ՀՀ սոցներդրումների հիմնադրամի կողմից կշարունակվեն համայնքներում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 22, 2013 16:11

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը խորհրդին է ներկայացրել հիմնադրամի գործունեության հիմնական արդյունքները, մասնավորապես նշելով, որ 2006 թվականից ի վեր հիմնադրամի կողմից իրականացվող չորս վարկային ծրագրերից երեքն արդեն ավարտվել են: Ներկայում համայնքներում իրականացվող բոլոր աշխատանքներն ընթանում են 3-րդ լրացուցիչ ֆինանսավորման ներքո, որի մեկնարկից մինչ այժմ երկրի 148 համայնքներում իրականացվել է ենթակառուցվածքների վերականգնման 263 ծրագիր: Ավարտված ծրագրերի 46 տոկոսն առնչվում են հանրակրթական և մասնագիտական դպրոցներին, 28 տոկոսը՝ գյուղական բնակավայրերի համայնքային կենտրոններին և մշակույթի տներին: Ներկայում մեկ տասնյակից ավելի ծրագրեր գտնվում են ավարտական փուլում, ևս 26 ծրագրերում կատարվում են շինարարական աշխատանքներ:
Այնուհետև խորհուրդը հաստատել է Սոցներդրումների հիմնադրամի 2013 թ. բյուջեն և հավանություն տվել այս տարի իրականացվելիք մի շարք ծրագրերին: Վարչապետ Սարգսյանը կարևորել է դրանց իրականացումը հատկապես սոցիալապես խոցելի համայնքներում, ինչին ի պատասխան՝ Աշոտ Կիրակոսյանը նշել է, որ ծրագրերը նախատեսվում են ՀՀ կառավարության տարածքների համաչափ զարգացման ռազմավարությանը համահունչ:
Ըստ 2013 թ. բյուջեի՝ ՀՍՆՀ-ի 3-րդ ծրագրով նախատեսված է 3.56 միլիարդ դրամ, որով կիրականացվի երեք տասնյակից ավելի ծրագրերի ֆինանսավորումը, ևս 10-12 ծրագիր կճշգրտվի մոտ ապագայում:

Դիտվել է 1229 անգամ:
Print Friendly

Leave a Reply