Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 22, 2013 22:14

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Դավիթ Սաֆարյանը այցելեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն
Մարտի 21-ի առավոտյան, Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոն այցելեցին այս օրերին Թբիլիսիում ընթացող ազատ և հունա-հռոմեական ըմբշամարտից Եվրոպայի առաջնությանը մասնակցող ՀՀ մարզիկների պատվիրակությունը: Հյուրերի շրջանում էին ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Դավիթ Սաֆարյանը, նրա մարզիչ Արայիկ Բաղդադյանը, ՀՀ հանրային հեռուստատեսության մարզական հաղորդումների մեկնաբան Կարեն Գիլոյանը: Ոսկե մեդալակիր մարզիկին և նրան ուղեկցողներին դիմավորեցին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հայրերը, «Հայարտուն» կենտրոնի աշխատակիցները, հայ մարզասերները, ինչպես նաև Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հավաքված Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանի սաները:
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի օրհնությունը ստանալուց հետո, հյուրերը կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի ուղեկցությամբ, դիտեցին «Հայարտուն» կենտրոնը: Այնուհետև կայացավ զրույց Վիրահայոց թեմի և Հայարտուն» կենտրոնի աշխատակիցների շրջանում: Մեծ էր հետաքրքրությունը մրցույթի առաջին օրն ևեթ, մարտի 19-ին, կայացած մրցամարտում ազատ ըմբշամարտի ոճով 66 կիլոգրամ քաշային կարգով թուրք Յակուբ Գոռին հաղթած և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Դավիթ Սաֆարյանի մարզական կյանքի, նրա աշխատասիրության և վարժությունների մասին հյուրերի պատմածների նկատմամբ:
Թբիլիսահայ ճանաչված գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցը ոսկեմեդալակիր Դավիթ Սաֆարյանին նվիրեց Թբիլիսիի պատկերով իր կտավը:
«Հայարտուն» կենտրոնից ստացած վառ տպավորություններով և նորանոր հաղթանակեր նվաճելու հայրենակիցների բարեմաղթանքներով հյուրերը թողեցին «Հայարտուն» կենտրոնը:

Վիրահայոց Թեմի մամլո դիվան

Դիտվել է 1841 անգամ:
Print Friendly

Leave a Reply