ֆուտբոլի Չեխիայի, նաև Հայաստանի հավաքականների գլխավոր մարզիչների վիճակը նախանձելի չէ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 26, 2013 14:22

Այսօր ժամը 20-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Երևանի «Հանրապատական» մարզադաշտում աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում  հանդիպում է անցկացնելու Չեխիայի ընտրանու հետ:  Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Միրոսլավ Պելտը հայտնել է, որ այդ խաղի ելքից է կախված Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկի ճակատագիրը:

Բանն այն է, որ Չեխիայի թիմը ներկայումս հայտնվել է քննադատության թիրախում: Այն 4 խաղից հետո ունի 5 միավոր և անգամ արտագնա խաղում ոչ-ոքի արդյունքը  բավարար չի կարող համարվել: Դանիայի հավաքականից օրերս 0:3 հաշվով կրած պարտությունից հետո` օրակարգային է դարձել  հավաքականի գլխավոր մարզչի հրաժարականը:

Ի դեպ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի  թիմի վիճակն էլ ոգևորող չէ: Մերոք ավելի քիչ միավոր ունեն և  ընտրական մրցաշարում անցկացրած երեք խաղից վերջին երկուսում պարտվել են: Իսկ Հայաստանի հավաքականը սոսկ 1:0 հաշվով առավելության է հասել խմբի ամենաթույլ մրցակցի` Մալթայի հավաքականի նկատմամբ, որին օրերս բուլղարացիները հաղթել են ոչ ֆուտբոլային 6:0 հաշվով:

Ընդ որում, Հայաստանի հավաքականում ներկայումս հանդես են գալիս մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ և եթե հաջողությունը չի ուղեկցում թիմին, ապա դրա պատճառը պետք է այլ բանում փնտրել: Ինչպես ասում են` հաղթանակը թիմինն է, պարտությունը` մարզչինը:

Ի դեպ, աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդրացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրապարակավ հայտարարել էր, որ մեր երկրի հավաքականի առջև խնդիր է դրել, որպեսզի այն խմբային մրցաշարի արգելքը հաղթահարի: Ստեղծված իրավիճակում միայն  որոշ հույսեր կարող է տալ հաղթանակը, քանի որ մեր ընտրանին ունի  3 միավոր, որը շատ քիչ է: Մերոնք առայժմ նախավերջին` 5-րդ հորիզոնականում են:

Այսօր կկայանան նաև Դանիա – Բուլղարիա, Մալթա – Իտալիա հանդիպումները:

Դիտվել է 824 անգամ:
Print Friendly

Leave a Reply