«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ Է ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅՐԵՆԻՔՍ… ձուլվել այնտեղի մշակույթին, քան գնալ առանց մշակույթի ու առանց պատմության Կարիբյան ինչ-որ ծովափ»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | April 12, 2010 9:25

Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում ապրող 22-ամյա Շանթ Կարակոզյանը, որ արմատներով պատմական Ուրֆայից է, ամեն տարի ամռանն այցելում է Հայաստան:

-Երբեմն իմ շրջապատի հայերը հարցնում են ինձ. «Շա’նթ, ինչու՞ ես ամեն տարի այցելում Հայաստան»: Ես պատասխանում եմ` որովետև այն իմ երկիրն է: Այն միակ երկիրն է երկրագնդի վրա, որտեղ ինձ չեն վերաբերվում որպես փոքրամասնության: Ինձ բախտ է վիճակվել ունենալու ամենագեղեցիկ բնությունը, ինչու՞ չգնամ: Ինձ համար ավելի կարևոր է այցելել հայրենիքս, ուտել, խմել ու պարել այնտեղի հայերի հետ, այցելել հազար տարեկան եկեղեցիներ, ձուլվել այնտեղի մշակույթին, քան գնալ առանց մշակույթի ու առանց պատմության Կարիբյան ինչ-որ ծովափ, ուր, ի դեպ, մեր շրջանում ապրող հայերից շատերն են գնում: Ես կայցելեի Հայաստան, եթե նույնիսկ այն դատարկ լիներ անապատի պես, բայց բարեբախտաբար, դա այդպես չէ: Այն մոլորակի վրայի ամենագեղեցիկ երկրներից մեկն է:

– Շանթ, բայց ամեն տարի էլ շատ հայեր են ացելում Հայաստան:

– Այո, թեև շատ հայեր են Հայաստան գալիս, ես կասեի` Հայաստանի այցելուների մեծագույն մասը հայեր են, բայց այնուամենայնիվ, մեր Սփյուռքում հայերի մի մեծ տոկոս կա, որ չի գալիս: Ավելին, նրանցից շատերը մինչ օրս չեն տեսել իրենց հայրենիքը: Նրանք երբեք չեն էլ եղել մի այնպիսի հասարակությունում, որտեղ բոլորը հայ են: Նրանցից բոլորն էլ ապրում են որպես փոքրամասնություն, անկախ այն հանգամանքից, թե նրանց հայկական համայնքը ինչքան մեծ է:

– Ի՞նչ ես կարծում, որոնք են հայրենիք չգալու պատճառները:

– Խնդիրը, կարծում եմ, հոգեբանական հարթության վրա է: Հայերի մի մաս կա, որ Հայաստանը չտեսած` մտածում է, թե այն դեռևս սովետական-կոմունիստական երկիր է: Ցավալի է, որ նրանք չեն կարողանում տեսնել Հայաստանը` որպես անկախ ու զարգացող պետություն կամ այնպիսին, որ գոնե տուրիստական առումով գրավիչ լիներ իրենց համար:

– Որպես արտասահմանից դիտորդ` ի՞նչ խորհուրդ կտայիր Հայաստանի կառավարությանը սփյուռքահայության ներուժը Հայաստանում զարգացնելու համար:

– Ես կուզենայի, որ իմ կառավարությունը չափազանց շատ ջանքեր ներդներ` ողջունելու  սփյուռքահայության վերադարձը Հայաստան: Չէի կամենա, որ Սփյուռքն իրեն իր հայրենիքում զգար միայն որպես տուրիստ: Թեև նրանք այլ երկրի քաղաքացի են, բայց Հայաստանն էլ է նրանց երկիրը ու այն առաջնայինն է. նրանք չպետք է իրենց զգան հայրենիքից դուրս: Նրանք պետք է իրական իրավունք ունենան ապրելու այնտեղ որպես Հայաստանի լիարժեք քաղաքացի: Այս առումով պետք է ավելի հեշտացվեն քաղաքացիության հետ կապված հանգամանքները: Իսկ ընդհանուր առմամբ, պետք է հստակ ռազմավարություններ մշակվեն սփյուռքահայություն-Հայաստան կապի զարգացման համար:

– Մենք արդեն ունենք սփյուռքի նախարարություն, որը հենց կոչված է խթանելու Հայաստան-Սփյուռք կապի զարգացումը:

– Կուզենայի տեսնել նախարարության առավել մեծ ջանքերը` արտասահմանում ապրող հայության հայրենադարձության խթանման գործում: Նաև նախարարությունը պետք է լրջորեն հետևի սփյուռքահայության` այլ մշակույթներին ձուլվելու գործընթացներին ու համապատասխան կանխարգելիչ քայլեր ձեռնարկի: Սրանով ավելի հրամայական է դառնում կառավարության` հայերին հայաստանակենտրոն դարձնելու քաղաքականության անհրաժեշտությունը: Ի դեպ, մորաքույրս` Արտեմիս Մկրտչյանը, օրերս պարգևատրվել է Սփյուռքի նախարարության կողմից Մասաչուսեթսի Ուոթերթաունի Սբ. Ստեփանոս հայկական դպրոցում կատարած իր ուսուցչական աշխատանքի համար: Նա նույնպես ամեն տարի մայիսի 28-ին իր աշակերտների հետ Հայաստան է գալիս:

– Շնորհավորում եմ. շատ ողջունելի է:

– Շնորհակալ եմ:

– Շանթ, իսկ դու ինչպե՞ս ես փորձում ԱՄՆ-ից նպաստել Հայաստանի զարգացմանը:

– Եթե հայը որոշում է ապրել արտասահմանում, ապա նա, առաջինը` չպետք է մոռանա իր լեզուն, իր պատմությունն ու մշակույթը: Սա կարևոր է, որովհետև եթե նրանք մոռանան դրանք, կկտրեն կապը հայկականի հետ: Կարծում եմ` սա պետք է լինի առաջին ներդրումը, որ պետք է անի արտասահմանում ապրող յուրաքանչյուր հայ: Այդուամենայնիվ, կարծում եմ, իսկական ներդրում ունենալու համար պետք է բնակվել հենց Հայաստանում:

– Իսկ դու չե՞ս ծրագրում գալ ու մշտական բնակություն հաստատել Հայաստանում:

– Անշուշտ, ծրագրում եմ: Որ գամ Հայաստան, կշարունակեմ կենսաբանության գծով ուսումս, կուզենայի կենդանական աշխարհի հետ կապված ինչ-որ աշխատանք գտնել կամ գիտական-հետազոտական գործունեությամբ զբաղվել: Նաև շատ եմ կարևորում թիմային աշխատանքը, Հայաստանում ու Սփյուռքում ապրող հայերի միասնականությանը նպաստող կազմակերպությունների առկայությունը: Դրանք Հայաստանի զարգացման կարևորագույն հիմքերը կարող են լինել:

Շատ եմ ուզում, որ երեխաներս ծնվեն ու մեծանան իրենց հայրենիքում: Ինքս ուզում եմ ամուսնանալ հայ աղջկա հետ. ես հայ եմ և ուզում եմ, որ արյանս կապը շարունակի մնալ իմ որդիների ու իմ սերունդների մեջ:

Դիտվել է 3673 անգամ:
Print Friendly

Leave a Reply