«Սահմանադրական դատարանը կանաչ լույս վառեց քրեական աշխարհի առջև». Ռուբեն Հակոբյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 22, 2013 14:01

«Սահմանադրական դատարանն այս անգամ էլ իր կերպարը չփոխեց և շարունակեց մնալ գործադիր իշխանության կցորդը»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նրա կարծիքով` ՍԴ-ի պատճառաբանությունները երեսպաշտական են, քանի որ 1996 թվականին և դրանից հետո ողջ ԿԸՀ-ն ողողված էր համապատասխան բողոքներով, բայց միևնույնն է` Սահմանադրական դատարանը կայացրեց որոշում, որը ձեռնտու էր միայն իշխանությանը:

«Սահմանադրական դատարանը կանաչ լույս վառեց քրեական աշխարհի առջև, որը դարձել է հիմնական գործիքը կեղծիքներով ընտրությունները պաշտպանելու»,-ասաց նա

Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան չհաջողված բանակցություններին. «Ամենավիրավորականն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի մերժված առաջարկը, որն իմ կողմից փոխանցվել էր իշխանության ներկայացուցչին, նորից փակ ծրարով հետ ուղարկվեց Րաֆֆի Հովհաննիսյանին»:

Ըստ Հակոբյանի` դիվանագիտական արարողակարգով վիրավորանք ու արհամարհանք է համարվում, երբ մերժված առաջարկը նորից հետ է վերադարձվում դիմացինին. «Դրանով իսկ պարզ դարձավ, որ իշխանությունն ընդհանրապես ցանկություն չունի որևէ լուծում առաջարկել այս ծանր, լարված իրավիճակին»:

Ռուբեն Հակոբյանը ցավում է, որ առայժմ ժողովրդին չի հաջողվել իր քվեով ձևավորել իշխանություն, սակայն նրանք հույս ունեն, որ ավանդույթը կփոխեն, և դե ֆակտո հաղթած նախագահը դե յուրե ձևակերպվի նախագահ: «Կստացվի, թե ոչ, ժամանակը ցույց կտա»,-ամփոփեց նա:

Դիտվել է 1662 անգամ:
Print Friendly

Leave a Reply