Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի ընդունումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2013 21:44

2013 թվականի մարտի 22-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնությամբ առաջադրված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը (“Prevention of genocide”):
Հայաստանը մշտապես ՄԱԿ-ի շրջանակներում հանդես է եկել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ նախաձեռնություններով, ներկայացնելով բանաձևերի նախագծեր: Այդ նախաձեռնությունների արդյունքում Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից 1998 թվականին ընդունվել են Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի 50-ամյակին նվիրված, 1999 և 2001 թթ.` Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին բանաձևերը: 2008 թվականին Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունվել է :Ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևը: Նշված բոլոր բանաձևերն ընդունվել են կոնսենսուսով` վայելելով անդամ պետությունների լայն աջակցությունը:
Հայաստանի կողմից առաջարկվող բանաձևերը նպատակ ունեին համաշխարհային հասարակության մշտական ուշադրության կենտրոնում պահել :Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիան, դրան առնչվող այլ փաստաթղթերը և դրանց կիրառման հետ կապված խնդիրները` նպատակ ունենալով ընդգծել ցեղասպանության հանցագործության վերացմանն ուղղված` պետությունների համատեղ ջանքերի անհրաժեշտությունը:
Բանաձևի նախագծի նախապատրաստման ընթացքում ՀՀ պատվիրակությունն անցկացրել է բազմաթիվ երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներ, որոնց արդյունքում հաջողվեց հասնել կոնսենսուսային տեքստի շուրջ համաձայնության:
Այսօր ընդունված բանաձևի տեքստում արտացոլվում են այն բոլոր հիմնական զարգացումները, որոնք տեղի են ունեցել աշխարհում ցեղասպանության կանխարգելման համատեքստում՝ նախորդ՝ 2008 թվականի բանաձեւի ընդունումից ի վեր: Բանաձեւում առաջին անգամ անդրադարձ է կատարվում ցեղասպանության կանխարգելման հարցում ճշմարտության իրավունքի վերաբերյալ զարգացումներին` կարևորելով ճշմարտության խրախուսումը ցեղասպանության կանխարգելման առումով և քաջալերելով պետություններին համագործակցել ճշմարտության, արդարադատության, վերականգնման և չկրկնման երաշխիքների խթանման հարցերով հատուկ զեկուցողի հետ: Բանաձևում վերահաստատվում է Համընդհանուր պարբերական դիտարկման մեխանիզմների կարևորությունը` հրավիրելով պետություններին իրենց ազգային զեկույցներում ներկայացնելու տեղեկատվություն ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին: Հատուկ ուշադրություն է դարձվում ցեղասպանության կանխարգելման գործում կրթության, մասնավորապես կանխարգելիչ նշանակություն ունեցող կրթական ծրագրերի և նախագծերի իրականացմանը, կառավարությունների և ՄԱԿ-ի համապատասխան գրասենյակների կողմից տեխնիկական աջակցությանը:
Որպես կանխարգելիչ միջոցառում բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրների կառավարություններին սահմանել անցյալում կատարված ցեղասպանությունների զոհերի հիշատակի ազգային օրեր` որպեսզի նման սոսկալի հանցագործությունները երբեք չմոռացվեն:
Բանաձևի ընդունումը նաև խորհրդանշական է այն առումով, որ այս տարի լրանում է ցեղասպանության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի 65-ամյակը: Ընդունված բանաձևի համաձայն 2014 թ. ՄԻԽ 25-րդ նստաշրջանի ընթացքում կազմակերպվելու է բարձրաստիճան քննարկում` պետությունների, ՄԱԿ համապատասխան կառույցների և այլ շահագրգիռ մարմինների մասնակցությամբ:
ՄԱԿ-ի Ժնեևյան գրասենյակում ՀՀ ներկայացուցիչն իր ելույթում նշեց. «Ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն անցյալում կատարված ցեղասպանությունների զոհերի հիշատակի հարգանքի տուրք է և չկրկնման երաշխիք: Բանաձևը մեր բոլորի ընդհանուր ներդրումն է այդ նպատակին հասնելու համար և անցյալից քաղած դասերի հիման վրա անվտանգ ապագա կառուցելու մեր կոլեկտիվ հանձնառության ապացույցը: Չի կարող լինել ցեղասպանության զոհ մեկ ժողովուրդ, ազգ կամ խումբ` եթե կատարվում է ցեղասպանություն, ապա մենք բոլորս ենք զոհ, քանի որ դա մարդկության դեմ կատարված հանցագործություն է: Այնպես ինչպես չի կարող լինել ցեղասպանության համար մեղավոր կամ պատասխանատու մի կառավարություն կամ որևէ մեկ անձ, մենք բոլորս ենք կիսում պատասխանատվությունը` կանխելու պատասխանատվությունը, պաշտպանելու պատասխանատվությունը»:
Բանաձևը լայն աջակցություն ստացավ, դրան համահեղինակեցին ՄԻԽ բոլոր տարածաշրջանային խմբերը ներկայացնող 54 պետություն: Բանաձևը համահեղինակելու համար բաց կմնա դեռևս երկու շաբաթ:

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply