդեն իսկ 2013 թ-ին այս նախագծերը կտրամադրվեն հանրությանը, ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով:

Սինոփսիս ընկերության և Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի մասին
Սինոփսիս ընկերությունն արագացնում է նորարարությունները համաշխարհային էլեկտրոնային շուկայում: Որպես էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ) և կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) առաջատար, ընկերության ծրագրային ապահովումը, մտավոր սեփականությունն ու ծառայությունները օգնում են ճարտարագետներին հաղթահարել նախագծման, ստուգման և արտադրության ոլորտում առկա լուրջ մարտահրավերները: 1986թ.-ից ամբողջ աշխարհի ճարտարագետներն օգտագործում են Սինոփսիսի տեխնոլոգիաները՝ միլիարդավոր ինտեգրալ սխեմաների և համակարգերի նախագծման և ստեղծման համար: Սինոփսիս ընկերությունը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2004 թ.-ին՝ որպես Սինոփսիս Արմենիա փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ): Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով ԷՆԱ, արտադրության համար նախագծման (ԱՀՆ) և կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) մշակման ոլորտներում: Ունենալով հարյուրավոր որակյալ հայ ճարտարագետներ՝ Սինոփսիսը Հայաստանի ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից մեկն է: ՏՏ ոլորտում ուսանողների համար հաջողությունների բարձրագույն մակարդակը խթանելու նպատակով ընկերությունը հովանավորում է տարբեր մրցույթներ, ինչպես ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևը, Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադան: Սինոփսիս Արմենիայի նախաձեռնություններից են ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի շնորհումը և «ՏՏ ոլորտի լավագույն կառավարիչներ» ամենամյա մրցանակաբաշխության: Սինոփսիս Արմենիայի ներդրումները ՏՏ ոլորտով չեն սահմանափակվում: 2010թ.-ին Սինոփսիս ընկերությունը ճանաչվել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից Կորպորատիվ գերազանցության ամենամյա մրցանակաբաշխության համաշխարհային լավագույն 12 ընկերություններից մեկը՝ Հայաստանում օրինակելի կորպորատիվ քաղաքացի լինելու, նորարարության և հաջողված բիզնեսի իրականացման համար: Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն տեղակայված է Երևանում: Սինոփսիսի գլխամասային գրասենյակը Կալիֆորնիայի Մաունթին Վյու քաղաքում է: Ընկերությունն ունի ավելի քան 70 գրասենյակ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում, Ասիայում և Հնդկաստանում: Կարող եք այցելել Սինոփսիսի և Սինոփսիս Արմենիայի կայքերը հետևյալ հասցեներով՝ www.synopsys.com, www.synopsys.am:

Արտադրություն-ԲՈՒՀ կրթական մոդելի մասին
Բակալավրիատի ծրագրի առաջին տարիների ընթացքում ուսանողները ստանում են հիմնական կրթություն մաթեմատիկայից, ֆիզիկայից և այլ գիտական առարկաներից իրենց ընտրած ԲՈՒՀ-երում: Այնուհետև Սինոփսիսի տեխնիկական փորձագետներն ու դասախոսներն ընտրում են լավագույն ուսանողներին` ՍԱՈՒԴ-ի ծրագրում ընդգրկելու համար: Հետագա կրթությունը բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերում իրականացվում է գերմեծ ինտեգրալ սխեմաների և էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ՍԱՈՒԴ-ի կողմից մշակված ուսումնական ծրագրով: Դասընթացները տեղի են ունենում Սինոփսիսի հատուկ սարքավորումներով համալրված լսարաններում, որտեղ ՍԱՈՒԴ-ի ուսանողները կարող են օգտվել արտադրության մեջ կիրառվող գերժամանակակից ԷՆԱ ծրագրային ապահովման փաթեթներից: Կուրսային նախագծերի, մագիստրատուրայի և ասպիրանտական թեզերի ղեկավարումը իրականցվում է Սինոփսիս Արմենիայում իրականացվող ակտուալ նախագծերի համատեքստում: Նախագծերն իրագործվում են Սինոփսիսի առաջատար մասնագետների և համապատասխան ԲՈՒՀ-ի դասախոսների վերահսկմամբ: ՍԱՈՒԴ ծրագիրն ավարտելուց հետո շրջանավարտները դառնում են արտադրությանը պատրաստ մասնագետներ և որակավորվում են Սինոփսիս Արմենիայում կամ այլ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում աշխատելու համար: Ճարտարագետների այս ռեսուրսը կարևոր գործոն է դառնում Հայաստանում ԷՆԱ կլաստերի զարգացման գործընթացում:

Արցախի պետական համալսարանի մասին
Լեռնային Ղարաբաղում գիտության և կրթության օջախների ստեղծման ու կայացման ամբողջական համակարգում իր առանձնահատուկ տեղն ունի Արցախի պետական համալսարանը: Այն ստեղծվել և կայացել է 20-րդ դարի երկրորդ կեսին Լեռնային Ղարաբաղում հայկական գործոնի պահպանման ու զարգացման հետ միասին: 40 տարիների ընթացքում համալսարանն աննշան մասնաճյուղից դարձել է խոշոր ուսումնական և գիտական կենտրոն, բարձրորակ կադրերի պատրաստման դարբնոց: Համալսարանի շրջանավարտները բեղմնավոր աշխատանք են տանում ոչ միայն ԼՂՀ-ում, ՀՀ-ում, այլև արտասահմանյան երկրներում: Այսօր Արցախի պետական համալսարանում գործում են 6 ֆակուլտետներ, 21 ամբիոններ, որտեղ աշխատում են 338 դասախոսներ: Առկա և հեռակա բաժիններում սովորում են ավելի քան 4700 ուսանողներ, մագիստրանտներ, ասպիրանտներ: Արցախի պետական համալսարանը համագործակցում է ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ` արտասահմանյան մի շարք գիտակրթական հաստատությունների և կենտրոնների հետ:

Դիտվել է 1594 անգամ:
Print Friendly

Leave a Reply