Քննարկել են քաղաքաշինության ոլորտի հիմնախնդիրները

Պաշտոնական, Օրվա լուր | | March 27, 2013 18:23

Շինարարության ոլորտում տնտեսական աճն ապահովելու եւ ոլորտում առկա հիմնախնդիրները քննարկելու նպատակով, մարտի 27-ին կայացավ քաղաքաշինության նախարարության պատասխանատուների հանդիպումը ոլորտի ակտիվ մասնակիցների հետ:

Նախարար Սամվել Թադեւոսյանը խոսելով շինարարության ոլորտում տնտեսական աճի ապահովման անհրաժեշտության մասին` տեղեկացրեց, որ կառավարությունը տնտեսական աճն ապահովելու նպատակով պատրաստակամ է սատարել պետական ծրագրերով: Պարոն Թադեւոսյանը հանդիպման մասնակիցներին կոչ արեց  ծավալել բաց, ազատ խոսակցություն, վերհանել գոյություն ունեցող հիմնախնդիրները եւ տասնօրյա ժամկետում ներկայացնել գրավոր առաջարկություններ: “Կառավարության նիստի հանձնարարականի համաձայն առաջարկությունները կքննարկենք էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների եւ Կենտրոնական բանկի հետ, կձեւակերպենք շինարարության ոլորտին պետական աջակցության ձեւաչափը եւ դիմելով կառավարությանը` կստանանք այդ աջակցությունը”,- նշեց նախարար Թադեւոսյանը:

Անդրադառնալով քաղաքաշինական ԾԻԳ-ի կողմից կազմակերպվող մրցույթների եւ շինարարական աշխատանքների  նկատմամբ նախարարության իրականացրած ամենօրյա օպերատիվ  հսկողության, մրցույթների բաց եւ թափանցիկ անցկացման, մրցույթների հայտերի ներկայացման էլեկտրոնային տարբերակի կիրառման  փաստերին` քաղաքաշինության նախարարը փաստեց, որ վերահսկողական մեխանիզմների շնորհիվ` 2012 թվականին իրականացված շինարարական ծրագրերի շրջանակներում արձանագրվել է 987.0 մլն ՀՀ դրամի տնտեսում:

Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական ԾԻԳ-ի տնօրեն Հրայր Սարգսյանը հիմնականում անդրադարձավ նախագծային կազմակերպությունների կողմից սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերի եւ առավել արդիական մոտեցումների կիրառման, նախագծվող աշխատանքներում տեղական արտադրանքի կիրառման նախատեսման, շինարարական կազմակերպությունների կողմից շինարարության որակի, տեխնիկական անվտանգության, կատարման ժամկետների ապահովման, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների կողմից առավել սկզբունքային մոտեցումներով մասնագիտական ծառայությունների մատուցման, մրցույթների ընթացքում իրական գին ներկայացնելու անհրաժեշտության հիմնախնդիրներին:

“Հայնախագիծ” ընկերության տնօրեն Գ. Ազիզյանն առաջ քաշեց շինարարությունում նորագույն տեխնոլոգիաների կիրառման եւ լիցենզավորման գործընթացում խիստ պայմաններ սահմանելու խնդիրները:  Համաձայնելով պարոն Ազիզյանի հետ նախարարության ներքին աուդիտի բաժնի պետ Ա. Այվազյանը տեղեկացրեց, որ արդեն նախարարությունը ձեռնամուխ է եղել լիցենզավորման գործընթացի խստացմանը` շեշտը դնելով մասնագետների առկայության վրա: Պարոն Այվազյանը նշեց նաեւ ոլորտում մասնագետների պակասի մասին, բերելով միայն մի օրինակ, երբ մեկ անձը որպես տեխհսկիչ միաժամանակ աշխատում է 25 ընկերությունում:

“Երեւաննախագիծ” ընկերության տնօրեն Ս. Օհանյանը բարձրացրեց ներդրողների, պատվիրատուների, հեղինակային խնդիրների հետ կապված հարցեր:

Հանդիպման ժամանակ կարեւորվեց քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի ստեղծման անհրաժեշտությունը,  նշվեց, որ այս տարի նախարարությունը ծրագրավորել է մշակել այդ համակարգի կարեւորագույն 8 նորմ:

Առհասարակ հանդիպման ընթացքում շինարարների բարձրացրած հարցերը հիմանկանում վերաբերում էին գնումների գործընթացին, մրցույթներից հետո շինանյութերի գների աճին ու դրամ-դոլար հարաբերակցության տատանմանը, որոնք անմիջականորեն ազդում են շինարարության գործընթացի վրա, ոլորտում մասնագետների խնդրին, շինարարական կազմակերպությունների ռեյթինգավորմանը, շինարարության ոլորտին արտոնյալ տրամադրման եւ տարաբնույթ այլ խնդիրների:

Դիտվել է 1255 անգամ:
Print Friendly

Leave a Reply