Ներկայացվել են Երևանի քաղաքապետարանի 2013թ. մշակութային ծրագրերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 27, 2013 19:52

Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի կողմից 2013 թվականին նախատեսված մշակութային ոլորտում նախատեսված աշխատանքներն ու ծրագրերը:
Արամ Սուքիասյանը նշել է, որ գարնանային միջոցառումների շրջանակում մարտի 20-ից մեկնարկել է աշակերտների գեղագիտական զարգացմանն ուղղված “Մշակութային գարուն”ծրագիրը, որի շրջանակում հանրակրթական և ավագ դպրոցների ավելի քան 35 հազար դպրոցականներ հնարավորություն կունենան մայրաքաղաքի մի շարք մշակութային օջախներում ներկա գտնվել դպրոցական ծրագրերին համահունչ համերգների, նաև ներկայացումներ ու ֆիլմեր դիտել: “Մշակութային գարունը”շարունակվելու է մինչև հունիսի 1-ը, աշակերտների մշակութային օջախներ այցելությունների տոմսերի ծախսը քաղաքապետարանն է հոգացել:
“Ծրագրի շրջանակում աշակերտները կմասնակցեն նաև”Դպրոցականի ֆիլհարմոնիայի” դասընթացներին, որտեղ բանախոսները, նախքան բուն միջոցառումը, ներկայացնում են տվյալ ստեղծագործության մասին մանրամասներ, ծանոթացնում երեխաներին երաժշտական ժանրերին ու ազգային նվագարաններին: Ֆիլմերի ու ներկայացումների դեպքում էլ ռեժիսորների ու դերակատարների հետ շփվելու կամ նրանց մասին ավելին իմանալու հնարավորություն կունենան: Ընտրված ինտերակտիվ այս ձևաչափը յուրօրինակ ուսուցողական բնույթ է կրում, և կարծում եմ ծրագիրն, իսկապես, կծառայի իր նպատակին”,- նշել է Արամ Սուքիասյանը:
Կրկեսի շենքի վերակառուցմամբ պայմանավորված ` ապրիլի 1-ին Աջափնյակ, Ավան, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններում նախատեսվում է անցկացնել բացօթյա միջոցառումներ` աճպարարների, ձեռնածուների և կրկեսային 20 այլ արտիստների մասնակցությամբ:
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, ինչպես և մարտի 8-ին, մայրաքաղաքի տարբեր հատվածներում կանցկացվեն տարատեսակ միջոցառումներ: Այդ օրը, որպես յուրօրինակ նվեր, կվերագործարկվեն երևանյան շատրվանները: Մշակութային մի շարք միջոցառումներ կանցկացվեն ապրիլի 20-ին, երբ կամփոփվի Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ անցկացված միջոցառումների տարին:
“Ապրիլի 29-ին` պարի միջազգային օրը, կունենանք համաքաղաքային միջոցառումներ պարարվեստի գործիչների մասնակցությամբ: Կունենանք նաև բավական մեծ դիսկոտեկ, ուր ոչ միայն պրոֆեսիոնալները մասնակցություն կունենան, այլ նաև մեր երիտասարդությունն ինքը պարզապես մասնակից կդառնա պարարվեստին”,- նշել է Արամ Սուքիասյանը:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ապրիլի 30-ին Երևանում մեծ շուքով կնշվի նաև ջազի միջազգային օրը: Մայիսի մեկին իր դռները կբացի կենդանաբանական այգին: Այս և մայրաքաղաքի այլ զբոսայգիներում այդ օրը առաջին անգամ տեղի կունենա փողային նվագախմբերի համաքաղաքային փառատոն:
Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում միջազգային համագործակցության զարգացման և մասնավորապես Երևանը որպես մշակութային կենտրոն ներկայացնելու ուղղությամբ: Այդ նպատակով, որպես 2012 թվականի ամռանը Երևանում անցկացված սանկտպետերբուրգյան օրերի փոխադարձ այց, հուլիսի 3-7-ը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում անցկացվելու է “Երևան քաղաքի մշակութային օրերը Սանկտ Պետերբուրգում” ծրագիրը: Քաղաքապետարանի աջակցությամբ երևանցիները հնարավորություն կունենան մայրաքաղաքում հյուրընկալելու երաժշտարվեստի հայտնի դեմքերի` բազմաթիվ, այդ թվում՝ “Երևանյան հեռանկարներ” միջազգային փառատոների շրջանակում:
Զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված` քաղաքապետի խորհրդականը նշել է, որ Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշանի մրցույթի շրջանակում ներկայացվել է 66 աշխատանք: Մայիսի 10-ին Հայաստանի և արտերկրից հրավիրված մասնագետների կողմից կազմված հանձնաժողովը աշխատանքներից ընտրելու է մեկը, որն էլ կդառնա մայրաքաղաքի զբոսաշրջային տարբերանշանը: Ապրիլի 1-ից երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը <> զբոսաշրջային երկհարկանի ավտոբուսներով կկարողանան շրջել մայրաքաղաքի փողոցներով և ծանոթանալ պատմամշակութային հուշարձաններին` նյութերի նոր լեզուներով մատուցմամբ:
Անդրադառնալով մայրաքաղաքում մշակությային կյանքի ակտիվացմանը՝ Արամ Սուքիասյանը նկատել է, որ այդ աշխատանքները մեծապես պայմանավորված են նաև նոր սերնդի մշակութային դաստիարակության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ և ապահովմամբ.
“Նախորդ տարվա ընթացքում քաղաքապետի նախաձեռնությամբ մեկնարկեց երաժշտական և արվեստի դպրոցների ջեռուցման ծրագիրը, որի արդյունքում այսօր ջեռուցման համակարգով ապահոված չէ այդ կրթօջախների ընդամենը 10 տոկոսը: Ինչպես Տարոն Մարգարյանն է բազմիցս հայտարարել, 2013 թվականի ավարտին մենք չենք ունենա քաղաքապետարանի ենթակայության մշակութային որևէ օջախ, որը ապահովված չլինի ջեռուցման համակարգով”,- ընդգծել է քաղաքապետի խորհրդականը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1129 անգամ:
Print Friendly

Leave a Reply