Իրեն Քրիստոս կոչող տղամարդը դանակով ԱԺ է ներխուժել. նա վիրավոր է (տեսանյութ) (լրացված)
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 22, 2013 15:37
Այսօր, ժամը 15:00-ի սահմաններում մի տղամարդ, դանակը ձեռքին, ԱԺ ընդունարանից ներս է մտել և, հաշվի չառնելով անվտանգության աշխատակիցներին, կարողացել է ներխուժել ԱԺ բակ:
«Անկախ»-ի թղթակիցը ԱԺ-ից տեղեկացնում է, որ ԱԺ անվտանգության աշխատակիցները փորձել են բռնել տղամարդուն, բայց վերջինս կարողացել է շրջանցել նրանց ու հայտնվել է ԱԺ բակում:
Անվտանգության ծառայողները լրացուցիչ օգնություն են խնդրել շենքի ներսից, որտեղից դուրս եկած անվտանգության աշխատակիցների խումբը տղամարդուն հրահանգել է կանգ առնել, սակայն վերջինս շարունակել է դանակը ձեռքին վազել դեպի շենքի մուտքը:
Մի քանի նախազգուշական հրահանգներից հետո անվտանգության աշխատակիցները օդ են կրակել, սակայն դա նույնպես չի կանգնեցրել նրան:
Ստիպված տղամարդուն վնասազերծել են` ոտքին կրակելով: Վիրավորին 1-ին բուժօգնություն է ցույց տվել ԱԺ բուժաշխատակիցը, որից հետո շտապօգնության մեքենայով տղամարդուն տեղափոխել են Առաջին համալսարանական հիվանդանոց: Բժիշկների գնահատմամբ` երիտասարդի վնասվածքը միջին ծանրության է:
Հարցին թե ով ես, նա պատասախնել է` ես Քրիստոսն եմ:
Պարզվել է, որ տղամարդը Մասիսի բնակիչ է, 25-ամյա Վրեժ Գալստյանը:
ԱԺ-ից «Անկախ»-ի թղթակիցը տեղեկացնում է, որ այս պահին դրությունը ԱԺ-ում լարված է, տեղում են ԱԱԾ պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ:
Դանակն առգրավված է, կատարվում են քննչական աշխատանքներ: Դանակի շեղբի երկարությունը 8 մատնաչափ է:
Այս պահին, սակայն, լրագրողներին չեն թողնում մոտենալ պատահարի վայրին:
Ավելի ուշ Համալսարանական թիվ 1 հիվանդանոցի բժիշկ-անեսթեզիոլոգը լրագրողներին տեղեկացրեց, որ Վրեժ Գալստյանին անհրաժեշտ անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար տեղափոխել են վիրահատարան, որտեղ կատարվել է վերքի առաջնային մշակում:
Բժշկի հավաստամբ` վերքը ծանր չէ, և հաշմանդամության վտանգ երիտասարդին չի սպառնում:






Facebook
Tweet This
Email This Post
