Ոստիկանության կողմից որոնվող Սյունիքի մարզպետի «թիկնապահը» NEWS.am-ին պատմել է դեպքի մանրամասները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 27, 2013 16:02

Մինչ ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ գիշերային ակումբում տեղի ունեցած միջադեպի առթիվ Զարզանդ Ն.-ին եւ Դավիթ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ,NEWS.am-ի թղթակիցը զրույց է ունեցել «որոնվող» Զարզանդ Նիկողոսյանի հետ:

Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ երեկ՝ մարտի 26-ին, ինքն իր ընկեր` Դավիթ Բ.-ի հետ, այցելել է Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբ, սակայն որեւէ վիճաբանության, ծեծկռտուքի չի մասնակցել:

«Վիճաբանություն չի եղել, ո՞վ է ասում, որ վիճաբանություն է եղել, մի հոգի խմած ա եղել, աստիճաններից գլորվել է, ընկել, գլուխը խփել է ասֆալտին, անունը չգիտեմ էլ ինչ է, չեմ էլ ճանաչում»,- պատմեց Զարզանդը:

Դրանից հետո, նրա խոսքով, օգնություն են ցույց տվել, բերել են,  ջուր են շփել երեսին, ապա վերջինս նստել է իր մեքենան, գնացել հիվանդանոց, իսկ ինքն էլ գնացել է Գորիս:  Նա վստահեցրեց, որ  աստիճաններից ընկած անձի` 43-ամյա Արմեն Վ.-ի հետ չի վիճել, որեւէ ծեծկռտուք չի եղել են:

Զարզանդ Նիկողոսյանը հերթեց, թե ինքը Սյունիքի մարզպետի թիկնապահն է, նշելով, որ Սյունիքի մարզպետը թիկնապահ չունի, ինքը տարիներ շարունակ աշխատել է նրա մոտ, բայց այժմ չի աշխատում: «Զարզանդ անունով աշխատակից չունի պարոն Խաչատրյանը, Զարզանդը ես եմ, ես իր մոտ աշխատել եմ, 2000 թվականից իրեն ճանաչում եմ, երկու տարի է` դուրս եմ եկել»,- նշեց նա:

Մեր ճշտող հարցին, թե այժմ կապ չունե՞ք Սյունիքի մարզպետի հետ, նա պատասխանեց. «Ես իր հետ կապ ունեմ, ո՞նց կապ չունեմ, Գորիսի բնակիչ եմ, մեր Սյունիքի մարզպետն է, ես իր մոտ աշխատել եմ մինչեւ 2011թ, բայց հիմա աշխատանքային բերումով իր հետ որեւէ առնչություն չունեմ: Ով ասել է, թե Զարզանդ Նիկողոսյանը Սյունիքի մարզպետի թիկնապահն է, գլուխը պատին ա տվել, Սյյունիքի մարզպետը էնքան ուժեղ ա, որ թիկնապահի կարիք չունի»,- նշեց նա:

Մենք Զարզանդ Ն.-ին տեղեկացրինք, որ ոստիկանությունն իրեն է փնտրում, գուցե զանգի եւ պարզի, թե ինչու, ինչին նա արձագանքեց, որ այժմ գտնվում է Կապանում եւ սրճարանում նստած սուրճ է խմում մյուս «որոնվողի» Դավիթ Բ-ի հետ:

«Իրենց փոխանցեք` թող գան տենամ խի՞ են ինձ փնտրում, ես հիմա Կապանում եմ, սրճարանում նստած սուրճ եմ խմում, Դավիթ Բարդուխարյանն էլ է հետս»,- նշեց Զարզանդը:

Նշենք, որ մարտի 26-ին, ժամը 06.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով եւ ալկոհոլային հարբածությամբ իրենց մոտ է տեղափոխվել 43-ամյա Արմեն Վ.-ն: Նրան ուղեկցող տղամարդու բացատրությամբ` Արմեն Վ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբի աստիճանահարթակից վայր ընկնելու հետեւանքով: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Վ.-ին նշված ակումբի աստիճանահարթակի մոտ մարմնական վնասվածքները հասցրել են 43-ամյա Զարզանդ Ն.-ն եւ 37-ամյա Դավիթ Բ.-ն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Զարզանդ Ն.-ին եւ Դավիթ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:

Մամուլի տեղեկությունների համաձայն, Զարզանդ Ն.-ն Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիկնապահն է:

Դիտվել է 942 անգամ:
Print Friendly

Leave a Reply