Մոնղոլներն ուսումնասիրում են ընտանեկան բժշկության մեր փորձը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | March 26, 2013 11:09

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ  Մոնղոլիայի մի խումբ մասնագետներ Հայաստան էին ժամանել ընտանեկան բժշկության ոլորտում մեր երկրի փորձն ուսումնասիրելու նպատակով: Նախարարությունում կայացած հանդիպումից հետո պատվիրակության տասն անդամներն այցելել են հանրապետության տարբեր մարզերում գործող ընտանեկան բժշկության գրասենյակներ, տեղերում ուսումնասիրել նրանց փորձը։

Այնուհետև նրանք հանդիպել են ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետի և անձնակազմի հետ: Նրանք տեղեկացել են, թե Հայաստանում ինչ բնորոշումներ, չափորոշիչներ և ցուցանիշներ են օգտագործվում ընտանեկան բժշկության գործունեության որակի գնահատման համար, ով է պատասխանատու ԱԱՊ/ԸԲ գործունեության հսկման և մոնիտորինգի համար, ինչպես են տվյալներն այդ նպատակով հավաքվում, հաշվառվում և վերլուծվում, հսկման և մոնիտորինգի ինչպիսի գործողություններ և միջամտություններ են իրականացվում կառավարման մարմինների կամ շահագրգիռ այլ կառույցների կողմից, իրավական ինչ կարգավիճակ ունեն ԱԱՊ/ԸԲ կլինիկաները, ինչպես են կազմակերպվում ԸԲ ծառայություններ մատուցողների պայմանագրային գործընթացները, վճարման ինչպիսի մեխանիզմներ են գործում, ըստ գործունեության արդյունքների ինչպես է իրականացվում ԱԱՊ բժիշկների խրախուսական ֆինանսավորումը և ինչպես է կազմակերպվում դրանց կատարման վերաբերյալ հսկողությունն ու մոնիտորինգը:

ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալությունում նրանք ստացել են իրենց հետաքրող բոլոր հարցերի սպառիչ պատասխանները։ Մոնղոլ մասնագետներին տրամադրվել են առաջադրված խնդիրների վերաբերյալ նյութեր, կոնկրետ օրինակներով ներկայացվել են գործունեության արդյունքների հիման վրա խրախուսական ֆոնդի ձևավորման, պայմանագրերի կազմման, գործունեության արդյունքների գնահատման նպատակով հաստատված ցուցանիշների կազմի, տվյալների հավաքագրման և արդյունքների գնահատման ֆինանսական համակարգի գործարկման մանրամասները: Մեր մասնագետները սպառիչ պատասխան են տվել հյուրերի կողմից տրված բոլոր հարցերին։ Համաձայնություն է ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ:

Մոնղոլիայի առողջապահության նախարարության պատվիրակության ղեկավար Բաասայ Բուլգանչիմեգը նշել է, որ Հայաստանի փորձը Մոնղոլիայի առողջապահության նախարարության համար լավ օրինակ կհանդիսանա առողջության առաջնային պահպանման օղակում համապարփակ ապացույցների վրա հիմնված քաղաքականություն և ռազմավարություն իրականացնելու գործում:

Նմանօրինակ ուսումնական այցի կազմակերպման խնդրանք է ստացվել նաև Տաջիկստանի առողջապահության նախարարությունից` ԱԱՊ օղակում ըստ կատարողականի արդյունքների խրախուսական վարձատրման համակարգի ներդրման Հայաստանի փորձն ուսումնասիրելու նպատակով։ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալությունը հայտնել է իր պատրաստակամությունը՝ ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:

 

Դիտվել է 1868 անգամ:
Print Friendly

Leave a Reply