ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐ` արի, քաջ ու պատերազմիկ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | April 3, 2013 7:39

Պապ թագավորը (370-374) հայոց պատմության ամենահակասական, միաժամանակ` ամենաչգնահատված գործիչներից է: Փառահեղ մի տիրակալ, որին, սակայն, ժամանակակից պատմիչները, նեղ անձնական և դասակարգային շահերից ելնելով, ջանք չխնայեցին` սևացնելու որպես անհատի, որպես թագավորի և գործչի: Չկա մի հայ պատմիչ, որ անեծքով ու զայրույթով չխոսի Պապ թագավորի մասին` մեղադրելով նրան անգամ համասեռամոլության և բազում այլ ախտերի մեջ: Իսկ արքայի «մեղքը» հայոց պետության անկախության նվաճումն ու ամրապնդումն էր:

Չորրորդ դարում, հայ-պարսկական ծանր ու երկարատև պատերազմի ժամանակ Ներսես կաթողիկոսը, փոխանակ համախմբելու պառակտված հայկական ուժերին, հետ քաշվելով արքունի գործերից, զբաղված էր ավերված եկեղեցիների վերանորոգումով: Այսինքն` հայ եկեղեցին փոխանակ իր միջոցները պետության փրկության գործին նվիրեր, շինարարությամբ էր զբաղված: Նա անգամ բաց ըմբոստության անցավ հայոց Արշակ Բ թագավորի դեմ: Արքայի եղբորորդի Գնելի սպանությունից հետո Ներսես Պարթևն այսպես է դիմում թագավորին. «Կործանում պիտի հասնի ձեզ, Արշակունյաց ցեղդ կխմեք վերջին բաժակը, կխմեք, կհարբեք ու կկործանվեք և այլևս չեք կանգնի:…Դու, Արշակ, որովհետև Կայենի գործը գործեցիր, Կայենի անեծքին գաս, ողջ-ողջ թագավորությունից զրկվես և չարչարանքներ կրես քո Տիրան հորիցդ ավելի և դառն մահվամբ մեծ նեղության մեջ կյանքդ վերջացնես…»:

Եվ չնայած երկիրը կործանման եզրին էր, եկեղեցին բարգավաճում էր, նրա հաստատություններն աճում էին, ընդլայնվում: Բացի այդ, որպես երկրի խոշոր հողատերերից մեկը, հայ եկեղեցին ու Լուսավորչի տոհմը ոչ միշտ էին պետության ու պետականության կողքին կանգնած և հաճախ էին ըմբոստանում` խարխլելով պետականության հիմքերը: Այս ամենը չէր կարող հաշվի չառնել Պապ թագավորը, և նա մի շարք բարեփոխումներ իրականացրեց հայոց պետության կառավարման համակարգում, ինչը եկեղեցու և խավար կղերականության թշնամանքը  հարուցեց:

Մինչդեռ Պապի մասին` որպես երիտասարդ, խելացի և քաջ գործչի, հիացմունքով է արտահայտվում Հայաստանի թշնամի Հռոմեական կայսրության պատմիչը` Ամմիանոս Մարկելլինոսը, որ անգամ դատապարտում է հայոց արքայի չարանենգ սպանությունը: «Այսպիսի անարգ նենգությամբ դյուրահավատությունը խարդավանվեց. օտարականի (Պապ թագավորի) արյունը փրփրելով թափվեց շքեղ սեղանածածկոցների վրա` դեմ հանդիման աստուծո հյուրընկալության ժամանակ …. Այնուհետև ճաշկերույթի մասնակիցները, չափից դուրս հագեցած, բոլորովին սարսափահար եղան և փախան»:

