«Հույսի կամուրջ» հկ-ի նախագահ Զարուհի Բաթոյանի բաց նամակ Երևանի ավագանու թեկնածուներին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 23, 2013 1:12

Մինչ Ազատության հրապարակում և Ազգային ժողովի շենքի պատերից ներս եռում են կրքերը, հասարակական կազմակերպությունները շարունակում են զբաղվել իրենց ոլորտի խնդիրներով` դիտարկելով դրանք ներքաղաքական կոնտեքստում: «Հույսի կամուրջ» հկ-ի նախագահ Զարուհի Բաթոյանը, օրինակ, բաց նամակ է գրել Երևանի ավագանու թեկնածուներին, հիշեցրել նրանց հաշմանդամություն ունեցողների խնդիրների մասին:
«ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Առաքելություն» կուսակցությունների և «Բարև, Երևան» դաշինքի հարգելի թեկնածուներ, մինչ ձեր նախընտրական քարոզարշավը սկսելը թույլ տվեք հիշեցնել, որ այսօր Երևանում բնակվում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 60.000 մարդ: Նրանք շարունակում են մեկուսացած ապրել, երբ մեր քաղաքում կառուցվում են նոր շենքեր, ներկրվում են տրանսպորտային նոր միջոցներ: Կառուցվող կամ վերանորոգվող շինություններում, փողոցներում և հասարակական վայրերում չեն պահպանվում այն շինարարական նորմերը, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր են ապահովում: Եվ այդ ամենն արվում է ի խախտումն ՀՀ օրենսդրության և ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի դրույթների: Հարգելի՛ թեկնածուներ, կոչ եմ անում ծրագրեր կազմելիս և Երևանի քաղաքապետ ընտրելիս առանձնակի ուշադրություն դարձնել այս խնդրին: Խոսքը փաստաթղթերում ընդհանուր ձևակերպումների կամ իրենց դարն ապրած մոտեցումների մասին չէ, ոչ էլ անհարկի շահարկումների, որոնց ականատեսն ենք դառնում ընտրությունից ընտրություն: Հավատացեք` այդ ամենը սովորել ենք հեշտությամբ տարբերել: 21-րդ դարի Երևանում ապրող հաշմանդամություն ունեցող մարդուն մատչելի միջավայր ապահովելու համար հստակ, որոշակի և չափելի գործողություններ են անհրաժեշտ, պատասխանատու և բարեխիղճ քաղաքապետ` անկախ այն բանից, թե որ կուսակցության անդամ է: Համոզված եմ, որ մեր քաղաքը բոլորինը դարձնելու գործում ձեզ կօգնեն ոչ միայն հասարակական կազմակերպությունները, այլ նաև իրենց քաղաքը սիրող ինձ նման բնակիչները: Ես մեկն եմ այն հազարավոր քաղաքացիներից, ովքեր արհեստական խոչընդոտների պատճառով իրենց օտար են զգում մայրաքաղաքում. Երևանը իմը չէ: Ձեր ծրագրերը մշակելուց և խոստումներ տալուց առաջ հիշեք նաև իմ մասին: Մայիսի 5-ին ես նույնպես գնալու եմ ընտրության, որովհետև ուզում եմ, որ Երևանը դառնա նաև իմ քաղաքը: Ես ոչ միայն արժանի եմ դրան, այլև դրա իրավունքն ունեմ: Ի վերջո, այն միջավայրը, որը հարմար է հաշմանդամություն ունեցող մարդուն, հարմար է բոլորին: Մաղթում եմ ձեզ հաջողություններ: Հարգանքով` Երևանի բնակիչ` Զարուհի Բաթոյան». – գրված է բաց նամակի տեքստում:

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply