Քադաֆիի ընտանիքն Օմանում պաշտոնական ապաստարան է ստացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 26, 2013 9:42

Օմանի կառավարությունը Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի ընտանիքին  ապաստարան է տրամադրել, հայտնել է  օմանական Al Shabiba-ն: Օմանի ԱԳՆ-ի աղբյուրը լրագրողներին պատմել է, որ սպանված առաջնորդի այրուն` Սաֆիին, դստերը` Աիշային, երկու որդիներին` Հաննիբալին ու Մուհամմադին, դիվանագիտական անձնագրեր են տվել, ինչպես նաև պետության հաշվին ապահովել ամեն անհրաժեշտով:

Զրուցակիցը հայտնել է նաև, որ ընտանիքն Օման է տեղափոխվել Ալժիրից դեռևս 2012-ի հոկտեմբերին: Նրա խոսքով տեղի իշխանությունները երկար ժամանակ լռում էին , քանի որ չէին կարողանում այդ արարքով հպարտանալ, ինչպես նաև այն պատճառով, որ դա պայմանավորված էր երկրի միջազգային քաղաքականությամբ:

Քադաֆի ընտանիքի Օմանում հաստատվելու փաստը համաձայնեցված է Լիբիայի ներկայիս իշխանությունների հետ: Ընդ որում, նրանց ապաստարան են հատկացրել այն պայմանով, որ նրանք քաղաքականությամբ չեն զբաղվի ու չեն շփվի լրագրողների հետ:

Մինչդեռ  անգլիական The Guardian –ը երեկ հայտնել է, որ Լիբիայի իշխանությունները չգիտեն, թե որտեղ է գտնվում Քադաֆի ընտանիքը: Հրատարակության տվյալներով, պաշտոնական Տրիպոլին Քադաֆիի այրուն ու երեք երեխաներին Ինտերպոլի գծով  որոնում է հայտարարել:

Դիտվել է 1607 անգամ:
Print Friendly

Leave a Reply