Խառը բաներ հայկական ֆուտբոլում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | March 29, 2013 14:39
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի 0:3 հաշվով Չեխիայի ներկայացուցիչներից կրած պարտությունը տխրեցրել է բոլորին: Փաստորեն, Հայաստանի հավաքականը կորցրել է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում խմբից դուրս գալու հնարավորությունը: Այդ է պատճառը, որ զգալի թվով մարզասերներ պահանջում են Հայսստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականը: Վերջինս այդպես էլ վարվել է, բայց նրան որոշել են թողնել իր պաշտոնում:
Եվ ահա, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում, հանդիպելով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պարզաբանումներ տվեց ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Զարմանալի է, որ Մինասյանը հրաժարական է տվել, սակայն այն չի ընդունվել, թեև նրա գլխավորած հավաքականն ընտրական մրցաշարում 3 անընդմեջ պարտություն է կրել: Ինչքան էլ տարօրինակ է, ֆեդերացիայի նախագահը դրանում չի տեսնում Մինասյանի մեղքը: «Եթե նա բավականին չաշխատեր, ես կընդունեի նրա հրաժարականը: Մինասյանը մեղավոր չէ, որ հավաքականն անհաջող է հանդես գալիս տարբեր պատճառներով»,- գտնում է Հայրապետյանը:
Այն տպավորությունն է, որ, Հայաստանի հավաքականն անգամ մրցաշարում ունեցած անհաջող մեկնարկից հետո, լրջորեն չէր նախապատրաստվել և արժանի մրցակցի հետ էլ ստուգողական խաղ չէր անցկացրել մինչև չեխերի հետ հանդիպումը: Բացի այդ, մարզասերները տեղյակ են, որ մի շարք մեր հայրենակիցներ, որոնք ֆուտբոլում ճանաչում ունեն, Հայաստանի ազգային հավաքականում չեն խաղում միայն այն պատճառով, որ նրանց վարքագծում ինչ որ բան Հայրապետյանին դուր չի եկել: Ահա թե ինչ ասաց այդ մասին ՀՖՖ նախագահը. «Արել ենք ամեն բան, որպեսզի հավաքականը պատրաստված լիներ: Ո՞վ է ասել, որ Չեխիայի հավաքականն ավելի ուժեղ է, քան Լյուքսեմբուրգը: Ես այդ կարծիքին չեմ: Մենք արել ենք հնարավոր ամեն բան՝ լավ մրցակցի հետ խաղալու համար։ Իմ կարծիքով՝ Խոակին Բոգոսյանն իր մտածելակերպով իրավունք չունի հանդես գալ մեր հավաքականում: Նա մի քանի անգամ ծաղրել է մեր հավաքականին: Նույնը եղել է Մաուրո Գևգեոզյանի դեպքում: Քանի դեռ ես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն եմ, Բոգոսյանը չի խաղա մեր հավաքականում»:
Ինչ վերաբերում է այն բանին, որ հարյուրավոր երկրպագուներ Հայաստան- Չեխիա խաղի տոմսեր ունենալով, այդպես էլ «Հանրապետական» մարզադաշտ չեն կարողացել մտնել, Հայրապետյանն ընդունում է, որ վատ է: «Բոլորդ գիտեք, որ եթե ես սխալվեմ, ապա կընդունեմ դա: Ես հիմա էլ ցանկանում եմ ներողություն խնդրել այն երկրպագուներից ովքեր, չեն կարողացել մտնել ստադիոն: Պատասխանատվությունը կրում է «Արմմոբիլ» ընկերությունը, որը պետք է ապահովեր անվտանգությունը: Իրենք են մեղավոր, որ բազմաթիվ երկրպագուների հետ առանց տոմսի ստադիոն են մտել բազմաթիվ մարդիկ ու զբաղեցրել են մյուսների տեղերը: Այդ պատճառով էլ` նման իրավիճակ է առաջացել: Հնարավոր է, որ տուժած մարդկանց փոխհատուցում անեն»,- ասաց նա: Ինքնին հարց է առաջանում, թե ինչու խաղը չի անցկացվել «Հրազդան» մարզադաշտում, որը հնարավորություն կտար, որպեսզի ավելի շատ մարզասերներ քաջալերեն մեր թիմին:
Հայրապետյանը յուրովին ներկայացրեց Մինասյանի և Դոնեցկի «Շախյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարկանի ասածները, որոնք նույնպես մարզասերներից շատերին դուր չեն եկել: Մասնավորապես, Մինասյանը հայտնել էր, որ ինքը չի խոստացել, որ մեր ընտրանին պայքարելու է Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերելու համար: Իսկ Մխիթարյանը, վերջին հանդիպման ժամանակ չփայլելով իր խաղով, հաճախակի սխալվելով` հայտնել էր , որ իր խաղընկերներից ոմանք լրիվ ուժով հանդես չեն եկել:
Ահա թե այս հարցերում ինչպիսին է Հայրապետյանի տեսակետը. « Մինասյանը դա ասել է պահի տակ, ճիշտ է՝ սխալ բան է արել, բայց բոլորիս հետ էլ պատահում է, ու չարժի կառչել բառերից: Հենրիխն այն ֆուտբոլիստն է, որը դաշտում ամեն ինչ տալիս է, կան մի քանի ֆուտբոլիստներ, որոնք իրենց « ցիրկի կլոունի» պես են պահում, սակայն Մխիթարյանն իրավունք չուներ նման բան ասել: Բայց հիմա ինչ անենք, գնդակահարե՞նք նրան, մեր սիրելի Հենոնա: Դրա իրավունքն ունի միայն հավաքականի մարզիչը և ֆեդերացիայի նախագահը»:
Հայրապետյանն անդրադարձավ նաև այն բանին, թե ինչու է իր ղեկավարած կազմակերպությունը տարբերակումներ դնում և թույլատրում լուսաբանել Հայաստանի հավաքականի հանդիպումները, խաղից առաջ կազմակերպված ասուլիսները, միայն այն լրատվամիջոցներին, որոնք ցանկալի են: Այսինքն ընտրություն է կատարվում ըստ հայեցողության: «Դնում ենք սահմանափակումներ լրագրողների համար: Այն լրագրողները, ովքեր կապ չունեն սպորտի հետ, բայց ցանկանում են շփվել ֆուտբոլիստների հետ, կհանդիպեն սահմանափակումների: Ով ասես հիմա կայք է բացում: Ով հազար դրամ փող ունի` կայք է բացում: Մենք չենք կարող բոլորին հսկել»,- հայտնեց Հայրապետյանը։
Ասվածներն ինչքանով կարող են բավարարել` թողնում ենք առանց մեկնաբանության:






Facebook
Tweet This
Email This Post