Առհասարակ, հայ եկեղեցական պատմագրությունը ջանք չի խնայել` սևացնելու Պապի կերպարը: Անգամ փորձեր են արվել ներկայացնելու նրան որպես ապօրինածին որդի, ոչ Արշակի և Փառանձեմի որդին: Սակայն այս ամենը անհեթեթություն է: Պատմիչների չարության պատճառը միայն Պապի վարած քաղաքականությունը չէր: Փավստոսը նշում է, որ Փառանձեմը մանկահասակ Պապին նվիրել է դևերին: Հայ կղերական պատմիչները դևեր էին անվանում հեթանոսներին: Հետևաբար Պապ թագավորը  (բնականաբար, նաև Փառանձեմը) մկրտված քրիստոնյա չէր, այլ մայրը նրան կնքել ու դաստիարակել էր հին` հայ-արիական դավանանքով: Դրանով պետք է բացատրել նաև Պապի վարած անհանդուրժող քաղաքականությունը եկեղեցու և առհասարակ ազգակործան նրա քաղաքականության դեմ:

Ինչևէ, Պապ թագավորը ծնվել է մոտավորապես 354-355 թթ.:

Նա գահ բարձրացավ շատ ծանր պայմաններում: Հայ-պարսկական երկարատև պատերազմից հետո պարտված ու ավերված Հայաստանը, որ կորցրել էր իր արքային, թագուհուն ու սպարապետին, դեռ պետք է կարողանար դիմագրավել արտաքին արհավիրքին: Դրա համար կամային, ուժեղ և օժտված առաջնորդ էր պետք: Եվ Պապ թագավորը եղավ այդպիսին, եղավ իր հոր` Արշակ Բ արքայի (350-368) արժանի ժառանգը:

368 թ. Արշակ Երկրորդի գահընկեցությունից և Փառանձեմ թագուհու գերեվարությունից ու ողբերգական մահից հետո ծայրահեղ ծանր իրավիճակ էր ստեղծվել Հայքում: Երկիրը հեծում էր պարսկական տիրապետության տակ: Բոլոր մեծ քաղաքներն ու շեներն ավերված էին, հայ նախարարներն ու եկեղեցին, մյուս կողմից, պառակտում էին կործանման եզրին գտնվող պետությունը: Եվ ահա հռոմեական գերության մեջ գտնվող 18-ամյա պատանին պիտի վերադառնար կործանվող հայրենիք` փրկելու այն:

Թե ինչու էր Պապը հայտնվել Հռոմում, դժվար է ասել: Ուսումնասիրողներից ոմանք հակված են այն տեսակետին, թե նա կրթություն էր ստանում Հռոմում. հազիվ թե. ոչ վաղ անցյալում Հռոմը նենգաբար սպանել էր Արշակ Բ արքայի պատանդ եղբորոդուն` Արտաշեսին, և հազիվ թե հայոց արքան իր միակ զավակին և գահաժառանգին Հռոմ ուղարկեր իր կամքով: Հավանաբար, Պապն այնտեղ էր պատանդի կարգավիճակով:

Պապը 368 թ. Հռոմի օգնական 10000-անոց զորաբանակով, մի քանի հայ նախարարների ուղեկցությամբ վերադարձավ Հայաստան: Նրա մուտքը Հայաստան շռնդալից էր. ամենուր Պապն իր փոքրաթիվ զորաբանակով հալածում ու կոտորում էր ոչ միայն պարսկական բանակները, այլև դավաճանած հայ նախարարներին: Սակայն սկզբնական շրջանում նա անհաջողության մատնվեց և պարսից բանակի հարվածների ներքո ստիպված էր նահանջել և ապաստանել Պոնտոսում` հռոմեական տիրապետության սահմաններում: Այնուամենայնիվ, դրսևորելով կամք ու վճռականություն`  նա կարճ ժամանակամիջոցում կարողացավ ազատագրել երկիրը և պարսկական բանակները վտարել Հայաստանից: Այս գործում նրա աջակիցն էր շնորհաշատ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը:

