Իրանի շահը միջուկային զենք ստեղծելու նպատակ ուներ. Իրանցի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի բացահայտումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2013 12:46

Ինչու՞ Արևմուտքը Հնդկաստանի, Պակիստանի կամ Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառում:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության առաջին նախագահ Աքբար Էյթեմադը:
Իրանի շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի օրոք Ատոմային էներգիայի կազմակերպության նախագահի պաշտոնը զբաղեցրած Աքբար Էյթեմադը, ով իսլամական հեղափոխությունից հետո բնակություն է հաստատել Ֆրանսիայում, օրերս «ԲիԲիՍի» լրատվական գործակալության տված հարցազրույցում, անդրադառնալով միջուկային խնդրին, մասնավորապես նշել է.
«Շահը կարծում էր, որ Իրանն այն ժամանակ բավականաչափ հզոր էր և կարող էր տարածաշրջանում իր շահերը պաշտպանել: Սակայն, ինձ ասում էր, որ եթե մի օր այդ կարգավիճակը փոխվեց, ապա ստիպված կլինենք միջուկային զենք ստեղծել: Այո, շահը նման նպատակ ուներ: Իմ այն ժամանակվա առաքելությունն այն էր, որպեսզի ձեռք բերեի միջուկային ոլորտի բոլոր տեխնոլոգիաները, գուցե հետագայում պետք գար»:
Անդրադառնալով Իրանի նկատմամբ Արևմուտքի սահմանած տնտեսական պատժամիջոցներին՝ իրանցի նախկին բարձրաստիճան պաշտոնյան նշել է. «Իրանը ներկայում միջուկային ոլորտում հետազոտություններ է իրականացնում: Չեմ հասկանում, ինչու՞ է Արևմուտքը պատժամիջոցներ կիրառում: Ինչու՞ Հնդկաստանի, Պակիստանի կամ Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառում»:
«ՖԱՐՍ»-ի հոդվածագիրը, մեկնաբանելով իրանցի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը նշում է. «Այդ ինչպե՞ս եղավ, որ այդ նույն ամերիկացիները միջուկային զենք ստեղծելու նպատակ ունեցող շահական Իրանին աջակցում էին, իսկ ներկայիս Իրանի Իսլամական Հանրապետությանը, որը միջուկային զենքը հարամ է համարում, ճնշումների են ենթարկում»:
Նշենք, որ Իրանի շահ Մոհամմադ Ռեզա Փահլավին 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո հունվարի 16-ին թագուհու՝ Ֆարահի, հեռացավ Իրանից՝ հաստատվելով Եգիպտոսում:

Դիտվել է 1559 անգամ:
Print Friendly

Leave a Reply