Վերահսկիչ պալատի 2009թ.-ի վերահսկողության արդյունքներով էական խախտումներ չեն արձանագրվել միայն ՍԴ-ում
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | April 12, 2010 19:30
Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի խորհրդի որոշմամբ, 2009թ.-ի գործունեության տարեկան ծրագրով իրականացված վերահսկողության արդյունքներով
Գլխավոր դատախազություն է ուղարկվել 11 գործով քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ կասկածներ պարունակող 5 արձանագրություն և 2 ընթացիկ հաշվետվություն: Հարուցվել է 3 քրեական գործ, իսկ մնացած 8 գործերի մասով ՀՀ գլխավոր դատախազությունից դեռևս պատասխան չի ստացվել:
Նախորդ տարվա ընթացքում վերահսկված օբյեկտների ղեկավարները, ՙՎերահսկիչ պալատի մասին՚ օրենքի պահանջի համաձայն, ՎՊ–ին տրամադրել են տեղեկատվություն` ընթացիկ հաշվետվություններում արձանագրված խախտումները վերացնելու ուղղությամբ: Այս մասին նշված է ՎՊ–ի 2009թ.-ի գործունեության հաշվետվության մեջ, որը ՎՊ–ի խորհրդի մարտի 30-ի նիստում հաստատվելուց հետո սահմանված ժամկետում ներկայացվել է ՀՀ Նախագահին, Ազգային ժողով և կառավարություն: Այն արդեն ընդգրկվել է ԱԺ–ի ընթացիկ նստաշրջանի օրակարգում:
2009թ.-ի գործունեության տարեկան ծրագրով իրականացված վերահսկողության արդյունքներն ամփոփվել են Վերահսկիչ պալատի 42 ընթացիկ հաշվետվություններում, սակայն հրապարակված` 158 էջից բաղկացած, տարեկան հաշվետվության մեջ հակիրճ ներկայացված են դրանցից 38-ը: Հրապարակման ենթակա չեն ՙհույժ գաղտնի՚ տեղեկատվություն պարունակող ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններին, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանության պետական պահպանության վարչությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին ընթացիկ չորս հաշվետվությունները:
Ստուգման ենթարկված օբյեկտներից միակը Սահմանադրական դատարանն է, որտեղ, ըստ տարեկան հաշվետվության, 2007 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պետբյուջեից հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքներով ՙէական խախտումներ և թերություններ չեն արձանագրվել՚:
Գայանե Մելիքյան






Facebook
Tweet This
Email This Post
