Հայ-թուրքական խզված կամուրջը իրարից կտրել է երկու հասարակություն. Ռագըփ Զարաքօլու

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 27, 2013 22:09

«Անկախ»-ը հաղորդում է, որ այսօր Արևմտահայոց ուսումնասիրությունների կենտրոնում նշանավոր թուրք մտավորական, գրող, մարդու իրավունքների պաշտպան, «Բելգե» հրատարակչության տնօրեն Ռագըփ Զարաքօլուն հանդիպեց լրագրողների հետ: Հանդիպման ժամանակ նա խոսեց հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիայում տիրող մթնոլորտի մասին:
«Թուրքիան ու Հայաստանը հարևան երկրներ են, սակայն իրարից այնքան հեռու են, որքան երկիրը լուսնից: Անիի մոտ քանդված մի կամուրջ կա, որի վրա կանգնած լուսանկար ունի նաև լուսահոգի Հրանտ Դինքը: Թուրքերը վախենում են այդ կամուրջի վերականգնումից: Այդ կամուրջը այնպես է խզվել, որ իրարից կտրվել է ոչ միայն երկու երկիր, այլ նաև երկու հասարակություն»,-նշեց Զարաքօլուն:
Թուրք մտավորականը խոսեց նաև Թուրքիայում հայ հեղինակների գրքերի հրատարակման սակավության խնդրի մասին: «Թուրքիայում հայ գրականության սով կա, միայն «Արաս» հրատարակչությունն է, որ զբաղվում է հայ հեղինակների ստողծագործությունների թարգմանությամբ և տպագրությամբ: Բայց դա շատ քիչ է, նրանք չեն կարող ամեն ինչ հասցնել: Երբ համեմատում ես, թե թուրք հեղինակների որքան գործեր են հայերեն թարգմանվել, ուղղակի ամաչում ես, որ մենք նույնը չենք անում, անհավասարությունը մեծ է: Օրինակ՝ Գևորգ Էմինը թարգմանել է Նազըմ Հիքմեթի գործերը»,-ասաց Զարաքօլուն, նշելով, որ թուրքական պետական քարոզչամեքենան մերժում է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ նաև հայ գրականությունը:
Ռագըփ Զարաքօլուն այս անգամ Հայաստան է այցելել «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակներում նա հինգ օր անցկացրել է նաև Լեռնային Ղարաբաղում՝ նպաստելու համար նրա միջազգային ճանաչման գործընթացին: «Ղարաբաղի հարցը նման է Քրդական հարցին: Ես որպես թուրք, ընդունում եմ քրդերի ինքնորոշման իրավունքը: Նույն պատկերն է նաև ղարաբաղյան հարցում: Նույնիսկ մեկ ընտանիքում անհաշտության դեպքում մարդիկ իրավունք ունեն բաժանվել»,-նշեց թուրք մտավորականը:
Խոսելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և թուրք հասարակության ներսում կատարվող խմորումների մասին՝ Զարաքօլուն նշեց. «Թուրքիայում գնալով ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր հարց են տալիս՝ լավ, իրականում ի՞նչ է եղել: Դժբախտաբար մեր երկրում ցեղասպանության ժխտողականությունը փոխանցվում է սերունդներին: Ոչ ոք չպետք է կարծի, թե հայ ժողովուրդը և նրա բարեկամները երբևէ կմոռանան կատարվածը: Ամեն դեպքում հնարավոր չէ հեշտությամբ վերականգնել նախկինում եղած եղբայրությունը»: Զարաքօլուն հավելեց նաև, որ հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման ու բարելավման համար կարևոր է անկեղծությունն ու բաց լինելը:

Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է 1603 անգամ:
Print Friendly

Leave a Reply