Քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության միջոցառումները

Պաշտոնական, Օրվա լուր | | March 26, 2013 18:26

Ս.թ. մարտի 26-ին Երևանում կայացավ հայ-ամերիկյան ռազմական համագործակցության պլանավորման ամենամյա համաժողովը: Միջոցառմանն ամերիկյան կողմից մասնակցում էին ԱՄՆ Եվրոպական հրամանատարության, Կանզասի ազգային գվարդիայի և Եվրոպայում ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչներ:

Համաժողովի նպատակն էր քննարկել 2013-2014թ.թ. ընթացքում հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ուղղությամբ ծրագրված միջոցառումները և ստորագրման նախապատրաստել ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության միջև պաշտպանական համագործակցության պլանը: Համագործակցության պլանի նպատակներն են.

– Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրագործման աջակցությունը`  նպաստելով ՆԱՏՕ-ի հետ ռազմական փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը,

– պրոֆեսիոնալ ռազմական կրթության զարգացման աջակցությունը`  նպաստելով պրոֆեսիոնալ սերժանտական կազմի` կրտսեր հրամանատարների պատրաստմանը,

– խաղաղապահ գործողությունների, ռազմաբժշկական առաքելությունների և ականազերծման գործողությունների նախապատրաստման գործընթացի աջակցությունը,

– ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կազմով վերապատրաստման կազմակերպումը Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ԶՈՒ մարտական պատրաստության կենտրոններում:

ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության միջև պաշտպանական համագործակցության պլանը ստորագրվելու է նամակների փոխանակման միջոցով առաջիկա շաբաթվա ընթացքում:

Ամերիկյան պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և կարևորել են համագործակցության ամրապնդումը խաղաղապահ կարողությունների զարգացման և պաշտպանական բարեփոխումների ոլորտներում: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը կարևորել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հետ պաշտպանական համագործակցության ծրագրի ստորագրումը և համագործակցությունն առավել թիրախային դարձնելու կողմերի պատրաստակամությունը:

Ամերիկյան կողմը ողջունել է պաշտպանության ոլորտում ԱՄՆ հետ համագործակցության զարգացնելու ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամությունը և ընդգծել, որ համագործակցությունն ընդհանուր նպատակներ է հետապնդում և ուղղված է միջազգային կայունության ու անվտանգության ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

 

Դիտվել է 1451 անգամ:
Print Friendly

Leave a Reply