Ո՞ւր կգնա Հենրիխ Մխիթարյանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 27, 2013 13:46

Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխության մասին խոսակցույունները ծարունակվում են:  Ռուսական «Իզվեստիա» թերթը հրապարակել է, որ  հայ ֆուտբոլիստն ամռանը հավանաբար հայտնվի Անգլիայի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող Լոնդոնի «Տոտենհեմում»: Այդ ակումբի ղեկավարությունն արդեն նախնական բանակցություններ է վարել «Շախտյորի» ներկայացուցիչների հետ: Ամենայն հավանականությամբ, «Տոտենհեմից» կհեռանա թիմի գլխավոր «աստղ» Գարետ Բեյլը, որի դիմաց ակումբը մտադիր է 60 մլն եվրո ստանալ: Այդ գումարով թիմի ղեկավարությունը ցանկանում է գնել Հենրիխ Մխիթարյանին, «Այաքսի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին և «Սևիլիայի» հարձակվող Ալվարո Նեգրեդոյին:

Ֆուտբոլային հայտնի գործակալ Կոնստանտին Սարսանիան իր հերթին ասել է. «Կարող եմ միայն հաստատել, որ Մխիթարյանով շատ ակումբներ են հետաքրքրված: Նա իրոք բարձրակարգ ֆուտբոլիստ է: Մխիթարյանի վարպետությունն ու ներուժը գրավել են շատ ակումբների ուշադրությունը: Սակայն «Շախտյորն» էլ ուժեղ ակումբ է, որը դժկամությամբ կբաժանվի իր առաջատարից: Ուստի շատ բան պայմանավորված կլինի Մխիթարյանի ցանկությունից և ակումբի նախագահ Ռինատ Ահմետովից»:

Երկար տարիներ «Տոտենհեմի» առաջատարը խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն էր: Սակայն մրցաշրջանի մեկնարկից առաջ նրան 30 մլն եվրոյով վաճառեցին «Ռեալին»: Նրա հեռանալուց հետո թիմում խաղը կազմակերպողի դերը ոչ ոք չկարողացավ զբաղեցնել: Ուստի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հույս ունի, որ այդ դերը կարող է հաջողությամբ ստանձնել Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը մինչև 2015-ի ամառ խաղալու պայմանագիր ունի «Շախտյորի»  ղեկավարության հետ: Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս 17 մլն եվրո է:

Դիտվել է 773 անգամ:
Print Friendly

Leave a Reply