ԱԳ նախարարը Ֆրանսիական համալսարանում մասնակցեց «Ֆրանկոֆոնիա. հնարավորություն Հայաստանի համար» համաժողովին

Պաշտոնական, Օրվա լուր | | March 27, 2013 16:53

Մարտի 27-ին, նախարար Նալբանդյանը ելույթ ունեցավ Ֆրանսիական համալսարանում անցկացված «Ֆրանկոֆոնիա. հնարավորություն Հայաստանի համար» համաժողովին, որին ներկա էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, հայկական առաջատար բուհերը ներկայացնող դասախոսներ և ուսանողներ:

Իր խոսքում նախարար Նալբանդյանը նշեց, որ լինելով Հայաստանի Հանրապետության դեսպանը Ֆրանսիայում՝ պատիվ է ունեցել առաջին քայլերը ձեռարկել Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության  միջև հարաբերությունների հաստատման գործընթացում։ Հայաստանը 2006 թ.-ին դարձավ կազմակերպությունում դիտորդ, այնուհետև 2008թ.-ին՝ ասոցացված անդամ և ի վերջո 2012 թ.-ին` լիիրավ անդամ:

«Կինշասայում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին կազմակերպությանը Հայաստանի  լիիրավ անդամակցությամբ նոր էջ բացվեց ֆրանկոֆոն աշխարհի հետ մեր հարաբերություններում: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը մեզ համար փոխշփումների նոր հարթակ է հանդիսանում աշխարհի հինգ մայրցամաքներում գտնվող ֆրանկոֆոն երկրների հետ` քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության բնագավառներում» ,- ասաց նախարարը:

Նախարար Նալբանդյանը նաև շեշտեց, որ վերջին տասնամյակի ընթացքում բազում ջանքեր են գործադրվել Հայաստանի կրթական և համալսարանական համակարգում ֆրանսերենի ներկայության ամրապնդման համար պայմանների ստեղծման և Հայաստանում ֆրանսախոս միջավայրի ձևավորման ուղղությամբ, և այդ ջանքերի լավագույն ապացույցներից է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի արդյունավետ գործունեությունը:

«Յուրաքանչյուր տարի ֆրանսերեն լեզվով հարյուրավոր մշակութային, կրթական և համալսարանական միջոցառումներ են կազմակերպվում Երևանում և Հայաստանի շրջաններում: 2013 թ. մարտի 19-ին մեկնարկած ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շրջանակներում նախատեսված է 410 միջոցառում, որն աննախադեպ է իր ծավալով»,-հավելեց նախարարը:

Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, 2011թ. Երևանում կայացավ Ֆրանսախոս Քաղաքապետերի Միջազգային Ընկերակցության Գլխավոր վեհաժողովը, այս տարվա հոկտեմբերին Վալանսում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովը կնախանշի հետագա անելիքները և առավել կամրապնդի այդ ոլորտում գործընկերային համագործակցությունը:

«Հայաստանը իր նպաստը կբերի միջազգային ասպարեզում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հեղինակության և դերակատարության բարձրացմանը, կազմակերպության առավել ներգրավվածությանը միջազգային գործընթացներում», -ավարտելով իր ելույթը, նշեց նախարարը:

Համաժողովի բացմանը ելույթներով հանդես եկան նաև Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնթուան և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

Դիտվել է 848 անգամ:
Print Friendly

Leave a Reply