Ադրբեջանում NIDA շարժման ձերբակալված 4 ակտիվիստները “խղճի բանտարկյալներ” են. Amnesty International

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2013 16:44

Amnesty International (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը օրեր առաջ ձերբակալված ադրբեջանական NIDA շարժման 4 ակտիվիստներին “խղճի բանտարկյալ” է ճանաչել և պահանջել է անմիջապես ազատ արձակել նրանց, հաղորդում է ադրբեջանական “Contact” կայքը:

Կազմակերպությունը նման պահանջով նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին:

2013թ. մարտի 7-ին ձերբակալվել էին NİDA-ի (երիտասարդական-քաղաքացիական շարժում) ակտիվիստներ Բախտիյար Գուլիևը, Շահին Նորվուզլին, Մամեդ Ազիզովը: Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ակտիվիստները “ծրագրել էին ադրբեջանական բանակում զինծառայողների մահվան դեպքերի դեմ մարտի 10-ին կայանալիք բողոքի ակցիայի ժամանակ անկարգություններ իրականացնել”:

Ադրբեջանցի իրավապահները պնդում են նաև, որ դյուրավառ շշեր ու թմրամիջոց են գտել ակտիվիստների տանը: Նրանց խոսքով՝ այդ դյուրավառ շշերն ակտիվիստները պատարաստվում էին օգտագործել մարտի 10-ին կայանալիք բողոքի ակցիայի ժամանակ: Ձերբակալվածների հարազատները հայտարարել են, որ հենց ոստիկաններն են այդ իրերը իրենց տուն բերել: Ավելի ուշ՝ մարտի 14-ին, նույն գործի շրջանակում ձերբակալվել էր NİDA-ի մեկ այլ ակտիվիստ՝ Ռաշադ Հասանովը:

Amnesty International-ն իր մտահոգությունն է հայտնել ձերբակալությունների ու այն առնչությամբ, որ ձերբակալվածներին թույլ չեն տվել հրավիրել իրենց փատաբաններին ու հարցաքննել են պետության փաստաբանների ներկայությամբ:

Վերոնշյալը հաշվի առնելով՝ Amnesty International-ը բոլոր 4 ակտիվիստներին համարում է “խղճի բանտարկյալ”, որոնք ձերբակալվել են “խոսքի և հավաքների ազատության իրենց իրավունքը խաղաղ ձևով արտահայտելու համար”: Կազմակերպությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր 4 ակտիվիստներին:

Դիտվել է 779 անգամ:
Print Friendly

Leave a Reply