Ո՞րն է հայկական վոլեյբոլը փրկելու դեղատոմսը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | March 31, 2013 7:30

Հայկական վոլեյբոլը երկար ժամանակ է, ինչ տխուր վիճակում է: Չունենք այնպիսի հավաքականներ, որոնք ի վիճակի լինեն, առանց խայտառակելու  Հայաստանի պատիվը, հանդես գալ եվրոպական տարբեր տարիքային խմբերի առաջնություններում: Չկան բարձր խաղամակարդակ ունեցող ակումբային թիմեր: Երևույթ է համարվում, երբ մերոնք որևէ միջազգային մրցաշարի են կարողանում մասնակցել: Օրերս, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական ակումբի տղամարդկանց հավաքականը հանդես է եկել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում   կազմակերպված միջազգային մրցաշարում: Թե ինչպես է դա հաջողվել, խնդրեցինք պարզաբանել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, ՖԻՄԱի գլխավոր մարզիչ Կարեն Ասմարյանին:

 – Դա իմ նախաձեռնությամբ է արվել: Դեկտեմբերից  Վրաստանի վոլեյբոլի ֆեդերացիայում  էական տեղաշարժեր են կատարվել` կազմակերպության նախագահը և գլխավոր քարտուղարը  նախկին վոլեյբոլիստներ են, մարզչական աշխատանքով են զբաղվել: Նրանց խնդրեցինք, որ մրցաշար կազմակերպեն և մեր երկրից էլ թիմ հրավիրեն: Այսպես, Վրաստանի 3 լավագույն թիմերի` Թբիլիսիի, Կվարելայի, Վրաստանի պոլիտեխնիկական համալսարանի հավաքականի ու ՖԻՄԱ-ի մասնակցությամբ մրցաշար անցացվեց: Իսկ ֆինանսական խնդիրները լուծելու հարցում աջակցել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը: Ի վերջո, զբաղեցրինք 2-րդ տեղը` վճռական խաղում 1:3 հաշվով զիջելով Թբիլիսիի հավաքականին: Ընդ որում, մեր մրցակիցներին ոչ միայն տան պատերն օգնեցին, այլև մրցավարները: Իսկ Կվարելայի և ՎՊՀ-ի հավաքականներին հաղթեցինք միևնույն 3:0 հաշվով: Կարևորն այն է, որ մեր երկրի վոլեյբոլիստները կարողացան միջազգային մրցաշարում փորձել իրենց կարողությունները, սեփական ուժերի նկատմամբ վստահություն ձեռք բերել: Ինքս` որպես մարզիչ, իմ սաների մրցելույթից գոհ եմ: Առաջիկայում նրանց նոր փորձություն է սպասում մարտի 31-ին Երևանում մեկնարկելիք Հայաստանի վոլեյբոլիստների առաջնությունում:

 Մե՞ծ է մասնակիցների թիվը:

-Նախնական տվյալներով` պայքարի ոլորտ են ներգրավվելու ՖԻՄԱ-ն, Գորիսի «Լեռ-Էքսը», Արամավիրի, Ստեփանակերտի, Երևանի բժշկական համալսարանի և «Դինամոյի» հավաքականները:

 Ի՞նչ է սպասում չեմպիոնին: Ինքնանպատակ չի՞ դառնում Հայաստանի առաջնությունը, երբ հաղթողը եվրոպական ակումբային գավաթային ստուգատեսի չի մասնակցում:

– Թերևս այդպես է ստացվում, բայց առաջնությունում լարվածություն կլինի: Վերջին տարիներին պայքարին սրություն է հաղորդում Ստեփանակերտի հավաքականի մասնակցությունը: Այդ թիմի կազմը հիմնականում համալրել են ՖԻՄԱ-ի նախկին խաղացողները, որոնք բանակ զորակոչվելուց հետո համալրել են Ստեփանակերտի թիմի կազմը:

 Կարելի՞ է ասել, որ առաջնության հաղթողը կանխորոշված է` ՖԻՄԱն հերթական անգամ կդառնա Հայաստանի չեմպիոն:

