Արմեն Աշոտյան. «Կոռուպցիոն դրսևորումները համատարած են»
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | April 12, 2010 14:55
Հաջորդ ուսումնական տարվանից մագիստրատուրա ընդունվելու համար պարտադիր կլինի օտար լեզվի նվազագույն իմացությունը. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարի խոսքով՝ Համաշխարհային բանկի վարկային ծրագրով նախատեսված է բարեփոխումներ իրականացնել նաև մանկավարժական կրթության ոլորտում: Մանկավարժական որակավորում տվող ուսումնական հաստատությունները պետք է 3 տարվա գործընկերության ծրագիր իրականացնեն այս ոլորտում հայտնի արտասահմանյան որևէ բուհի հետ: «Արդեն իսկ 6 երկրների, այդ թվում և ռուսական ու բրիտանական, 10 համալսարաններից գործընկերության հայտ ենք ստացել: Հուսով ենք, որ եվրոպական բուհերի հետ իրականացվող բարեփոխումները կբերեն ցանկալի մասնագիտական որակի»,- ասում է Աշոտյանը:
Անդրադառնալով բուհերում առկա կոռուպցիոն ռիսկերին՝ Աշոտյանը տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ նախատեսվում է յուրաքանչյուր բուհի համար մշակել կոռուպցիայի դեմ պայքարի անհատական ծրագիր: Նրա խոսքով՝կոռուպցիոն դրսևորումները համատարած են, բայց ամեն բուհ ունի իր յուրահատուկ կոռուպցիոն դիմագիծը: Ուստի ամեն բուհի համար մշակված կոռուպցիայի դեմ պայքարի անհատական ծրագիրը թույլ կտա կոնկրետ բուհում կոնկրետ խնդիր լուծել:






Facebook
Tweet This
Email This Post
