Նախարար Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության գլխավոր քարտուղարին

Պաշտոնական, Օրվա լուր | | March 29, 2013 16:24

Մարտի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության գլխավոր քարտուղար Վանդա Դիեբոլթին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց աշխարհի հինգ մայրցամաքների շուրջ 800 համալսարաններ միավորող կառույցի գլխավոր քարտուղարի այցը Հայաստան: Նախարարը նշեց, որ անցած տարի Հայաստանի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը լիիրավ անդամակցությունը կարևոր հանգրվան հանդիսացավ ոչ միայն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, այլ նաև կազմակերպությանը կից գործակալությունների հետ համագործակցության զարգացման առումով։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վանդա Դիեբոլթը բարձր գնահատեց Հայաստանի կրթական համակարգում ֆրանսերենի ներկայության ամրապնդման համար գործադրվող ջանքերը՝ նշելով, որ այսօր հայկական չորս բարձրագույն ուսումնական հաստատություններ Ֆրանոկֆոնիայի համալսարանական գործակալության անդամ են:

Երկուստեք կարևորվեց Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև լեզվական պակտի ստորագրումը, Հայաստանի ֆրանսիական համալսարանում Սենգորի ամբիոնի հիմնադրումը, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում Ակադեմիական նվաճումների կենտրոնի և Ֆրանկոֆոն թվայնացված կենտրոնի բացումը, որոնք հավելյալ խթան կհանդիսանան Հայաստանում ֆրանսերեն լեզվի և ֆրանկոֆոն մշակույթի տարածման համար։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ծրագրերի ընդլայնման վերաբերյալ:

Դիտվել է 806 անգամ:
Print Friendly

Leave a Reply