Քննարկվել են համագործակցության ընդլայնման հետ կապված մի շարք ծրագրեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 27, 2013 14:21

Ֆրանսիական քաղաքների և կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման հնարավորությունների, ինչպես նաև Երևանի ջրամատակարարման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալներ Կամո Արեյանի և Վահե Նիկոյանի Հարավային Կովկասի երկրների  հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության պետ Դանիել Պատայի հետ հանդիպման ժամանակ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրին` Կամո Արեյանը, կարևորել է ֆրանսիական կազմակերպությունների հետ համագործակցությունն ու դրա ընլայնման հեռանկարները, ինչպես նաև համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը:

Անդրադառնալով մայրաքաղաքի ջրամատակարարման  ոլորտում կատարվող աշխատանքներին՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ վերջին շրջանում դրական փոփոխություններ են արձանագրվել: Միևնույն ժամանակ քաղաքապետի տեղակալն առանձնացրել է այն ուղղությունները, որտեղ անելիքներ կան, և այդ համատեքստում կարևորել ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը:

“Քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների շրջանակում կայուն, անխափան ջրամատակարարումը, ջրահեռացումն ու սպասարկման որակի  բարելավման ապահովումը, ելնելով բնակչության շահերից, մեզ համար գերակա խնդիրներ են և գտնվում են քաղաքապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում”,- նշել է Կամո Արեյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար` Հարավային Կովկասի երկրների  հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության պետ Դանիել Պատան նշել է, որ իրենք ևս չափազանց կարևորում են բնակչության հարմարավետության ապահովմանն ուղղված աշխատանքները£

“Ջրամատակարարման, ինչպես նաև քաղաքային տնտեսության այլ ոլորտներում  պատրաստ ենք աջակցել և քաղաքապետարանի հետ համատեղ ակտիվ փոխգործակցություն ծավալել: Պարբերաբար այցելելով Երևան՝ ուզում եմ իմ հիացմունքն արտահայտել վերջին շրջանում քաղաքի նկատելի զարգացման վերաբերյալ: Զգալի աշխատանքն է տարվել, ինչը միանշանակ գովելի է”,- նշել է Դանիել Պատան:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում քննարկել Երևանի զարգացմանն ուղղված ծրագրային նաև այլ առաջարկներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 855 անգամ:
Print Friendly

Leave a Reply