Սակայն պարսից Շապուհ Երկարակյաց արքան (309-379) հեշտ հանձնվողներից չէր: 371 թ. նա հսկայական բանակով արշավեց Հայաստան: Արշավանքի ժամանակ Շապուհի ուղեկիցն էր հայրենիքը դավաճանած հայ խոշոր նախարարներից մեկը` Մեհրուժան Արծրունին: Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Նպատ լեռան լանջին` Ձիրավի դաշտում: Հզոր բախման արդյունքում պարսկական մեծաքանակ զորքը ջախջախիչ պարտություն կրեց և փախուստի դիմեց: Իսկ Մեհրուժան Արծրունին գերվեց և մահապատժի ենթարկվեց Պապի զորավարներից թագակիր ասպետ Սմբատ Բագրատունու կողմից:

Վտարելով պարսկական զորքերը Հայաստանից` Պապը անցավ երկրի վերազինմանը, վերակազմավորմանը: Նա միավորեց Հայաստանի ծայրագավառները, ամրացրեց հայոց բերդերը:  Նա ծրագիր էր հղացել միավորել երկիրն ու այն վերածել ամուր ռազմաբազայի: Շատ չանցած` հայոց բանակի թվաքանակը հասավ 90.000-ի:

Կարգի գցելով բանակը` Պապը մի շարք բարեփոխումներ իրականացրեց հայոց երկրում: Տեսնելով, որ հայ եկեղեցու տնտեսական հզորությունը մեծ հարված է հասցնում երկրին` նա խլեց եկեղեցու ունեցվածքի յոթ մասից հինգը` հօգուտ պետության և բանակի: Պապը նաև փակել տվեց երկրի կուսանոցները և եկեղեցու տնտեսական հզորությունը թուլացնելով` ստիպեց  հոգևորականությանը աշխատել: Նախկին վանքապատկան հողերն արքան շնորհեց բանակում ծառայող ազնվականությանը: Նա նաև վերացրեց բնակչության` եկեղեցուն տրվող տասնորդն ու պսակի հարկը: Նա փակեց Ներսես կաթողիկոսի հիմնած միաբանություններն ու աղքատանոցները, որոնք քամում էին պետական գանձարանը և ապաստան էին ծառայում բազմաթիվ անբանների համար: Սա, իհարկե, չէր կարող չառաջացնել հոգևորականության զայրույթն ու չէր կարող շարունակական դավադրությունների տեղիք չտալ:

Բանը հասավ նրան, որ հայ կղերական պատմիչներն արքային մեղադրեցին անգամ Ներսես Ա Պարթև կաթողիկոսի սպանության մեջ: Ճիշտ է, արքայի և կղերականության միջև լարվածություն կար, սակայն Պապի դիրքերն ու հեղինակությունն այնքան ամուր էին, որ թագավորն ուղղակի կաթողիկոսին սպանելու կարիքը չուներ:

Ներսեսի մահը առիթ դարձավ, որ երիտասարդ թագավորը նոր, դարակազմիկ փոփոխություն կատարեր հայոց կյանքում: Մինչ այդ հայոց կաթողիկոսներն օծվում էին հռոմեական Կեսարիայում` տեղի եպիսկոպոսի կողմից, և, բնականաբար, հայոց եկեղեցին կախման մեջ էր Կեսարիայի մետրոպոլիտից: Պապ թագավորը խախտեց այդ կարգն ու նորընծա կաթողիկոսին` Հուսիկին, օծել տվեց որպես ամենայն հայոց կաթողիկոս հենց Հայաստանում` դրանով իսկ անկախացնելով հայոց եկեղեցին օտար ազդեցությունից: Անգամ այս քայլը չսթափեցրեց ժամանակի հայ կղերական պատմիչներին, որոնք շարունակաբար սևացնում էին Պապի դիմագիծը: Պատմիչները թշնամանքով ընդունեցին Պապի այս քայլը ևս, քանզի նա դրանով Հայաստանում վերջ էր դնում ոչ հայկական ծագմամբ Լուսավորչի տան գերիշխանությանը հոգևոր կյանքում և կաթողիկոսական գահին էր բազմեցնում հին հայկական քրմական դասից Աղբիանոսի տոհմի ներկայացուցչին` ցանկանալով ազգայնացնել հայ եկեղեցին:

