Մեղադրողը փոփոխել է Ս.Սուրենյանցին առաջադրված մեղադրանքը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 28, 2013 14:52

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազը դատարանում այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ փոփոխել է Սուրեն Սուրենյանցին ՀՀ քրեական օրենսգքրի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը` նրան առաջադրելով նոր մեղադրանք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

ՀՀ ԿԱ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում քննված քրեական գործի շրջանակներում Ս.Սուրենյանցին մեղադրանք էր առաջադրվել` 2011թ. մայիս-օգոստոս ամիսներին խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, իր ծանոթ Գ.Ղասաբյանի վստահությունը չարաշահելու միջոցով, վերջինիս դստերը աշխատանքի տեղավորելու, լրագրողական դասընթացների համար Ֆրանսիա ուղարկելու պատրվակով, ինչպես նաեւ բիզնեսով զբաղվելու համար ընդհանուր 508 000 դրամ գումար վերցնելու եւ դրան խարդախությամբ տիրանալու համար:

Նախաքննության ընթացքում Ս.Սուրենյանցը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը` նշելով, որ նշված գումարից 1000 ԱՄՆ դոլարը ինքը Գ.Ղասաբյանից պարտքով է վերցրել` թղթի բիզնես կազմակերպելու համար, իսկ մնացած 110 000 դրամը եւ 71 եվրոն` վերջինիս դստերն աշխատանքի տեղավորելու պատրվակով:

Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաեւ տուժող Գ.Ղասաբյանը` եւ նախաքննության, եւ դատաննության ընթացքում:

Դատաքննության ընթացքում Ս.Սուրենյանցը չի ընդունել 1000 ԱՄՆ դոլար գումարի` Գ. Ղասաբյանից հափշտակելու հանգամանքը, նշել, որ այդ գումարը 2011թ. մայիսին վերցրել է պարտքով` նույն թվականի օգոստոսին վերադարձնելու պայմանով:
110 000 ՀՀ դրամի եւ 71 եվրո գումարի մասով Ս.Սուրենյանցն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, եւ զղջացել է կատարածի համար` դատաքննության ընթացքում վերականգնելով տուժող Գ.Ղասաբյանին պատճառված վնասը:

Մեղադրանքը պաշտպանող դատախազի գնահատմամբ` ակնհայտ է, որ Ս.Սուրենյանցը 2011թ. մայիսին Գ.Ղասաբյանից բիզնես կազմակերպելու պատրվակով խաբեությամբ հափշտակել է 1000 ԱՄՆ դոլար, այնուհետեւ նույն թվականի օգոստոս ամսին նույն Ղասաբյանից խաբեությամբ հափշտակել է 110 000 ՀՀ դրամ եւ 71 եվրո գումար` վերջինիս դստերն աշխատանքի տեղավորելու պատրվակով:

Այսպիսով` ըստ դատախազի` Ս. Սուրենյանցի վերոհիշյալ գործողությունները կատարվել են առանձին դիտավորությամբ: Այսինքն` Ս. Սուրենյանցը կատարել է հանցավոր արարքներ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով(2 դրվագ):

Վերոգրյալի հիման վրա եւ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածով` դատավարական ղեկավարում իրականացնող Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազը որոշում է կայացրել` Ս.Սուրենյանցին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը փոփոխելու եւ նրան ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) նոր մեղադրանք առաջադրելու վերաբերյալ:

Դիտվել է 725 անգամ:
Print Friendly

Leave a Reply