Ինտերնետը` արկածախնդիրների թաքստոց

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | April 20, 2010 10:14

Որքան ավելի է ինտերնետը թափանցում Հայաստան, այնքան մեծանում է օն-լայն խաբեբաների զոհերի թիվը: Չափազանց շատ մարդիկ են հայտնվում այնտեղ, ովքեր  գեթ փոքր-ինչ տեղյակ չեն,  թե ինչքան որոգայթներ են  լարված իրենց համար: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ դպրոցներում ինտերնետից օգտվելու հմտություններ չեն ուսուցանվում, իսկ շատերն էլ  համակարգիչ  ձեռք են  բերել բավական հասուն տարիքում, ապա կարելի է ենթադրել, որ Հայաստանում վիրտուալ հարձակումների ենթարկվողների թիվը հսկայական է: Իսկ ինտերնետում  խաբեբաները վխտում են և հենց այն պատճառով, որ  շատ միամիտ մարդիկ կան, ումից կարելի է օգտվել:

Մարդիկ դրա մասին չեն մտածում մինչ այն պահը, երբ բանը հասնում է փողին կամ անձնական անվտանգությանը: Նրանց մտքով անգամ չի անցնում,  որ ինտերնետից ոչ խելամտորեն օգտվելը կվնասի իրենց: Միաժամանակ, ցանցային տեխնոլոգիաների ավելի ու ավելի ներթափանցումը առօրյա կյանք ոչ միայն առանձին մարդկանց, այլև հասարակությանը   խոցելի է դարձնում:

Одноклассники.ру-ն` արդի հայ դասական

Հաճախ միջին ինտերնետ սպառողը ինտերնետ հարձակումները պատկերացնում է իսկական հոլիվուդյան ֆիլմի նման. որ   հակերները  համակարգչի մոտ նստած`  մտնում են վիրտուալ իրականություն ու կոտրում կայքերը:

Իրականում, վիրտուալ հարձակումների մեծ մասն ուղղված են ոչ միայն առանձին անձանց, այլև մեծ ընկերությունների  դեմ, հիմնվում են  մարդկային թուլությունների վրա, ու հաճախ դրանց հետևում կանգնած է ոչ թե հակերը` դասական պատկերացմամբ, այլ մարդիկ, ովքեր լավ են կողմնորոշվում խաբեության մեթոդների ընտրության հարցում:

Օրինակ բերեմ իմ սովորական երկխոսությունը ծանոթներիցս մի քանիսի հետ: Թեման, ինչպես  միշտ, ինտերնետն է:

-Լսե՞լ ես` հատուկ կայքեր կան, որոնք հնարավորություն են տալիս ԿՊվՏՍսՈրրվՌՍ-ում տեղադրված ուրիշի նամակներն ընթերցել: Ումն ուզես` նրանն էլ կկարդաս:

-Եվ ի՞նչ: Ու դա վճարովի՞ է:

-Լրիվ անվճար: Պետք է միայն լոգինն ու ծածկագիրը ներմուծել, ու հանգիստ կարող ես կարդալ ուրիշի նամակները:

-Ու ի՞նչ, ստացվե՞լ է :

-Չէ, գրված էր, որ սերվերը ծանրաբեռնված է, փորձեք մի փոքր ուշ: Ոչ մի կերպ չի հաջողվել, բայց հետո ինչե~ր կարելի է անել:

Դրանից հետո պետք է բացատրել, որ նա երբեք էլ չի կարողանալու օգտվել «լրտեսական» ծառայությունից: Որովհետև այն առհասարակ գոյություն չունի. այդ ամենը մտածվել է  մի նպատակի համար, որպեսզի սպառողը կամովին իր լոգինն ու ծածկագիրը մուտքագրի: Դրանից հետո այդ հաշվառման գրությունը սպամի տարածման հսկայական ցանցի մասն է դառնում:

Թակարդ  պարզամիտ մարդու համար

Ինտերնետի օգտագործման առումով կիսագրագետ մարդկանց թիվը  քիչ չէ: Բոլորովին վերջերս մեծ  տարածում ունեին այսպես  կոչված «նիգերիական նամակները»: Մարդիկ բազմաթիվ  էլեկտրոնային նամակներ էին ստանում դիկտատորների այրիներից կամ էլ մեծահարուստների  դուստրերից, ովքեր դիմում էին բանկային հաշվեհամարներից մահացած միլիարդատերեր հարազատի  գումարը ստանալու հարցում օգնելու խնդրանքով: Մեծ մասը ծիծաղում էր, սակայն կային մարդիկ, որ խայծը կուլ էին տալիս. իսկ տասնյակ ու հարյուրավոր մարդիկ էլ անհետանում էին Աֆրիկայում:  Հանուն հեշտ վաստակի` մարդիկ կորցնում են բանականությունը:

