«Բարևի» հերթական հանրահավաքն ու «Ժառանգության» առաջնորդի բաց նամակը գործող նախագահին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 22, 2013 22:26

Ազատության հրապարակում կայացավ «Բարևի» հերթական հանրահավաքը, որի գլխավոր իրադարձությունը դարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին:
Սակայն մինչ այդ նշենք, որ հանրահավաքը սկսվեց երիտասարդ «հեղափոխականների» նախաձեռնությամբ, ովքեր Ազատության հրապարակում գտնվող Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձաններին կապեցին «Բարևի հեղափոխության» ծիրանագույն դրոշները:
Բացելով իր խոսքը ավանդական բարևով` Րաֆֆի Հովհաննիսյանը հարթակից դիմեց Սերժ Սարգսյանին և կետերով ներկայացրեց իր պահանջները. «Ա. անցկացնել նախագահական արտահերթ ընտրություններ: Բ. առաջին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել այս տարվա ընթացքում, մինչ այդ ընտրական օրենսգրքում իրականացնել փոփոխություններ, վերացնել մեծամասնական ընտրակարգը, ապահովել ընտրողների ցուցակների հրապարակումը, ընտրական հանձնաժողովների կուսակցական կազմավորման մեխանիզմը: Իսկ մինչ այդ  առնվազն հինգ մարզպետների ազատել աշխատանքից եւ այդ պաշտոններում ժողովրդի` հանձին Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց նշանակել: Երկրորդ` հիմնական ընտրակեղծարար քաղաքապետերին եւ գյուղապետերին ազատել աշխատանքից` օգտագործելով կառավարության լիազորությունները: Երրորդ` բոլոր ընտրակեղծարարներին ենթարկել քրեական պատասխանատվության: ՀՀ գլխավոր դատախազության, հարկային եւ մաքսային պետական ծառայության, ազգային անվտանգության ծառայության, արտաքին գործերի նախարարության, կրթության եւ գիտության նախարարության, վերստուգիչ պալատի, արդարադատության խորհրդի, հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարներ նշանակել ժողովրդի՝ հանձին Հովհաննիսյանի ներկայացրած անձանց: Սույն պայմանագիրը անբաժանելի է, ենթակա է երկուստեք ստորագրման, իսկ դրանում ամրագրված դրույթները անբեկանելի են մինչեւ խորհրդարանական ընտրությունների ավարտը»:
Տեքստը հնչեցնելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը դրեց նամակը ծրարի մեջ, վրան գրեց «Րաֆֆի Հովհաննիսյանից պարոն Սերժ Սարգսյանին» և ուղարկեց Բաղրամյան 26:
Հանրահավաքի ընթացքում ելույթներ ունեցան նաևՐաֆֆի Հովհաննիսյանի հայրը`Ռիչարդ Հովհաննիսյանը,”Ղարաբաղ” կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, ազատամարտիկ, հրապարակախոս Սուրեն Սարգսյանը , ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և այլք: Բանախոսների խոսքերն ընդունվում էին համապատասխան երանգավորումն ունեցող բացականչություններով: Ազատության հրապարակը լեփ-լեցուն էր: Մարդկանց շարքերում կարելի էր տեսնել մշակութային անվանի գործիչների: Պետք է նշել, սակայն, որ շարքերում ոմանք ունեին անկումային տրամադրություն և ասում էին, որ եկել են հերթական հանրահավաքին ուղղակի իրենց իսկ սկզբունքներից ելնելով, բայց կարծում են, որ ապրիլի 9-ից հետո էլ որևէ բան չի փոխվի: Մեծամասնությունը, իհարկե, պատրաստակամ էր գնալ մինչև վերջ Րաֆֆի Հովհաննիսյանի նշած ուղով` դեպի հաղթանակ:
Վերջում, փակելով հանրահավաքը, «Ժառանգության» առաջնորդը տեղեկացրեց, որ հաջորդ հանրահավաքը, որի ընթացքում ինքը հանդես կգա հատուկ հայտարարությամբ ու առաջարկով և կներկայացնի ապագա ճանապարհային  քարտեզը, տեղի կունենա մարտի 29-ին: Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 29-ի հանրահավաքը հանգրվանային անվանեց:

Դիտվել է 1153 անգամ:
Print Friendly

Leave a Reply