«Մենք կարդալ չենք սիրում, նախընտրում ենք խելոք մտքերը»,- ասում է գրավաճառ Սմբատ պապը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | April 1, 2013 13:44

Շուտով Երևանը ցած կդնի գրքի համաշխարհային մայրաքաղաքի լիազորությունները: Հետևում, անշուշտ, մնացին գրքի համաշխարհային մայրաքաղաքի տոնակատարությունների առիթով կազմակերպված բազմաթիվ միջոցառումները, այդ թվում` աշխարհի հանրահռչակ գրողների մասնակցությամբ:

Սակայն, արդյոք նման կարևոր իրադարձությունը նպաստե՞ց գրքի վաճառքին, որևէ էական փոփոխություն մտցրե՞ց այս ոլորտում:

Իհարկե, փաստ է, որ որոշ հրատարակչություններ իրենց թույլ տվեցին հրատարակել կամ վերահրատարակել մեր մեծերի գրքերը: Բայց դա դեռ գրքի համաշխարհային մայրաքաղաք կոչվելուն համարժեք բան չէ: Ավելացան մի քանի գրախանութներ ևս, կազմակերպվեցին «Նվիրենք գիրք» ակցիան ու նման մի քանի երիտասարդական նախաձեռնություններ:

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ

Մեր զրուցակից Վաչագան Գրիգորյանը դեռ !որհրդային Միության տարիներից զվաղվում է հրատարակչությամբ: Ինքն անձամբ երբեք գիրք չի գրել, բայց սիրով համաձայնել է տպագրության հանձնել:

– !որհրդային տարիներին գրքերը նախ լույս էին տեսնում հազարավոր օրինակներով, ու մեծ պահանջարկ էին վայելում: Ամեն ընտանիք իր տան որևէ անկյունում հսկայական գրադարան ուներ: Այսօր հիմնականում նվազել է սերը հատկապես գեղարվեստական գրականության նկատմամբ, մարդկանց պարզապես դա չի հետաքրքրում,- ասում է Վաչագան Գրիգորյանն ու շարունակում,- երիտասարդները հիմնականում գնում են մասնագիտական գրքեր: Անգամ՝ բանասիրական ֆակուլտետներում սովորող ուսանողներին չեն հետաքրքրում նոր լույս տեսած գրքերը: Նրանք էլ, ըստ ծրագրի, ուսումնասիրում են միայն XX դարի գրողների գործերը: Մեր ժամանակների գրողների գործերը մարդկանց չեն հետաքրքրում:

Մեր այն դիտարկմանը, թե մեր գրողները լավ չեն գրում, թե երիտասարդությունն ու ընդհանրապես մարդիկ գիրք կարդալուց հետ են վարժվել, Վաչագան Գրիգորյանն ասում է.

– Գիտեք, այսօր մարդիկ սիրում են կարդալ գեղարվեստական փոքր ծավալի գրքեր: Գեղարվեստական սյուժեն պետք է սկանդալային բնույթ ունենա, կամ ամենաքիչը՝ էրոտիկ տեսարանների նկարագրություններ լինեն: Եթե մեր ժամանակակից գրողները սկսեն սկանդալների հիման վրա ու էրոտիկ տեսարաններ նկարագրելով գրել, ապա հաջողություններ կունենան: Ցավոք, այսօր պահանջարկը սա է: Օրինակ՝ բրազիլացի հայտնի գրող Պաուլո Կոելիոյի «11 րոպե» վեպը մեծ քանակությամբ վաճառվեց: Պատճառը գրքի սյուժեն էր, որ գրավեց մարդկանց, իսկ ասենք` նույն գրողի «Ալքիմիկոսը», որ, կարծում եմ, ավելի հզոր գործ է, մնում է գրախանութներում ու չի վաճառվում:

«Անկախի» այն հարցին էլ, թե արդյոք պատշա՞ճ ներկայացանք աշխարհին, չէ՞ որ գրքի համաշխարհային մայրաքաղաքը Երևանն էր, նշում է.

– Չեմ կարծում: Գիտեք, այսօր անգամ տպագրական առումով շատ առաջ չենք գնացել: Իմ ընկերները Ռուսաստանից եկել էին ու տեսան, որ Սովետական Միությունից ինչ մնացել է, դա է: Անգամ՝ պոլիգրաֆիական ժամանակակից հնարավորություններից չենք կարողանում օգտվել: Օրինակ՝ այն գրքերը, որոնք տպագրվում են պետական պատվերով, ուղղակի կրկնօրինակն են սովետական գրքերի: Իհարկե, չեմ բացառում, որ այսօր ունենք լայն հնարավորություններ բարձրորակ գիրք հրատարակելու համար: Բայց այդ տպարաններում աստղաբաշխական գումարներ են պահանջում, ասենք, 500 օրինակ գիրքը տպագրելու համար:

ՄԻՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր մյուս զրուցակիցը փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Հայաստանի տարբեր բուհերի դասախոս Թամարա Վարդանյանն է: Նա էլ ասում է, որ երիտասարդությունն այսօր անգամ մասնագիտական գրականության հանդեպ սեր չի տածում:

