Մեր հանրապետությունում դեռևս հնարավոր է ոչխարների գլխաքանակն ավելացնել մոտավորապես 2,5 անգամ. Աշոտ Հովհաննիսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 29, 2013 13:43

Այսօր Հայացք մամուլի ակումբի հյուրն էր ՀՀ ԳՆ անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը, ով խոսեց անասնաբուծական ոլորտի խնդիրների, նախորդ տարում արձանագրված աճի և զարգացման հեռանկարների մասին:
Նա նախ նշեց, որ անցած տարին հաջող էր անասնաբուծության համար` անասնագլխի ավելացման առումով ԱՊՀ երկրներում Հայաստանը զբաղեց առաջին տեղը:
Աշոտ Հովհաննիսյանը նշեց, որ մեր հանրապետությունում դեռևս հնարավոր է ոչխարների գլխաքանակն ավելացնել մոտավորապես 2,5 անգամ: Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք գլխաքանակի ավելացումը, օրինակ, Սյունիքում չի հանգեցնի բնապահպանական պրոբլեմի, անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետն ասաց, որ Սյունիքում կա 120000 հա արոտավայր, որից շահագործվում է միայն 30-32000 հա-ն, այնպես, որ հնարավոր է կրկնակի ավելացնել գլխաքանակը առանց բնապահպանական խնդրի ու ավել միսը արտահանել Իրանի իսլամական հանրապետություն:
Անդրադառնալով ձվի շուկային՝ Աշոտ Հովհաննիսյանը նշեց. «Վերջին երկու տարիների ընթացքում մենք ձվի շուկայում առանձին խնդիրներ չենք ունենում: Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ընկերությունների կողմից ձվի գնի աճ չկա, սակայն հնարավոր է իրացնող կազմակերպությունների կողմից գնի փոքր-ինչ աճ գրանցվի՚:

Դիտվել է 1268 անգամ:
Print Friendly

Leave a Reply