Հետո ի հայտ եկան ամենատարբեր վիճակախաղերը, որոնք իբր տեղի են ունենում ինչ-որ տեղ` Իսպանիայում կամ Անգլիայում: Մարդիկ  լրջորեն հավատում էին, որ վիճակախաղով շահել են մի քանի մլն եվրո, միայն այն պատճառով, որ այդ մասին իրենց հայտնում են էլեկտրոնային նամակով, չնայած այդ վիճակահանության տոմսն անգամ չեն գնել:

Ցանցում նման թակարդները բազմաթիվ են: Դրանցից շատ հեշտ կարելի է զերծ մնալ, եթե չկորցնեք սթափ մտածելու կարողությունը: Բացի այդ, մարդ ուղղակի պետք է իմանա ինտերնետի առանձնահատկությունները:

Օրինակ` երբեք ձեր ծածկագիրը մի գրանցեք մի երրորդ կայքում, եթե մանավանդ այն քիչ ծանոթ է: Երբեմն  ինչ-որ կայքեր առաջարկում են  հաշվել, թե ինտերնետում քանի անգամ են ձեզ հղում արել կամ ձեր բլոգում քանի անգամ են մեկնաբանություններ արել, դրա համար պահանջվում  է ընդամենը մուտքագրել ձեր ծածկագիրը: Նույնիսկ հայտնի կայքերի նմանատիպ առաջարկներին չպետք է արձագանքել:

Հաճախ չարագործներն այն  կայքերի անվան տակ են գործում, որոնց մարդը վստահում է: Օրինակ` նամակ է գալիս Mail.ru-ից կամ էլ  Yandex. ru-ից, որով հայտնվում է, որ տեխնիկական խնդիրների հետ կապված`  ադմինիստրացիան սպառողին խնդրում է այցելել հետևյալ հասցեով ու լրացնել լոգինն ու ծածկագիրը:  Եվ այն էջը, ուր ընկնում է սպառողը, հայտնի  սերվիսի ձևավորման պատճենն է, ուստի կասկած չի առաջացնում. Մարդը կամովին իր տվյալները հաձնում է այդ կայքը կլոնավորող չարագործների ձեռքը:

Խայծը կուլ չտալու համար պետք է մեկընդմիշտ հիշել մի ճշմարտություն. ոչ մի լուրջ կայք չի խնդրի ձեզ ձեր տվյալները գրանցել ինչ-ինչ լրացուցիչ պայմաններով:

Ընդհանրապես ցանկալի է ծածկագրերը, բացի դրանց հատկացված հատուկ տեղերից, ոչ մի տեղ չգրանցել: Մի ուղարկեք դրանք նամակով կամ մի գրանցեք «ծածկագիր» անունը կրող ֆայլում:

Ընթերցողը կզարմանա, թե հեռավոր երկրում ո՞ւմ են պետք իր տվյալները. հաշվից հանենք այն տարբերակները, որ դրանք պարզապես ինչ-որ մեկին կհետաքրքրեն: Բայց, օրինակ, կարող է պետք գալ կարևոր տեղեկություն ստանալու ու շանտաժի ենթարկելու համար: Սակայն,  չարագործը նույնիսկ  անծանոթ սպառողի հասցեն կարող է օգտագործել`  հասցեատիրոջ անունից ծանոթներին նամակներ ուղարկելով, իբր մարդը հարկադրաբար գտնվում է մի վայրում, որտեղից դուրս գալու համար գումար փոխանցելով այսինչ համարին, կարող են օգնել նրան: Եթե նույնիսկ նամակին շատ չնչին տոկոս արձագանքի, միևնույն է, հսկայական չափերի խարդախության դեպքում եկամուտը քիչ չի լինի:

Քանի որ ինտերնետային խաբեության արդյունաբերությունն այսօր տասնյակ միլիոնների եկամուտ ունի, հիշեք, որ պետք եք խարդախներին, ու նրանց մտքինը միայն և միայն ձեզ թալանելն է:

Դիտվել է 3328 անգամ:
Print Friendly

Leave a Reply