Կարեն Անդրեասյան. «Ժողովրդի ամենամեծ խնդիրներն են՝ «հաց և արդարություն»

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 29, 2013 13:49

Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին 2012թ. տարեկան զեկույցում բարձրացվել են 148 համակարգային խնդիրներ, որոնք մտահոգում են քաղաքացիներին: Այսօր լրագրողներին ներկայացնելով 22 պետական մարմիններին՝ գրեթե բոլոր նախարարություններին ու օրենքով անկախ մարմիններին առնչվող և 136 էջ կազմող զեկույցը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հայաստանի ամենամեծ երկու խնդիրը համարեց արդարադատության պակասը և սոցիալ-տնտեսական վիճակը: «Մեր ժողովրդին պակասում է հացն ու արդարությունը»,- ասաց Պաշտպանը:

Կ.Անդրեասյանի գնահատմամբ՝ զեկույցին օրինակելի արձագանք են տվել ՀՀ ոստիկանապետը, առողջապահության և սոցիալական ապահովության նախարարները: Պաշտպանը զեկույցին «ամենախայտառակ» արձագանք է համարում դատական իշխանության արձագանքն այն դեպքում, երբ հենց կառավարության անցկացրած ամենավերջին հարցումներով, հասարակության 70 տոկոսը չի վստահում դատական համակարգին: Նա դժգոհեց նաև Արդարադատության նախարարության, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ու Պետեկամուտների կոմիտեի արձագանքից: ՏՄՊՊՀ-ի վերաբերյալ Պաշտպանը նշել էր, որ կատարվում է հատվածական աշխատանք, իսկ ՊԵԿ-ի մասով՝ որ կառույցի որոշ պաշտոնյաներ իրենց ազգականների անվան տակ բիզնեսով են զբաղվում, ինչից տուժում է, մասնավորապես, փոքր ու միջին բիզնեսը: Հանրահայտ է, ըստ պաշտպանի, որ Հայաստանում կա աշխատատեղերի, մրցակցության, ստվերի ու հովանավորչության խնդիր:

Կ. Անդրեասյանը հայտարարեց, որ պետական մարմինները փաստեր պետք է պահանջեն իրավապահ մարմիններից, այլ ոչ թե իրենից. «Օմբուդսմենը ոստիկան չէ, իսկ գերատեսչությունները՝ գողեր»,- ասաց Պաշտպանը՝ հստակեցնելով, որ ինքը տալիս է ընդհանրական գնահատականներ՝ հիմնվելով դիմումների վրա, որոնք ներկայացնողները որոշ դեպքում նույնիսկ չեն ցանկանում, որպեսզի իրենց անունները հրապարակվեն:

2011թ.-ի համեմատ Պաշտպանի գնահատմամբ, առաջընթաց կա իրավունքների պաշտպանության ոլորտում: Շատ դրական զարգացումներ կան վարչարարության ոլորտում, իսկ լավագույն պետական կառույցը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն է, ինչը ցույց է տալիս, որ երկրում զարգացումներ հնարավոր են՝ «ընդհուպ մինչև կատարելությանը մոտ»: Մեծ առաջընթաց կա նաև խոսքի ազատության ոլորտում, ինչպիսին Հայաստանում չի եղել տասնամյակներ շարունակ:

Ամենաբացասականը երկրում Պաշտպանը համարում է մրցակցության պակասը շուկայում և արդարության պակասը դատական համակարգում:

Պաշտպանը հավաստիացրեց, որ ՄԻՊ աշխատակազմը կհետևի Կառավարության հանձնարարականով Արդարադատության նախարարության կողմից գործողությունների ծրագրի մշակման աշխատանքին, ինչպես նաև ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված և ՀՀ ԱԱԽ քարտուղարի գլխավորած միջգերատեսչական մարմնի գործունեությանը: «Միկրոսկոպի տակ» կուսումնասիրվի հատկապես Վճռաբեկ դատարանի գործունեությունը՝ դատական քննությունից հետո մինչև Եվրադատարան գանգատարկվելը: Ուսումնասիրության տիրույթում կլինի նաև ՏՄՊՊՀ-ի և ՊԵԿ-ի գործունեությունը:

«Փաստինֆո»

Դիտվել է 977 անգամ:
Print Friendly

Leave a Reply