– Ոչ: Նախորդ առաջնության փորձը ցույց է տվել, որ ՖԻՄԱ-ն և Ստեփանակերտի հավաքականը հավասար ուժեր ունեն: Մյուս թիմերն էլ  արժանի մրցակիցներ են, և անկանխատեսելի արդյունքներ են գրանցվում, քանի որ բոլորի կազմերում էլ երիտասարդ վոլեյբոլիստները շատ են: Փաստն այն է, որ վերջին  7 տարիներին ՖԻՄԱ-ն անփոփոխ դարձել է Հայաստանի չեմպիոն:

 Հայկական թիմերում հանդես եկող խաղացողները պրոֆեսիոնա՞լ են, իրենց աշխատանքի դիմաց վարձատրվո՞ւմ են:

– Նրանց չի կարելի պրոֆեսիոնալ անվանել, սակայն հովանավորները որոշ պարգևավճարներ տրամադրում են:

 Կանանց վոլեյբոլը մեր երկրում ի՞նչ վիճակում է:

– Հայաստանի առաջնությանը մասնակցելու է չորս թիմ: Այն մեկնարկելու  է տղամարդկանց երևանյան մրցաշարի ավարտից հետո: Խաղալու են Երևանի «Նժդեհը», Սիսիանի, Ստեփանակերտի հավաքականները և Երևանի նորաստեղծ մեկ թիմ: Սիսիանի, Ստեփանակերտի հավաքականներում լավ խաղացողներ կան, «Նժդեհում» սերնդափոխություն է կատարվում: Այդուհանդերձ, բոլոր թիմերի խաղացողներին պակասում է մրցակցային փորձը: Վերջին երկու տարին խաղամակարդակն իջել է: Կանանց վոլեյբոլում մի փոքր այլ է: Երբ աղջիկները հասունանում են, ոմանց հայրերը չեն թողնում` խաղան, մյուսներին էլ արգելում են ընկերները: Իսկ երբ մարզուհիներն ամուսնանում են, ընդհանրապես թողնում են ակտիվ սպորտը: Այդ է պատճառը, որ վոլեյբոլիստուհիների թիմերն էլ համեմատաբար քիչ են:

 Իսկ բանակային ծառայությունը չի՞ խանգարում վոլեյբոլիստների տղամարդկանց թիմերին:

– Վերջին տարիներին զինվորական վոլեյբոլիստները Ստեփանակերտի հավաքականում հանդես գալու հնարավորություն ունեն: ԼՂՀ ՊՆ փոխնախարարն Արցախի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահն է: Եվ զինծառայություն անցնող մեր լավագույն վոլեյբոլիստները կարողանում են խաղալ:

 Շուրջ երեք տարի է` Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ղեկը ստանձնել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Սկզբում մեծ հույսեր էին կապում, որ նրա այդ պաշտոնը զբաղեցնելը բեկումնային կարող է դառնալ, բայց էական փոփոխություններ չեն նշմարվում, ավելին, նրա աշխատանքից մասնագետներից ոմանք սկսել են ակնհայտորեն դժգոհել:

– Սկզբում ամեն ինչ տեղը-տեղին արվեց: Ֆեդերացիայում համապատասխան հանձնաժողովներ ստեղծվեցին, բայց  միահամուռ աշխատանք չստացվեց: Դժվարանում եմ ասել, թե ինչու բան դուրս չեկավ: Թերևս աշխատանքի բաշխման հարցերում սխալներ եղան: Թիմը, որը պետք է ստեղծվեր, ստանձներ գործի ծանրությունը, ավելի շուտ փլուզվեց: Ինքս  ֆեդերացիայում գիտական գծով եմ ղեկավար և դժվարանում եմ ասել, թե ինչու ամեն ինչ ցանկալի հունով չի ընթացել: Թերևս ֆեդերացիայի նախագահությունը ճիշտ չկազմավորվեց, և այդ է պատճառը, որ աշխատանքը չստացվեց: Ֆեդերացիայի նախագահը զբաղված է: Ներկայում ամբողջ աշխատանքը համակարգում է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռազմիկ Սուլթանյանը. ֆինանսական, միջոցառումների անցկացում, կազմակերպչական և այլ հարցեր:

 Խաչատրյանը քանիցս հայտարարել է, որ բոլոր հարցերում ինքը լիովին վստահում է գլխավոր քարտուղարին: Ստացվում է, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, բայց հակամարտություն էլ չկա:

– Լռությունն էլ դժգոհության ձև է: Առայժմ միահամուռ աշխատանք չի նկատվում:

