Օսկանյանը ֆուտբոլային մեկնաբան չէ…

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 22, 2013 17:21

«Կախված նրանից, թե ի՞նչ նոր կառավարություն կառաջարկվի մեր հասարակությանը, դրանից էլ ակնհայտ կդառնա, թե իշխանություններն ինչպիսի վերաբերմունք ունեն նախագահական ընտրությունների ընթացքում ժողովրդի կողմից միանշանակորեն արտահայտված փոփոխությունների պահանջի վերաբերյալ` և´ անձերի, և´ մոտեցումների, և´ քաղաքականության առումով»,-խորհրդարանում այսօր լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ կրկնեց, որ իրենք հրատապ են համարում Ընտրական օրենսգրքի բարեփոխումը, որի հիմնառանցքը պետք է լինի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցումը. «Առանց այդ մեծամասնական ընտրակարգը վերացնելու, որը ի սկզբանե մինչև ցանկացած ընտրության մեկնարկը ուղղակի բոնուս է իշխանության գրպանում, բացարձակապես անիմաստ է խոսել որևէ արտահերթ ընտրության մասին»,-ասաց նա` նշելով, որ միայն այդ դեպքում ԲՀԿ-ն կմիանա ցանկացած ընտրության:

Նաիրա Զոհրաբյանը քաղաքական ամբարտավանություն որակեց ՀՀԿ այն հայտարարությունը, թե ավագանու ընտրություններում առաջին տեղը կանխորոշված է, և պայքար պետք է գնա երկրորդ և երրորդ տեղերի համար. «Նման վերաբերմունքը ՀՀ ընտրողի հանդեպ` «մեր դեմ խաղ չկա» ֆորմուլան,  միշտ մեզ կանգնեցնելու է լրջագույն խնդիրների առջև»,-ասաց նա:

«Քաղաքական ամբարտավաններին» Զոհրաբյանը խորհուրդ տվեց հաշվի նստել ՀՀ քաղաքացու հետ` զգուշացնելով, որ նրանց չի փրկելու ո´չ Հայաստան-Եվրամիություն ասոցացման երկկողմանի շռայլվող հաճոյախոսությունները, ո´չ էլ եվրոչինովնիկների տարբեր կարգի հաճոյախոսությունները:

Նա համոզված է, որ 2012-ի մայիսի 6-ի ընտրություններից հետո Հայաստանում բարոյահոգեբանական լուրջ բեկում է տեղի ունեցել: «Այսօր մենք ունենք քաղաքացի, որը պատրաստ է պայքարել իր թվերի համար»,-կարծում է Զոհրաբյանը:

«Անկախ»-ի դիտարկմանը, թե Շարմազանովը ԲՀԿ-ին անվանել է խաղից դուրս հայտնված քաղաքական ուժ,  Զոհրաբյանը պատասխանեց. «Եթե մենք խաղից դուրս վիճակում լինեինք, ապա Հանրապետականն իր ողջ պոտենցիալը` այդ թվում նաև ինտելեկտուալ, ֆինանսական, մարդկային ռեսուրսները, չէր ներդնի տարբեր սոցիալական ցանցերում և տարբեր հարթակներում` ԲՀԿ-ի դեմ հորինովի հոդվածներ պատվիրելով»:

Հիշեցնենք նաև, որ մեզ հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ասել էր, թե ԲՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը լավ դիվանագետ է, բայց ամեն մեկն իր տեղում պետք է աշխատի` միաժամանակ պատկերավոր համեմատություն անելով. «Երբ որ Ռոնալդուն կամ Մեսսին դարպասապահ դառնան, և՛ Բարսելոնայի, և՛ Ռեալի օգտակար գործողությունների գործակիցը կնվազի: Տարոն Մարգարյանը քաղաքապետի պաշտոնում համահունչ է, որպես Մեսսին ու Ռունալդուն ֆոտւբոլի առաջին գծում: Իսկ եթե Վարդան Օսկանյանին բերենք քաղաքապետ, ոնց որ՝ Կասիլիասը կամ Վալդեսը՝ կենտրոնական հարձակվող»:

Օսկանյանը չմեկնաբանեց Շարմազանովի համեմատությունը` ասելով. «Ես ֆուտբոլային մեկնաբան չեմ»:

Դիտվել է 1782 անգամ:
Print Friendly

Leave a Reply