– Դասախոսություններից բացի, ամեն կիսամյակում ուսանողներին գրականության ցանկ եմ տալիս, ասում եմ՝ գրադարաններից վերցրեք, պարապեք, բայց մեկ է, շատ- շատերը բավարարվում են միայն դասախոսություններով: Գիտեք, անգամ իմ գրած գրքերը լսարանում չեմ վաճառում, ասում եմ՝ գրադարաններում կա, կարող եք անվճար վերցնել, կարդալ, բայց տեսնում եմ, որ գնալով դա իրենց չի հետաքրքրում,- ասում է Թամարա Վարդանյանն ու շարունակում,- մասնագիտական գրականությունը հետաքրքրում է միայն մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորող ուսանողներին, որոնք ցանկանում են գիտությամբ շարունակել: Հաճախ եմ ուսանողներին կրկնում Լապլասի խոսքը. «Այն, ինչ մենք գիտենք, սահմանափակ է, այն, ինչ մենք չգիտենք, անվերջանալի է»…

– Տիկին Վարդանյան, իսկ ովքե՞ր են գնում և կարդում ձեր գրքերը, չէ՞ որ դրանք գիտագործնական են, ուսումնական ձեռնարկներ են,- հետևեց մեր հարցը:

– Գիտեք, մեր բոլոր դասախոսների գրքերն էլ կարդում են մեր ընկերները: Ամբիոնի աշխատակիցները, տարբեր բուհերի, ասենք, փիլիսոփայության դասախոսները և այլն: Ուղղակի ափսոսում եմ, որ մի գրքի վրա վատնում եմ 3-4 տարի, և դա ուսանողների կողմից բացարձակ անուշադրության է մատնվում,- նշում է Թամարա Վարդանյանը:

ԿԱՐԴԱԼ ՉԵՆՔ ՍԻՐՈՒՄ

Սմբատ պապը Երևանի երիտասարդական մետրոյի հարակից գետնանցումի ամենաավագ գրավաճառներից է: Ասում է՝ իր միակ գանձերն այստեղ են, չնայած այստեղից էլ են իրենց ուզում վռնդել:

– Մի ժամանակ գիրքը հոգևոր սնունդ էր, մարդիկ պատրաստ էին ժամերով հերթ կանգնել սիրած հեղինակի գիրքն առնելու համար: էսօր դա չկա: Գրքեր ունեմ, որոնք 1990-ականներից չեն վաճառվում,- ասում է Սմբատ պապը:

Մեր այն հարցին, թե որն է պատճառը, ասում է.

– Ես չեմ կարծում, որ էսօր մարդիկ անխելք են դարձել ու գրքերի հանդեպ ոչ մի հետաքրքրություն չունեն: Չէ, դա էդպես չի: Պատճառներից մեկն այն է, որ մարդիկ փող չունեն, լավ չեն ապրում: Իհարկե, միջին աշխատավարձով ապրողների մասին է խոսքը, իսկ հարուստներին գիրքն ընդհանրապես չի հետաքրքրում:

«Անկախի» այն հարցին էլ, թե ինչ գրքեր են հիմնականում մարդիկ գնում, նշում է.

– Ուսանողությունը հիմնականում առնում է մասնագիտական գրքեր, սովորելու, քննություններին պատրաստվելու համար: Բա հիմա էդ ինտերնետն էլ կա, չէ՞, ուսանողության մեծ մասն էլ կոմպյուտերներով է պարապում: Իսկ ընդհանրապես վաճառվում են, մեծ պահանջարկ ունեն կրիմինալ (քրեական) գրքերը, խուժան գրքերը՝ էրոտիկ բովանդակությամբ, ու մի քիչ էլ երևի մանկականը, որ երեխաներին հետաքրքրում է: Այն գրքերը, որոնք արժեք ունեն, ցավոք, այսօր չեն վաճառվում: Այսօր ժողովուրդը գիրք չի կարդում, մենք կարդալ չենք սիրում, նախընտրում ենք խելոք մտքերը: Դրա վառ ապացույցը՝ շատ են առնում աֆորիզմների ժողովածուներ:

ԳՐԱԾ ԳՐՔԵՐ ՈՒՆԵՄ,ԴՐԱՆՔ ԴԵՌ ՉԵՆ ՏՊԱԳՐՎԵԼ

Անի Կիրակոսյանը երիտասարդ գրող է: Դեռ սովորում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Ասում է՝ գրում էր դեռ փոքրուց, սիրում է գրել, բայց ավելի շատ կարդալ:

– Օրական երևի 3-4 ժամ կարդում եմ: Կարդում եմ ոչ միայն հանձնարարված գրականությունը, այլև այն, ինչ ինձ հետաքրքրում է: Դա իմ ճանապարհն է, գիրքն ինձ համար կյանք է: Գրած պատմվածքներ ունեմ, որոնք երբեմն-երբեմն լույս են տեսնում գրական հանդեսներում, ասենք` «Գարունում» կամ «Գրական թերթում», բայց տպագրած գիրք դեռ չունեմ: Իսկ պատճառները շատ են:

– Որո՞նք են այդ պատճառները:

– Նախ՝ տպագրության համար նախատեսված ծախսերի գումարը չունեմ, դա շատ թանկ հաճույք է: Հետո տպագրած գիրքը շատ դժվար կլինի վաճառել, էսօր երիտասարդությունը, մարդիկ գրքեր քիչ են առնում, ուր մնաց գեղարվեստական գիրք առնեն: Ինձ միայն մի քիչ սփոփում են թերթերում ու ամսագրերում լույս տեսած պատմվածքներս,- ասում է Անի Կիրակոսյանը:

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Դիտվել է 1985 անգամ:
Print Friendly

Leave a Reply