Սարգսյան-Էրդողան վաշինգտոնյան հանդիպումից ակնկալիքները միանշանակ չեն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2010 14:40

Ապրիլի 12-ին Վաշինգտոնում մեկնարկող Գլոբալ միջուկային անվտանգությանը նվիրված գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի նախագահի և Թուրքիայի վարչապետի նախատեսվող հանդիպումից հայաստանյան քաղաքական գործիչների ակնկալիքները միանշանակ չեն:

Ազգային ժողովի ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ, ՙհայկական դիվանագիտությունն իրեն սխալ է պահում, որովհետև Թուրքիան ակնհայտորեն շահարկելու է Սարգսյանի հետ այս հանդիպումը` այն ներկայացնելով որպես շարունակվող երկխոսություն՚: Ըստ նրա, ակնհայտ է նաև, որ հայթուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով ստորագրված երկկողմ արձանագրությունների վավերացման գործընթացն ՙուղղակի մահացած է՚:

ՙԳլխավոր խնդիրը պետք է լինի հայոց ազգային, պետական շահերը պաշտպանելը, ինչը, որքանով ես դատում եմ քաղաքական մեծանասնության և կառավարության վարքագծից, չի հաջողվելու ամբողջությամբ՚,-կարծում է դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա ևս համոզված է, որ Թուրքիան ոչ միայն չի գնալու հայթուրքական արձանագրությունների վավերացմանը, այլ փորձելու է հիմնավորել իր գործողությունները:

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով, թեև այս հանդիպման նկատմամբ ՙհետաքրքրությունը բնորոշ է՚, սակայն հայկական կողմը վաշինգտոնյան այցն ավելի շատ կարևորում է հայամերիկյան փոխհարաբերությունների`Հայաստանի և ԱՄՆի նախագահների առաջիկա հանդիպման, տեսանկյունից: Նա դրական է գնահատում Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու Էրդողանի` հատուկ բանագնացի միջոցով փոխանցված խնդրանքը, բայց և չի կարծում, որ ՙդա լուրջ քաղաքական կամ դիվանագիտական գործոն կարող է դիտարկվել, որովհետու դա Թուրքիային շանս է տալիս միջազգային հանրությանը ներկայանալ, թե իբր շատ շահագրգիռ է, և արձանագրությունների առումով գործընթացները կասեցված չեն՚:

ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության քաղաքական խորհրդի և խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ, ակնհայտ է, որ պատասխան քայլն այժմ Թուրքիայինն է: Ըստ նրա, Թուրքիան, պարբերաբար ու հետևողականորեն փորձելով հայթուրքական հարաբերությունները բնականոն ընթացքի մեջ դնելու գործընթացը շաղկապել Լեռնային Ղարաբաղի գործընթացի հետ և արժանանալով թեԵվրամիության, թեՌուսաստանի ու Միացյալ Նահանգների կոշտ գնահատականներին, իր գործելաոճով իրեն դրել է փակուղային վիճակի մեջ:

ՙՕրինաց Երկիր՚ կուսակցության փոխնախագահ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ կարծում է, որ նման հանդիպումներն ՙի վերջո կնպաստեն, որ Թուրքիան իր որոշումը կայացնի՚:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 997 անգամ:
Print Friendly

Leave a Reply