Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Նորք-Մարաշ վարչական շրջանում

Պաշտոնական, Օրվա լուր | | March 27, 2013 17:57

Շարունակվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային շրջայցերը մայրաքաղաքի վարչական շրջաններում: Հերթականը Նորք-Մարաշ վարչական շրջանն էր, որտեղ Տարոն Մարգարյանը ծանոթացել է տարեկան ծրագրով իրականացվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքին:

Շրջայցի շրջանակում քաղաքապետը այցելել է նաև թիվ 123 նախադպրոցական ուսումնական հաստատություն և հետևել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախակրթարանի տնօրենը նշել է, որ նորոգումից հետո հնարավորություն կունենան ավելի շատ թվով երեխաներ ընդունել մանկապարտեզ, ինչն այսօր ըստ էության վարչական շրջանում առաջադրվող հիմնական խնդիրներից մեկն է: Սա կլինի թվով երրորդ հիմնանորոգված մանկապարտեզը, ինչն իսկապես կթեթևացնի այդ գծով առկա պահանջարկը: Քաղաքապետը շրջել է նաև մանկապարտեզի գործող խմբերում, ծանոթացել փոքրիկների առօրյային: Մանկապարտեզի կոլեկտիվը շնորհակալություն է հայտնել  Տարոն Մարգարյանին` ՆՈՒՀ-երին ցուցաբերվող մշտական ուշադրության համար:

Պատասխանատուները զեկուցել են, որ առաջիկայում կմեկնարկեն նաև թիվ 124 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները և արդեն տարեվերջին Նորք-Մարաշում ամբողջությամբ կլուծվի մանկապարտեզների հիմնարորոգման խնդիրը: Ընդհանուր առմամբ Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013թ-ի ծրագրերով այս տարի մայրաքաղաքում կհիմնանորոգվի 27 մանկապարտեզ. «Վարչական շրջաններում մեկնարկել են որոշ մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները: Մենք մեր առջև խնդիր ենք դրել, որ մի քանի տարվա ընթացքում փորձենք ամբողջովին հիմնանորոգել մանկապարտեզները, որպեսզի դրանք հարմարավետ լինեն ոչ միայն երեխաների, այլև աշխատակիցների համար: Զուգահեռ այս տարի բյուջեով նաև մանկապարտեզների գույքի ձեռքբերման համար ենք միջոցներ նախատեսել և մեր նախակրթարանների համար ձեռք ենք բերելու անհրաժեշտ բոլոր պարագաները»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Երևանում փաստացի գրանցում ունեցող երեխաների համար քաղաքապետարանի ծրագրով մանկապարտեզները կշարունակեն լինել անվճար:

Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել նաև թիվ 26 դպրոցին հարակից տարածքում նախատեսվող ֆուտբոլի խաղադաշտի կառուցման ծրագրի ու տարածքի բարեկարգման  մանրամասները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն  

 

Դիտվել է 1619 անգամ:
Print Friendly

Leave a Reply