Մի խումբ երիտասարդ գիտնականներ հանդիպեցին ՀՀ ԿԳ նախարարի հետ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 25, 2013 1:10

Վերջերս մի խումբ երիտասարդ գիտնականների նախաձեռնությամբ մշակվել և հանրությանն էր ներկայացվել ՀՀ ԲՈՀ-ի գործող աստիճանաշնորհման կանոնակարգերին և աստիճանաշնորհման գործընթացին վերաբերվող մի շարք փոփոխությունների առաջարկություններ: Նախաձեռնող խումբը հանդիպելու և առաջարկվող փոփոխությունները քննարկելու խնդրանքով դիմել էր ՀՀ ԿԳ նախարար պարոն Ա. Աշոտյանին:
Ս.թ. մարտի 23-ին տեղի ունեցավ նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ, որին ներկա էին նաև ՀՀ ԲՈՀ-ի և ԳՊԿ նախագահներ՝ պրն. Արտյուշա Ղուկասյանը և պրն. Սամվել Հարությունյանը:
Պրն. Աշոտյանը ներկայացնելով այս ուղղությամբ ՀՀ ԿԳՆ կողմից տարվող աշխատանքը, կարևորեց այդ գործընթացում երիտասարդ գիտնականների նախաձեռնությունը, որը միտված է գիտական կադրերի և աշխատանքի որակի բարձրացմանը: Երիտասարդ գիտնականները ներկայացրեցին աստիճանաշնորհման գործընթացի և կանոնակարգերի վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները: Դրական արձագանք ստացավ ասպիրանտի կողմից ատենախոսության պաշտպանության համար պարտադիր երեք հոդվածներից մեկը «Web of Knowledge» կամ «Scopus» շտեմարաններում հաշվառված միջազգային գիտական ամսագրերից մեկում տպագրված լինելու առաջարկը: Հանդիպման մասնակիցները կարևորեցին նաև պաշտպանության համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի՝ թվային տարբերակների ԲՈՀ-ի կայքում տեղադրման, ատենախոսությունների բազայի ստեղծման, ասպիրանտական քննությունների հարցաշարերի առցանց հասանելիության և միասնական ծրագրի ստեղծման և այլ հարցերը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ ԲՈՀ-ի հետ համատեղ շարունակել աշխատանքը երիտասարդ գիտնականների կողմից ներկայացված փոփոխությունները կանոնակարգերում ներառելու նպատակով:

Նախաձեռնող խումբ

Դիտվել է 1404 անգամ:
Print Friendly

Leave a Reply