ԿԳ նախարար. «Ուզում ես փոխել աշխարհը, սկսիր ինքդ քեզանից »

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2010 14:42

Առաջիկա ամսվա ընթացքում ԿԳՆ-ն կհաստատի ավագ դպրոցների նոր ցանկը: Այս տարի գործող 48 ավագ դպրոցներից բացի կստեղծվեն ևս 44 ավագ դպրոցներ. Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Ավագ դպրոցների նոր ցուցակը պետք է հաստատվեր դեռևս մարտի երրորդ տասնորյակում, սակայն գործընթացը հետաձգվել է, քանի որ մարզպետարանները հաստատման են ներկայացրել 36 դպրոցներից կազմված ցուցակ:

Աշոտյանը տեղեկացրեց նաև, որ ավագ դպրոցի հոսքային առարկաների 16 դասագրքերի մրցույթը գրեթե ամփոփված է: «ԿԳՆ-ն որոշել է այս տարի կանխել անորակ, մասնագետների բացասական գնահատականի արժանացած դասագրքրերի մուտքը դպրոց,- ասում է Աշոտյանը՝ հավելելով, որ 3-4 առարկաների դասագրքեր չեն համապատասխանել պահանջներին և այդ առարկաների համար այս տարի նոր դասագրքեր չեն տպագրվի, այլ ուսուցումը կիրականացվի հին դասագրքերով:- Ավելի հեշտ է կանխել անորակ դասագրքի մուտքը դպրոց, քան թե հետո այն արմատախիլ անել: Դպրոց մուտք գործած անորակ դասագիրքը պատուհաս է դառնում մասնագետների համար հետագա 4-5 տարիների ընթացքում»:

Իսկ թե որ առարկաների դասագրքերն են հաստատվել, որը ոչ, նախարարը նախընտրաց չհրապարակել, քանի որ մրցույթը դեռևս պաշտոնապես ամփոփված չէ:

Այս տարի դպրոցնեում արգելված են նաև թռիչքները 10-րդ դասարանից 11-րդ դասարան: Դպրոցներում ուսումնասիրվում են նաև աշակերտների անձնական գործերը՝ բացահայտելու այս ոլորտույմ թույլ տրված խախտումները: «Թռիչքներն արգելվել են, քանի որ դպրոցում ունենք 12-ամյա կրթություն, սակայն դեռևս չունենք 12 դասարան: 10-րդցիները հիմա սովորում են 12-ամյա կրթական ծրագրով, իսկ 11-րդ դասարանցիները՝ նախկին 10-ամյայի ծրագրով: Եվ թռիչքի դեպքում ստացվում է 2 տարվա անցում, աշակերտը բախվում է ծրագրային մեծ տարբերությունների, ինչը չի կարող որակ ապահովել»,- ասում է Աշոտյանը:

Նախարարը կրթական համակարգում իրականացվող բարեփոխումների հիմնական գրավականը համարում է մտածելակերպի համապատասխան փոփոխությունը: «Ուզում ես փոխել աշխարհը, սկսիր ինքդ քեզանից: Որևէ բարեփոխում, անկախ ֆինասական ներդրումների ծավալից, չի կարող հաջողությամբ պսակվել, եթե չենք փոխում մեր մտածելակերպը»:

Այս տարի, ըստ Աշոտյանի, նախատեսվում է ինտերնետային կապով ապահովել նաև հանրակրթական 300 դպրոցներ՝ պետբյուջեի միջոցներով: Այս պահի դրությամբ հանրապետության 1400 դպրոցներից համացանցին միացված են 600 դպրոցներ: Իսկ մնացած 500 դպրոցներն, ըստ Աշոտյանի, համացանցին կմիանան առաջիկա երկու տարիների ընթացքում՝ Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներով:

Դիտվել է 1732 անգամ:
Print Friendly

Leave a Reply