Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական նշանակությամբ կմոտենան համապետականին. մեկնաբանում են քաղաքագետները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 25, 2013 11:20

Երևանի ավագանու ընտրություններում յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձելու է գտնել իր տեղը նախագահական ընտրապայքարից հետո: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը` ընդգծելով, որ Երևանի ավագանու և նախագահական ընտրությունները տարբեր մասշտաբի են, սակայն ավագանու ընտրություններն իրենց դերով չեն զիջելու համապետականին: «Այս ընտրություններում յուրաքանչյուր կուսակցություն փորձելու է լուծել իր առջև դրված խնդիրները: Նրանք, ովքեր մասնակցել են նախագահական ընտրություններին, փորձելու են պահել և ամրապնդել իրենց ձայները»,-ասաց Մարգարովը: Նրա խոսքով` «Ժառանգություն»-ը եւս ձգտելու է ամրապնդել իր ստացած քվեն: «Բացի դրանից, այն կուսակցությունները, որոնք չեն մասնակցել ընտրություններին, փորձելու են հետ բերել իրենց ձայները, իսկ Հայաստանի հանրապետական կուսակցությունը պետք է փորձի պահպանել իր հավաքած ձայները»,-նկատեց Մարգարովը: Ավագանու ընտրությունները հնարավորություն են որոշ կուսակցությունների համար վերադառնալ և վերահաստատվել իրենց տեղերում:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ` ավագանու ընտրությունները հետաքրքիր են լինելու և շատ մրցակցային: «Ավագանու ընտրություններն իրենց քաղաքական նշանակությամբ կմոտենան համապետականին և կլինեն նախագահական ընտրությունների զարգացումների շարունակությունը»,-ասաց Մինասյանը: Քաղաքագետը նաև շեշտեց, որ ավագանու ընտրությունների արդյուքները ցույց կտան, թե ով է երկրորդ խոշոր քաղաքական ուժը` «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը» թե ՀԱԿ-ը, որը կփորձի վերականգնել նախկին դիրքերը:

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին: Մարտի 21-ին ավարտվեց ցուցակների և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի առաջադրման գործընթացը Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Իրենց ընտրացուցակները ներկայացրել են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Առաքելություն», ՕԵԿ կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը: Գրանցման գործընթացը կավարտվի մարտի 31-ին: Նախընտրական քարոզարշավը կսկսվի ապրիլի 7-ին եւ կավարտվի մայիսի 3-ին:

Դիտվել է 828 անգամ:
Print Friendly

Leave a Reply