Նոր մանրամասներ սահմանին մահացած զինվորի գործից. համածառայակիցը կալանավորվել է սպանության մեղադրանքով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 26, 2013 11:23

Մարտի 20-ին ժամը 19.05-ի սահմաններում, ԼՂՀ պաշտպանության բանակում ժամկետային զինծառայող 20-ամյա Վոլոդյա Սեդրակի Ավագյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է  ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը:

Այդ հոդվածով սահմանվում է զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոները խախտելը: Եթե այդ արարքը առաջացրել է մարդու մահ, ապա այն պատժվում է ազատազրկման` 6-10 տարի ժամկետով: Այս գործի շրջանակներում Քրեական օրենսգրքի մեկ այլ հոդվածով` 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի հատկանիշներով (սպանություն` խուլիգանական դրդումներով), մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Ս. Բ.-ին: Նա կալանավորվել է երկամսյա ժամկետով:

Մեր տեղեկություններով` վերջինս 19 տարեկան է, 1 տարուց պետք է զորացրվեր, նա Աբովյան քաղաքից էր:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին ժամը 19.05-ի սահմաններում, ԼՂՀ պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1993թ. ծնված Վոլոդյա Սեդրակի Ավագյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

NEWS.am-ին հաջողվել է  պարզել, որ նա Լոռիի մարզի Կաթնառատ գյուղից է, դպրոցն ավարտելուց հետո անմիջապես մեկնել է զինվորական ծառայության: Վոլոդյա Ավագյանն արդեն 1,5 տարվա զինծառայող էր եւ պետք էր աշնանը զորացրվեր: Նա ընտանիքի կրտսեր զավակն է, ուներ երկու քույր, որոնք ամուսնացած են: Ընտանիքը գտնվում է ծանր սոցիալական պայմաններում, աշխատանք չունեն, փոխարենը ծնողները վարկեր ունեն:

Դիտվել է 1085 անգամ:
Print Friendly

Leave a Reply