Միրգն ու բանջարեղենն այս տարի էժան է

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 22, 2009 14:09

bazarՎերավաճառողներն ասում են, որ այս տարի բանջարեղենի գինը, համեմատած անցյալ տարվա հետ, ցածր է 15-20 տոկոսով:

Եթե անցյալ տարի այս շրջանում նրանք գյուղացիներից 1կգ լոլիկը գնում էին միջինը 300-350 դրամով, ապա այս տարի` 200-250 դրամով:

Այս տարի համեմատաբար էժան է նաև գյուղացու կարտոֆիլը. 1կգ-ի միջին գինը 80 դրամ է, կաղամբինը` 50-60, վարունգինը` 100-150 դրամ: Անցյալ տարվա համեմատությամբ գրեթե անփոփոխ է մնացել գազարի և սոխի գինը` 2-ն էլ 250 դրամ, իսկ լոբին էլ թանկացել է 200 դրամով` դառնալով 450:

Վերավաճառողներն էլ ամեն կգ-ի ինքնարժեքի վրա ավելացնում են մինչև 100 դրամ: Արդյունքում` կեռասը դառնում է միջինը 400-500 դրամ, բալը` 350-450, ելակը`400-500, խնձորը`200-300, թութը` 500-600, ծիրանը` 500-600 դրամ:

Տնտեսական ճգնաժամը, ըստ վերավաճառողների, կարծես թե չի ազդել սպառողների գրպանի վրա. առևտրի ծավալներն այս տարի համեմատաբար մեծացել են:

«Ուր ա թե ճգնաժամ ա, մարդիկ գալիս, 20 կիլոյով կլուբնիկ են առնում, անցած տարի տենց բան հազիվ թե լիներ»,-ասում է Կայարանի շուկայում վերավաճառող Ռուզանը, ում ամուսինը` Ալիկը, ամեն առավոտ Էջմիածնից միրգ ու բանջարեղեն է բերում, կինն էլ վերավաճառում: Ամուսինները դժգոհում են միայն լոբու վաճառքից. այս տարի լոբին թանկ է:

Երևանի շուկաներում վաճառվող միրգն ու բանջարեղենը հիմնականում բերվում է Արարատի, Հոկտեմբերյանի, Էջմիածնի մարզերից: Թեպետ լուրջ մտահոգություն կա, որ կարկուտի պատճառով հնարավոր է մրգի ու բանջարեղենի գները բարձրանան, սակայն Ռուզանն ու Ալիկը վստահ են, որ վնասի չափերն առանձնապես մեծ չեն. բերքն այս տարի նախորդ տարվա համեմատությամբ շատ է, ու դժվար գները բարձրանան:

Գայանե Ասրյան

Դիտվել է 1214 անգամ:
Print Friendly

Leave a Reply