ՀՀ մշակույթի նախարարը հանդիպեց վիրահայոց համայնքի ներկայացուցիչների հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 24, 2013 11:43

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանը, մարտի 22-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում հանդիպեց Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը հավաքվածներին ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարարի եռօրյա աշխատանքային այցի մանրամասները, արժևորելով երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի և այլ կառույցների ղեկավարների հետ հանդիպումները և քննարկումները:
Նախարար Հասմիկ Պողոսյանն իր խոսքում կարևորեց մշակույթի բոլոր ոլորտներում համագործակցության երկուստեք մեծ ցանկությունը, ընդգծելով դեռևս հունվար ամսին Երևանում երկու երկրների՝ Վրաստանի և Հայաստանի մշակույթի նախարարությունների միջև ստորագրված համագործակցության եռամյա ծրագիրը,որը վերաբերվելու է բոլոր բնագավառներին, ընդհուպ մինչև հայկական եկեղեցիների վերականգնման աշխատանքները: Տիկին նախարարը խոսեց նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ Սայաթ-Նովայի 300-ամյակի կապակցությամբ օգոստոս ամսին Հաղպատում կայանալիք աշուղական երգի փառատոնի մասին, կարևորելով վրացիների, ինչպես նաև այլազգի ներկայացուցիչների մասնակցությունը:
Այնուհետև ՀՀ մշակույթի նախարարը պատասխանեց ներկաներին հետաքրքրող տարբեր հարցերի, որոնք նաև հետագա աշխատանքների կանխագծումներ էին:
Ամփոփելով հանդիպումը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը պատմեց «Հայարտուն» մշակույթի կենտրոնում ծավալված ազգանվեր գործունեության, Վրաստանում ՀՀ դեսպանության հետ համատեղ անցկացրած բազմաթիվ միջոցառումների մասին:
Սրբազան Հայրը երախտիքի խոսքեր ուղղեց ՀՀ մշակույթի նախարարությանը, հանձին տիկին Հասմիկ Պողոսյանի՝ «Հայարտան» գործունեությանը օժանդակելու համար:
Նախարար Պողոսյանը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնին նվիրեց նկարիչ Արարատ Սարգսյանի «Ջուղայի խաչքարեր» կտավը: ՀՀ մշակույթի նախարարին իրենց աշխատանքները նվիրեցին թբիլիսահայ քանդակագործ Լևոն Օսիպովը և նկարիչ Թենգիզ Միկոյանցը:
Ի պատիվ մայր հայրենիքից ժամանած հյուրերի, «Հայարտուն» մշակույթի կենտրոնի ուժերով տրվեց փոքր համերգ:

Դիտվել է 1468 անգամ:
Print Friendly

Leave a Reply