Քաղաքական ուժերը հստակեցնում են, թե ինչ կարգախոսով են գնալու Երեւանի ավագանու ընտրություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 28, 2013 12:49

Հայաստանի հանրապետական կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում ունենալու է 400-ից ավելի նախընտրական շտաբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ով ավագանու ընտրություններում գլխավորելու է ՀՀԿ նախընտրական շտաբը: Շարմազանովի խոսքով` իրենց կարգախոսը հստակեցման վերջին փուլում է և կհրապարակվի քարոզարշավի մեկնարկին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ իրենց նախընտրական շտաբը գլխավորելու է Աբրահամ Մանուկյանը, ով զբաղեցնում է համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը: Զոհրաբյանը նաև նշեց, որ քարոզչական մասով պատասխանատուն լինելու է ինքը: «Կարգախոսն արդեն պատրաստ է, բայց հարկ չենք համարում այն հրապարակել, քանի որ քարոզարշավը դեռ չի մեկնարկել»,- ասաց Զոհրաբյանը: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ ԲՀԿ-ի շտաբերի թիվն այժմ 160 է, բայց դեռ ավելացումներ կլինեն:

Հայ ազգային կոնգրեսի նախընտրական շտաբը կգլխավորի ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության ղեկավար Զոյա Թադեւոսյանը: «Կարգախոսն ու ծրագիրը դեռ մշակման փուլում են, իսկ նախընտրական շտաբեր ունենալու ենք բոլոր 13 ընտրատարածքներում»,- ասաց Թադևոսյանը:

«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի ՕԵԿ պատգամավոր Խաչիկ Հարությունյանը: ՕԵԿ-ի կարգախոսը եւս քննարկման փուլում է, իսկ նախընտրական շտաբերը կլինեն շուրջ 50-ը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Առաքելություն» կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը հայտնեց, որ իրենց նախընտրական շտաբը միանձնյա ղեկավար չի ունենա, ինչպես միանձնյա ղեկավար չունի նաեւ իրենց կուսակցությունը: «Մեծաքանակ շտաբեր ունենալու հավանակություն չկա, հիմնականում լինելու է տարբեր խմբերի կոորդինացված աշխատանք»,- ասաց Սուքիասյանը` հավելելով, որ ունեն մի քանի կարգախոս, սակայն դեռ չեն կողմնորոշվել, թե որն են ընտրելու:

Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական շտաբը կգլխավորի ՀՅԴ ցուցակի երկրորդ համարի թեկնածու Աղվան Վարդանյանը: ՀՅԴ-ի կարգախոսը լինելու է «Երևան, փոխի’ր Հայաստանը», իսկ նախընտրական շտաբերը կստեղծվեն ըստ անհրաժեշտության:

«Բարեւ, Երեւան» դաշինքի նախընտրական շտաբը կգլխավորի Գագիկ Բաղդասարյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ընտրություններում ցուցակը գլխավորող «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը: Նա նաև նշեց, որ կարգախոսների հարցը դեռ քննարկվում է: Նա նաեւ նշեց, որ նախընտրական շտաբերի հետ կապված հնարավոր է` լինեն «հետաքրքիր լուծումներ»:

Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին, որտեղ քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար: Ընտրություններում կգործեն 464 ընտրական տեղամասեր: Նախագահական ընտրությունների համեմատ, որի ժամանակ Երևանի ընտրատեղամասերի թիվը 469-ն էր, հիմա թիվը փոքրացել է՝ պայմանավորված նրանով, որ ընտրատեղամաս չի բացվելու երեք քրեակատարողական հիմնարկում և Քանաքեռ-Զեյթուն և Նուբարաշեն համայնքներում:

Սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը:
Համաձայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի` ընտրական ցուցակները կգրանցվեն մինչև մարտի 31-ը: Քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 7-ին:

Դիտվել է 1753 անգամ:
Print Friendly

Leave a Reply