Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Նոր Նորք վարչական շրջանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 26, 2013 20:49

Երևանի զարգացման 2013 թվականի ծրագրի շրջանակում մայրաքաղաքում լայն թափով մեկնարկել են բակերի, այգիների բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները: Նոր Նորք վարչական շրջանում ընթացող աշխատանքներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում:
Նոր Նորքի բնակիչների լիարժեք հանգիստն ապահովելու նպատակով այս տարի հիմնովին կբարեկարգվեն Սիրահարների, Տիգրան Մեծի, ինչպես նաև 4-րդ զանգվածի Բակունցի և 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցին հարակից այգիները: Հանգստյան գոտիները կապահովվեն արտաքին լուսավորության նոր ցանցով ու ոռոգման համակարգով: Կկառուցվեն ճեմուղիներ, կտեղադրվեն նստարաններ ու զրուցարաններ, ինչպես նաև մանկական ժամանակակից խաղերով կահավորված խաղահրապարակներ: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ այգիների բարեկարգման աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետներում և արդեն ամռանը հանգստյան այս գոտիներն ամբողջությամբ կհանձնվեն բնակիչների տնօրինմանը: Զրուցելով բնակիչների հետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ երևանյան նոր այգիների ու պուրակների ստեղծման ծրագրերը, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս հիմնականում կյանքի կկոչվեն մայրաքաղաքի ծայրամասային համարվող թաղամասերում, ուր հազարավոր բնակիչների համար կստեղծվեն հանգստի յուրօրինակ կենտրոններ. «Նոր Նորք վարչական շրջանը խորհրդային տարիներին ամենականաչապատ տարածքներից էր և ուներ բավականին շատ այգիներ և պուրակներ: Մեր նպատակն է նախ վերականգնել այդ տարածքները, որը նաև Նոր Նորքի բնակիչների պահանջն ու ցանկությունն է, իսկ հետագայում նաև ավելացնել դրանց քանակը: Հույս ունեմ, որ շատ կարճ ժամանակահատվածում մենք կվերականգնեք այն Նոր Նորքը, որը ժամանակին ունեցել ենք և կհանձնենք մեր համաքաղաքացիների տնօրինմանը»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Ողջունելով քաղաքապետի նման դիրքորոշումը, բնակիչներն էլ իրենց հերթին են վստահեցրել, որ իրենց ուժերի սահմանում կանեն հնարավորը, որպեսզի օր առաջ կյանքի կոչվեն այդ ծրագրերը:
Վարչական շրջանում ընթացքի մեջ են նաև բակերի համալիր բարեկարգման աշխատանքները: Ծրագիրն առավել քան սպասված էր Ջրվեժի Մայակ թաղամասի բնակիչների համար: Ծայրամասային դիտարկվող այս թաղամասում, ինչպես բնակիչներն են նշում, հանգստյան գոտու առկայությունն ուղղակի անհրաժեշտություն էր: Քաղաքապետը զրուցել է նոր նորքեցիների հետ, լսել նրանց դիտարկումներն ու առաջարկությունները և ներկայացրել քաղաքի զարգացման հարցում իր մոտեցումները:
Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև Նոր Նորքի մշակույթի տան վերանորոգման ու ջեռուցման ծրագրերի ընթացքին: Երևանի քաղաքապետարանի 2013թ-ի ծրագրերով մայրաքաղաքում ամբողջությամբ լուծում կստանա նաև երաժշտական, արվեստի դպրոցների, ինչպես նաև մշակութային կենտրոնների ջեռուցման խնդիրը. «Տարեկան ծրագրով քաղաքապետարանի ենթակայության 50 երաժշտական, արվեստի դպրոցներից ու մշակութային կենտրոններից դեռևս չջեռուցվող 6 –ը ևս կապահովվեն անահատական ջեռուցմամբ: Աշխատանքներն արդեն սկսված են և այս տարվերեջին արդեն Երևանում չջեռուցվող գրադարաններ, երաժշտական ու արվեստի դպրոցներ, ինչպես նաև մշակութային կենտրոններ չենք ունենա: Զուգահեռաբար մի շարք մշակույթի տներում նաև հիմնանորոգման աշխատանքներ ենք իրականացնում: Առաջիկա տարիներին մեր ծրագրերում կընդգրկենք նաև կրթական մեր մյուս օջախների հիմնանորոգման աշխատանքները»,- ընդգծել է քաղաքապետը:
Մշակույթի տան հիմնանորոգման ծրագրի շրջանակում շենքում առանձնացված արվեստի խմբակների դասասենյակները կկահավորվեն նաև համապատասխան գույքով, դահլիճն ու բեմն էլ կվերազինվեն անհրաժեշտ տեսաձայնային և լուսային ժամանակակից տեխնիկական միջոցներով: Պատասխանատուները քաղաքապետին վստահեցրել են, որ հիմնանորոգված մշակույթի տունը հնարավորություն կտա կրկնապատկել, անգամ եռապատկել խմբակներ հաճախող երեխաների թիվը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1444 անգամ:
Print Friendly

Leave a Reply