Պապ թագավորի այս քայլերը սոսկ հայաստանյան կյանքին չէին վերաբերում: Սրանով Պապը Հռոմին հստակ ազդարարեց, որ վարելու է անկախ քաղաքականություն, ինչը, իհարկե, չէր մտնում Հռոմի նկրտումների մեջ: Պատմիչներն ակնարկում են, որ անգամ Իրանի ահեղ տիրակալ Շապուհն էր Պապի բարեկամությունը որոնում և դաշինք առաջարկում` որպես դաշինքի հիմք առաջարկելով իր դստեր ձեռքը: Դա կլիներ արևելքում Հռոմի գերիշխանության վերջը: Եվ ահա հռոմեական նենգ դիվանագիտությունը գործի է անցնում: Պապին գերելու նպատակով Վաղես կայսրը, Հայաստանում հռոմեական բանակի հրամանատար Տերենտիանոսի խորհրդով, հրավիրում է Կիլիկիայի Տարսոն քաղաք: Պապը գնում է, սակայն դավադրության հոտն առնելով` իր 300 հոգանոց թիկնազորով կարողանում է խույս տալ: Դրանից հետո հայ-հռոմեական հարաբերություններն ավելի են սրվում: Պատմիչներն ակնարկում են, որ Պապն անգամ Հռոմի դեմ պահանջ է դնում հետ վերադարձնել իր տիրապետության տակ գտնվող Փոքր Հայքի հողերը:

Սակայն, ցավոք, հայոց արքայի ծրագրերը դատապարտված էին ձախողման: Երիտասարդ թագավորը խիզախ ու քաջ էր,  բայց և անփորձ: Փոխանակ Հայաստան վերադառնալուց հետո սրի քաշելու Հայաստանում գտնվող հռոմեական զորաբանակը` նա փորձեց բանակցություններ վարել Հռոմի հետ: Վաղեսը Պապի  դեմ դավադրության մեղքը գցեց Տերենտիանոսի վրա, նրան հետ կանչեց Հայաստանից և փոխարինեց Տրայանոսով, որն իր նախորդից տարբերվում էր, թերևս, ավելի առավել նենգությամբ ու խարդախությամբ:

Հռոմեական զորաբանակը Հայաստանից հանելու կապակցությամբ բանակցություններ վարելու նպատակով նա իր մոտ է հրավիրում հայոց երիտասարդ արքային: Պապը Տրայանոսի մոտ է գնում փոքր շքախմբով: Եվ նենգ հռոմեացին հյուրասիրության սեղանի շուրջ դավադրաբար հեղում է երիտասարդ արքայի արյունը:

Պապի սպանությունից հետո, Փավստոսի հավաստմամբ, հայոց նախարարները հավաքվում են և որոշում վրեժխնդիր չլինել թագավորից, այլ հնազանդ ծառայել հույներին, քանզի պարսիկները հեթանոս էին, և պատերազմել հույների դեմ, նշանակում էր դաշնակցել հեթանոս պարսիկների հետ: Կարծում եմ, այս որոշման մեջ պակաս կարևոր չէր նաև Պապի դավանանքը. ոչ քրիստոնյա, թեկուզև ազգանվեր ու հզոր պետականաստեղծ գործչի, թագավորի համար հայ նախարարներն ու հոգևորականությունը չպայքարեցին, այլ հլու-հնազանդ ընդունեցին հռոմեական դրածո Վարազդատ Արշակունուն: Ամեն դեպքում, հայ նախարարների և կրոնավորների կրավորական վերաբերմունքից պետք է ենթադրել, որ հայ հունասեր ազնվականությունն ու եկեղեցին նախապես տեղյակ էին դավին և այդ առումով համագործակցում էին հռոմեացիների հետ:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 12761 անգամ:
Print Friendly

    Leave a Reply