Սփյուռքին սիրաշահելու թուրքական հուսահատ մարտավարությունը Ապրիլի 24-ի նախօրեին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | April 12, 2010 10:35

Վերջին շաբաթների ընթացքում թուրքական կառավարությունն անընդմեջ վատ լուրեր էր ստանում: Հայոց ցեղասպանության ժխտման նրա համառ քաղաքականությունը լուրջ անհաջողությունների հանդիպեց, երբ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, Շվեդիայի խորհրդարանը, ինչպես նաև Իսպանիայի Կատալոնիայի շրջանային խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևեր ընդունեցին:

Թուրք ժխտողներն ահուսարսափի մեջ են Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի նախօրեին այս պաշտոնական ճանաչումներից: Նրանք ավելի մեծ խուճապի են մատնվել, քանի որ Բուլղարիայի, Իսրայելի, Սերբիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի խորհրդարանները նույնպես ապրիլ ամսվա ընթացքում պատրաստվում են նման բանաձևեր դնել քննարկման:
Թուրք ղեկավարությունը չարաչար սխալվում էր` կարծելով, որ Հայաստանի հետ վեց ամիս առաջ ստորագրված Արձանագրությունները կդադարեցնեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետագա գործընթացը: Թուրքիան այդ Արձանագրությունները դիտում էր որպես վերջին ճիգ՝ ապագայում ճանաչման նման տարափի դեմն առնելու համար: Նրա խորամանկ ռազմավարությունը գրեթե հաջողության հասավ, քանի որ Ցեղասպանության բանաձևերը և՛ Շվեդիայում, և՛ Միացյալ Նահանգների Կոնգրեսում ընդունվեցին միայն մեկ ձայնի առավելությամբ: Այս բանաձևերի ընդդիմախոսները որպես դեմ քվեարկելու պատճառ հիմնականում նշում էին Հայաստանի և Թուրքիայի «հաշտեցման գործընթացը»:

Թուրքական կառավարությունը, այս զարգացումներից տագնապած և իր ներքին լուրջ խնդիրներով տարված, թեպետ ուշացումով, մի շարք միջոցառումներ ձեռնարկեց` հույս ունենալով կանխել հետագա պարտությունները Հայոց ցեղասպանության հարցում:

Այդ գործողությունները ներառում էին թե՛ կոպիտ, սպառնացող մարտավարություն այն երկրների նկատմամբ, որոնք հանդգնել էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թե՛ մեղմ մոտեցում` միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու համար, ցուցադրելու, թե թուրքական կառավարությունը որքան բարյացակամ է հայերի նկատմամբ:

Ցեղասպանությունն ընդունած երկրների նկատմամբ կիրառվող թուրքական սպառնացող մարտավարությունն ընդգրկում է դեսպանների հետկանչը, ռազմական պայմանագրերի չեղյալ համարելը և սպառողական ապրանքները բոյկոտի ենթարկելը:

Նախորդ շաբաթ թուրքական իշխանությունները մի նոր հնարք հղացան` սպառնալով հայց ներկայացնել ավելի քան 20 երկրների դեմ, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Սա թուրքական ղեկավարների պարբերական հոխորտանքներից մեկն է, որով նրանք փորձում են տարհամոզել մյուս երկրներին Ցեղասպանության ճանաչման հարցում: Ես անկեղծորեն լիահույս եմ, որ եթե Թուրքիան իրագործի այս սպառնալիքը, կնպաստի թուրքական ոճրագործության համաշխարհային հնչեղության բարձրացմանը: Այսպիսի անլուրջ հայցն անմիջապես կմերժվի յուրաքանչյուր արդարամիտ, ոչ թուրքական դատարանի կողմից:

Թուրքիայի ավելի խորամանկ մարտավարությունը` նուրբ մոտեցումների կիրառմամբ (արևմտյան PR մասնագետների խորհրդով), ներառում է.
Հայկական պատմական մի քանի եկեղեցիների վերանորոգում, մինչդեռ հազարավոր այլ եկեղեցիներ վերածվել են մզկիթների, ախոռների, բնակատեղիների կամ պարզապես ավերվել են:

«Ազնիվ» ժեստ` Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում տարին մեկ անգամ կրոնական արարողություն մատուցելու թույլտվություն, սահմանափակ թվով մարդկանց համար և սահմանափակ տևողությամբ` թելադրված թուրքական իշխանությունների կողմից: Այս համաշխարհային ճանաչում ունեցող սրբավայրը պաշտոնապես գրանցված է որպես զբոսաշրջության վայր և ոչ որպես եկեղեցի:
Հայաստանից ներգաղթյալների երեխաների` Ստամբուլի հայկական դպրոցներ հաճախելու արգելքի վերանայման հնարավորություն:
Անցյալ շաբաթ վարչապետ Էրդողանի և Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի ատենապետի «ցուցադրական» հանդիպում, վերջինիս սխալմամբ ներկայացրին որպես Թուրքիայի հայ համայնքի ղեկավար: Դա ավելի շատ նման էր տիրոջ և նրա մոտ կանչված ստրուկի հանդիպման: Այդ հանդիպումից հետո Պետրոս Շիրինօղլուն թուրքական լրատվամիջոցներին ստիպված ասաց, որ «1915 թվականը» ոչ այլ ինչ է, եթե ոչ վեճ երկու սիրելի եղբայրների միջև` հրահրված ուրիշների կողմից: Նա ասաց, որ իր պապիկը զոհերի թվում էր, սակայն շատ թուրքեր էլ են զոհվել: Շիրինօղլուն մեղադրեց ինքն իրեն և ներողություն խնդրեց Էրդողանից` նրա` 100 հազար հայ ներգաղթյալներին արտաքսելու սպառնալիքի համար, ասելով, որ այդ ուռճացված թիվն իր սխալմունքն է և ոչ թե վարչապետի:

Ի վերջո, արտգործնախարար Դավութօղլուն, ցանկալի հաջողությունների չհասնելով Արձանագրությունների միջոցով Սփյուռքը Հայաստանից անջատելու ջանքերով, անցյալ շաբաթ հանդես եկավ մի նոր խորամանկ քայլով՝ նպատակ ունենալով մասնատել սփյուռքահայությանը: Դավութօղլուն հայտարարեց, որ թուրքական իշխանությունները մտադիր են «երկխոսություն» նախաձեռնել «ողջամիտ սփյուռքահայերի» հետ` նկատի ունենալով այն հայերին, ովքեր պատրաստ են ծախել Հայ Դատը սեփական «ես»-ի և անձնական շահի համար: Թուրքիայի արտգործնախարարը նշեց, որ կապեր կհաստատվեն հայկական «մտավորականության, համալսարանների և քաղաքացիական հասարակությունների» հետ:
Պարզ է, որ թուրքական իշխանությունները դիմելու են բոլոր հնարավոր միջոցներին, այդ թվում` տապալված Արձանագրությունների շարունակ շահարկմանը` Հայոց ցեղասպանության ճանաչումից այլ երկրների տարհամոզելու նպատակով:

Ուստի, Հայաստանն ու Սփյուռքը պետք է զգոն ու միասնական լինեն՝ թուրքական խարդավանքների, գայթակղությունների ու սադրանքների զոհը չդառնալու համար:

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի
հրատարակիչ և խմբագիր

Թարգմ.՝ Ռ. Ավագյանի

Դիտվել է 2067 անգամ:
Print Friendly

Leave a Reply