Ինչքա՞ն կարելի է մարզասերների նյարդերի հետ խաղալ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | March 27, 2013 13:32

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Եվրոպական B խմբում ընդգրկված մեր երկրի ընտրանին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում 0:3 հաշվով զիջեց Չեխիայի ներկայացուցիչներին: Փաստորեն,  մերոնք կորցրին խմբից դուրս գալու համար պայքարելու բոլոր հույսերը: Մեր թիմն  անցկացրած 4 խաղից երեքում պարտվել է, և սոսկ նվազագույն հաշվով (1:0) առավելության է հասել բոլոր խաղերը տանուլ տված խմբի ամենաթույլ մրցակցի` Մալթայի հավաքականի նկատմամբ:

Ուշագրավ է, որ Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը պետք է ազատեր զբաղեցրած պաշտոնը, եթե նրա թիմը հյուրընկալվելիս պարտվեր, կամ էլ ոչ-ոքի ավարտեր խաղը: Փաստորեն, այդ մասնագետը փրկվեց, խուսափեց անախորժությունից: Ինչ վերաբերում է նրա գործընկերոջը`Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանին, ապա, ունենալով մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ, նա կրկին չկարողացավ ցանկալի արդյունքի հասնել, իսկ ընդհանրապես ձախողեց Հայաստանի հավաքականի մասնակցությունը ընթացիկ մրցաշարում:

Թվում է, թե ստեղծված իրավիճակում Մինասյանին կարող է փրկել միայն հրաժարականը, պատվով հեռանալը, սակայն ինչպես երևում է, մասնագետն այդ մասին չի էլ մտածում: Ավելին, Հայաստան- Չեխիա հանդիպումից հետո լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նա ասաց. «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Բրազիլիա ենք գնալու: Երբևէ ինձնից նման բան լսե՞լ եք: Համենայն դեպս, մենք մեր առջև խնդիր չենք դրել, որ անպայման Բրազիլիայի ուղեգիր ենք ձեռք բերելու»: Նա հայտարարեց, որ թեև լավ արդյունք չկա, բայց  գոհ է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մրցելույթից, անգամ Տարոն Ոսկանյանի խաղից: Հիշեցնենք, որ  երիտասարդ այս պաշտպանն անսպասելիորեն էր հայտնվել Հայաստանի հավաքակնում, և իր նորամուտը նշեց տխուր անակնկալներով: Նա կոպիտ երկու սխալ թույլ տվեց, որից հետո գնդակը երկու անգամ հայտնվեց մեր թիմի դարպասում: Փոխարենն իր կարողությունները դրսևորելու հնարավորություն այդպես էլ չստացավ Մոլդովայի բազմակի չեմպիոն «Շերիֆի» կազմում խաղացող 20-ամյա պաշտպան Արտյոմ Խաչատուրովը, որը հրաժարվել էր Մոլդովայի ազգային հավաքականում խաղալու առաջարկն ընդունելուց:

Ի դեպ, մեր թիմի կազմում մարտական տրամադրվածությամբ թերևս միայն առանձնանում էին Յուրա Մովսիսյանը և Մարկոս Պիզելին: Իսկ Հենրիխ Մխիթարյանը, որի մասին հատկապես վերջին շրջանում  շատ է խոսվում, մի տեսակ կաշկանդված էր իր գործողություններում, հաճախակի սխալներ էր թույլ տալիս և կրկին իր խաղով չարեց այն, ինչը նրանից սպասում են: Ինչ խոսք, խաղի «դիրիժորը» մարզիչն է, և նրա որոշումներից, հանձնարարականներից շատ բան է կախված:

Անկասկած, ցանկալի է, որ մեր երկրի ազգային հավաքականը տեղացի մասնագետ գլխավորի: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանն էլ դա ձեռնտու է, քանի որ «էժան է նստում»: Բայց ինչքա՞ն կարելի է մարզասերների նյարդերի հետ խաղալ:

Կասկած չկա, որ Մինասյանն իր գլխից վեր չի կարող ցատկել: Նա ի վիճակի չէ այնպիսի թիմ գլխավորել, որը կարող է առճակատել եվրոպական ուժեղագույն հավաքականների հետ: Ուստի պետք է առավել արժանավոր մեկին հրավիրել: Այլ հարց է, թե դա ինչպես պետք է արվի:

Հավելենք, որ հերթական տուրում B խմբի մյուս խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Մալթա – Իտալիա` 0:2: Դանիա – Բուլղարիա` 1:1:

Խմբի առաջատարն Իտալիայի հավաքականն է` 13 միավոր: Ապա հաջորդում են Բուլղարիայի (10), Չեխիայի (8), Դանիայի (6), Հայաստանի (3), Մալթայի (0) ներկայացուցիչները:

Դիտվել է 1965 անգամ:
Print Friendly

Leave a Reply