 Սպորտի զարգացման համար մեծ ֆինանսներ են պահանջվում, ներդրումներԴրանք կա՞ն:

– Առանց դրանց հնարավոր չէ մեր երկրում վոլեյբոլը զարգացնել: Աջակցության կարգով Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան պետությունից 8 մլն դրամ է ստանում, որը բավարար կարող է լինել մեկ միջոցառում կազմակերպելու համար: Ընդ որում, Հայաստանում ունենք նաև լողափնյա վոլեյբոլ, որը չկորցնելու համար նույնպես ֆինանսներ են ծախսվում: Համեմատության համար նշեմ, որ Վրաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի տարեկան բյուջեն ներկայումս 180 հազար դոլար է: Բացի այդ, այդքան էլ հատկացվում է լրացուցիչ, որպեսզի Վրաստանի ներկայացուցիչները լավագույնս նախապատրաստվեն 2015-ին իրենց երկրում կազմակերպվելիք «Եվրոպայի երիտասարդական օլիմպիական օրեր» փառատոնի ծրագրով վոլեյբոլիստների և վոլեյբոլիստուհիների մրցաշարերին: Ինչպե՞ս կարող ենք ոտք մեկնել մեր հարևանների հետ:

 Հայաստանը մասնակցելո՞ւ է այդ ստուգատեսին:

– Շատ ցանկալի կլիներ, բայց տեղեկություն չունեմ: Նախ` անհրաժեշտ է ընտրական մրցումների մասնակցել և այդ իրավունքին արժանանալ: Վրաստանի` որպես այդ ստուգատեսի կազմակերպիչ երկրի ներկայացուցիչներն այդ հոգսից ազատ են:

 Ինչպե՞ս ստացվեց, որ Խաչատրյանը դարձավ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ:

– Սուլթանյանը և Գոռ Ալեյանն էին կապվել նրա հետ, առաջարկել, որ ստանձնի ֆեդերացիայի ղեկը: Խաչատրյանը համաձայնվել էր: Հույս կար, որ կլուծվեն նաև ֆինանսական խնդրները, բայց ինչպես երևում է, այդպես չէ:

 Փաստորեն, տեղաշարժ այդ առումով չի նշմարվում, Խաչատրյանն էլ ցանկանում է մնալ իր դիրքում, հրաժարական չի տալիս:

– Այդպես է ստացվում: Խնդիրը միայն երբեմն-երբեմն դրսում մրցումների մասնակցելը չէ: Դրանով հարցերը չեն լուծվի: Հայաստանում վոլեյբոլ զարգացնելու համար անհրաժեշտ է` թեկուզ տարվա ընթացքում 1-2 մրցաշար կազմակերպվի, դրսից էլ մասնակիցներ հրավիրվեն: Դա զգալիորեն կաշխուժացնի վիճակը:

 Ֆեդերացիայի նախագահության նիստերում ծառացած հարցերը չե՞ն քննարկվում: Հնարավոր չէ՞ ղեկավարին հրավիրել և բաց խոսակցություն ծավալել:

– Թերևս, ֆեդերացիայի նախագահը շատ զբաղված է, ժամանակ չի կարողանում դրա համար գտնել: Նախագահության նիստը, որին վերջին անգամ մասնակցել է Խաչատրյանը, հրավիրվել էր 2011-ի դեկտեմբերին: Հետո նախագահության անդամները մի քանի անգամ, առանց նրա ներկայության, հավաքվել են: Խորհրդակցության նման մի բան է անցկացվել, որից նախագահության անդամների 30-40 տոկոսը բացակայել է: Անգամ նախագահի տեղակալը չի հրավիրվել: Իսկ հիմնախնդիրների մասին միշտ էլ կարելի է բարձրաձայնել:

 Իսկ ինչո՞ւ այդպես չէ: Ո՞րն է դեղատոմսը:

– Ֆեդերացիայում հնից եկող խմորումներ կան: Ոմանք նախկինում հաշիվներ են ունեցել, վիրավորվածություն, և այժմ էլ դա շարունակվում է: Կա՛մ պետք է հավաքվել և վերջ տալ այդ ամենին, կա՛մ էլ բոլոր այդ անձինք պետք է մի կողմ քաշվեն և թողնեն, որ նոր սերնդի ներկայացուցիչներն աշխատեն նորովի:

Դիտվել է 2536 անգամ:
Print Friendly

Leave a Reply