Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 22, 2013 18:59

Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ ծանոթացել է Արաբկիրի թիվ 33 գրադարանում իրականացվող ջեռուցման ծրագրի ընթացքին: 2013թ-ին մայրաքաղաքում ամբողջությամբ լուծում կստանա նաև գրադարանների ջեռուցման խնդիրը: Տարեկան ծրագրով քաղաքապետարանի ենթակայության 36 գրադարաններից դեռևս չջեռուցվող 16 գրադարանները կապահովվեն անահատական ջեռուցմամբ, ինչն իր հերթին կնպաստի ընթերցասեր հասարակության համար գրադարաններում հարմարավետ պայմանների ապահովմանը. «2012թ-ին մենք ամբողջությամբ լուծեցինք մանկապարտեզների և հանրակրթական դպրոցների ջեռուցման հարցը: Այս տարի արդեն խնդիր ենք դրել ամբողջությամբ ջեռուցել նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանները, ինչպես նաև դեռևս չջեռուցվող մշակութային օջախները: Գրադարաններում այսօր նաև հիմնանորոգման անհրաժեշտություն կա և առաջիկա ծրագրերում անպայման ընդգրկելու ենք նաև այդ աշխատանքները»,- ընդգծել է քաղաքապետը:
Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է նաև բարեկարգվող բակերի շինհրապարակներ: Հանգստի հարմարավետ գոտիների ստեղծման ու բակերի համալիր բարեկարգման ծրագրերի շրջանակում Արաբկիր վարչական շրջանում ևս մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում: Կոմիտասի 48, 54, ինչպես նաև Գրիբոյեդովի 5 շենքերի բնակիչները հնարավորություն կունենան արդեն ամռանը իրենց հանգիստը անցկացնել հենց իրենց բակերում: Սպասված այս ծրագրի մեկնարկը մեծ ոգևորություն էր առաջացրել բնակիչների շրջանում: Օգտվելով առիթից նրանք իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին բնակիչների խնդիրներին ցուցաբերվող մշտական ուշադրության համար:
Նոր խաղահրապարակներով, նստարաններով ու զրուցարաններով կկահավորվեն նաև Ադոնցի 9-ը շենքի և Արաբկիր 39 փողոցի 2-րդ շենքի հարակից բակային տարածքները: Շինարարական աշխատանքների մեկնարկն արդեն տրված է: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքները կավարտեն սահմանված ժամկետներում և հանգստի հարամարվետ այս գոտիները ժամանակին կհանձնվեն բնակիչների տնօրինմանը:
Բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում խաղային նոր ատրակցիոնների տեղադրմանը զուգահեռ իրականացվում են նաև ֆուտբոլի փոքր խաղադաշտերի կառուցման աշխատանքներ: Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև Գրիբոյեդովի 13 – Մամիկոնյանց 35 շենքերի բակում ֆուտբոլի փոքր խաղադաշտի կառուցման աշխատանքների ընթացքին:
Հարմարավետ միջավայրի կազմակերպման աշխատանքներ են սկսվել նաև Քանաքեռ ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող 1-8 շենքերի բակային տարածքում: Բարեկարգման ծրագրի մեկնարկը մեծ ոգևորություն էր առաջացրել թաղամասի բնակիչներ շրջանում: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին նախաձեռնության համար, բնակիչները վստահեցրել են, որ խնամքով կվերաբերեն իրենց բակին. «Մայրաքաղաքի համաչափ զարգացման հարցում մենք որդեգրել ենք հստակ քաղաքականություն և Արաբկիր վաչական շրջանում ևս ինչպես բակերի համալիր բարեկարգման, այնպես էլ հանգստի գոտիների ստեղծման համար ընտրված են այնպիսի տարածքներ, որտեղ տասնյակ տարիներ բարեկարգման աշխատանքներ չեն իրականացվել: Շատ կարճ ժամանակ անց արդյունքներն արդեն նկատելի կլինեն ավելի քան 400 բակերում ևս»,-նշել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1040 անգամ:
Print Friendly

Leave a Reply