Կարևորվել են անչափահասների հետ տարվող, ինչպես նաև ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված աշխատանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 27, 2013 20:18

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ստորաբաժանումների ղեկավարների և Երևան քաղաքի վարչական շրջաների ղեկավարների համատեղ խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա է եղել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը:
Ողջունելով ներկաներին և կարևորելով Երևանի քաղաքապետարան-ոստիկանություն գործակցությունը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկանշել է համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունն ու համատեղ ծրագրերում նաև հասարակական կազմակերպությունների առավելագույն ներգրավման անհրաժեշտությունը:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետն իր հերթին, կարևորելով տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի հետ փոխգործակցության անհրաժեշտությունը և ընդգծելով այդ համատեքստում հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը, նշել է, որ ոստիկանությունն իր հերթին պատրաստ է օրենքով վերապահվված իր լիազորությունների շրջանակում ըստ ամենայնի աջակցել քաղաքապետարանի ծրագրերի ու միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը: Ներսես Նազարյանը նաև նշել է որ ՀՀ ոստիկանապետի օրերս արված կարգադրության համաձայն՝ այսուհետ անչափահասների հետ տարվող աշխատանքներին զուգահեռ, առավել խիստ ուշադրություն է դարձվելու ընտանեկան բռնությունների ու դրանց կանխարգելման խնդիրներին: Կարգադրության կատարման պատասխանատվությունը դրված է անձամբ ոստիկանության տարածքային բաժինների պետերի վրա:
Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ ոստիկանության հետ համագործակցության և համապատասխան ստորաբաժանումների սերտ աջակցության արդյունքում հաջողությամբ իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և հայ-դանիական <> բարեգործական հիմնադրամի համատեղ անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանի տրամադրման ծրագիրը, որի արդյունքում ժամանակավոր կացարան է տեղափոխվել ընդհանուր թվով 152 անօթևան: Պրոֆիլակտիկ տարբեր միջոցառումների արդյունքում նրանցից 30-ը ընտանիք է վերադարձել: 20 անօթևան աշխատանք է ձեռք բերել և նորմալ կյանք է վարում, ևս 15-ը հաշվառված են զբաղվածության կենտրոնում: Ոստիկանության անմիջական աջակցությամբ վերականգնվել են 10 անօթևանի անձնագրերը, ևս 8-ը օրերս կստանան իրենց վերականգնված փաստաթղթերը:
Ոստիկանության հետ համատեղ զգալի աշխատանք է տարվել նաև մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ և բռնության ենթարկված երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության ուղղությամբ։ Հատկապես ակտիվ է եղել համագործակցությունը Երևան քաղաքում մուրացիկ, թափառաշրջիկ երեխաների հայտնաբերման, անչափահասների կողմից իրավախախտումների կանխարգելման ուղղությամբ։ Ոստիկանության բաժինների անչափահասների բաժանմունքների տեսուչների հետ համատեղ ոչ միայն կազմակերպվել են մուրացիկ, թափառաշրջիկ և իրավախախտ երեխաների կողմնորոշման հետ կապված հարցերի քննարկումներ, այլև կազմակերպվել է նրանց վերադարձը ընտանիք, տեղավորվել են մանկատներում, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում։
Գենդերային բռնության նվազեցման ու կանխարգելման, ճանաչման, ուղղորդման անհրաժեշտ ընթացակագերի հստակեցման նպատակով Երևան քաղաքի ոստիկանության բաժինների անչափահասների բաժանմունքների տեսուչների հետ կազմակերպվել են հանդիպում-քննարկումներ:
Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության և ՀՀ ոստիականության անչափահասների գործերով բաժինների միջև համագործակցության մասով կազմվել է համատեղ միջոցառումների պլան և կատարման ժամանակացույց, որի շրջանակում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ՝ այդ թվում ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների կողմից անցկացվող դասեր, մրցույթներ, վիկտորինաներ և այլն:
Խորհրդակցության վերջում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նման հանդիպումներն այսուհետ պարբերական բնույթ կկրեն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply