Ասկերանի ջրի խնդիրը կլուծվի հեռուստամարաթոնի գումարներով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2010 14:29

«Հայաստան»  համահայկական հիմնադրամը մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերան քաղաքի խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցումն ու կոյուղու համակարգի վերանորոգումը: Ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Առաջնահերթ խնդիրների մասին խոսելիս` Ասկերանի Քաղաքաշինության և վերաբնակեցման բաժնի պետ Ալբերտ Ավանեսյանն առանձնացրեց խմելու ջրի հարցը. ջուրը բնակչին հասնում է հին ու ժանգոտ խողովակներով և մեծ կորուստներով: Դրան գումարվում է կոյուղու վատթար վիճակը, ինչի պայմաններում վարակիչ հիվանդություններն անխուսափելի են: Մտահոգիչ խնդիրների շարքում   Ավանեսյանը նշեց շրջանում ամուսնությունների թվի պակասը, ինչը նա բացատրեց բնակարանային սուղ պայմաններով:

Արդեն պատրաստ է ջրամատակարարման ներքին ցանցի գետնուղին (5764մ), ընթացքում են խողովակների մոնտաժման աշխատանքները: Բադարա գետի երկայնքով կկառուցվեն պատնեշ (50 մ երկարությամբ)` ափերի հնարավոր փլուզումը կանխելու նպատակով և ջրի մաքրման համար նախատեսված պարզարան: Կնորոգվեն 2 ջրամբարները (ընդհանուր 1000 մ3 տարողությամբ) և   կոյուղագիծը (1305 մ երկարությամբ):

«Ջրի հարցը Հայաստանում ու Արցախում շարունակում է մնալ հրատապ լուծում պահանջող խնդիր, իսկ դրա ապահովումը` Հիմնադրամի առաջնահերթ ուղղություններից մեկը: Շնորհակալ ենք, որ եվրոպաբնակ մեր հայրենակիցները Հեռախոսամարաթոն 2009-ին կատարած իրենց առատաձեռն նվիրատվություններով նպաստեցին այս ծրագրի իրականացմանը»,- ասում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Ասկերանի  շրջանը զբաղեցնում է Արցախի հյուսիս-արևելյան տարածքը և արևելքից սահմանակից է Ադրբեջանին: Այստեղ բնակվում է շուրջ 17 600 մարդ, որից 2100-ը` Ասկերան քաղաքում: Շրջանում գործող խոշոր արտադրություններից են «Արցախ Ալկո» (ոգելից խմիչքներ) , «Արցախ Ֆրութ» (մրգերի և բանջարեղենի մշակում), «Վարանդա»  (տակառ և մանրահատակ) ընկերությունները, գաջի գործարանը, որոնք, ընդհանուր առմամբ, աշխատանքով են ապահովում շրջանի շուրջ 260 բնակչի: «Արցախ Ալկո»-ի և «Վարանդա»-ի արտադրանքը սպառվում է նաև արտերկրում: Նռան, խաղողի այգիներից, ցորենի դաշտերից մթերված բերքն իրացվում է շրջանի սննդի վերամշակման կենտրոններում: Վերջին տարիներին այստեղ փորձեր են արվում նաև ձմերուկ աճեցնել:

Պատմական հուշարձաններից ուշագրավ է 18-րդ դարում կառուցված բերդ-ամրոցը, որը հայտնի է Մայրաբերդ անունով: 2003-ին այստեղ կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Նշենք, որ ավարտին են մոտենում Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ իրականացվող Մարտունու շրջանի Սոս գյուղի խմելու ջրի ներքին ցանցի, Ճարտարի դպրոցի ու Գորիսի սրտաբանական կենտրոնի կառուցման աշխատանքները: Առաջիկա ամիսների ընթացքում կմեկնարկեն Շուշիի Մուրացանի անվան դպրոցի հիմնանորոգման, Տավուշի մարզի Այգեհովիտ-Վազաշեն ոռոգման համակարգերի վերակառուցման ծրագրերը:

Դիտվել է 2844 անգամ:
Print Friendly

Leave a Reply