Մարդու իրավունքների վիճակը Սպորտի և երիտասարդության նախարարության և Մշակույթի նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույցը

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | March 22, 2013 13:03

Սպորտի և երիտասարդության նախարարության և Մշակույթի նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումները.

Մշակույթի նախարարություն

Նախարարության կողմից մշտադիտարկումներ են իրականացվել միայն առավել վտանգված հուշարձանների տեխնիկական վիճակի ստուգման ուղղությամբ, այնինչ փորձը ցույց է տալիս, որ կարիք կա հսկողություն սահմանել նաև այլ հուշարձանների նկատմամբ նույնպես:

Շարունակում է չլուծված մնալ թատրոնների անբավարար նյութատեխնիկական հագեցվածության խնդիրը:

Չեն ձեռնարկվել բավարար միջոցներ մշակութային կյանքի զարգացումը ՀՀ բոլոր մարզերում հավասարապես ապահովելու համար:

Խիստ մտահոգության տեղիք է տալիս մշակութային հաստատությունների շենքերը հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել մատչելի դարձնելու հարցը:

Արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել բոլոր հաշմանդամություն ունեցող անձանց ՀՀ մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը հնարավորինս ապահովելու համար:

 Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Նախարարության կողմից 2012 թվականի ընթացքում իրականացվել են ընդամենը երեք միջոցառումներ և հանրապետության ոչ բոլոր մարզերում:

Մտահոգիչ է ՀՀ մարզերում երիտասարդների և երիտասարդ ընտանիքնե­րի սոցիալ-տնտեսական վիճակը:

Առանձին դեպքերում, քաղաքացիների կողմից խնդիր է բարձրացվել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պե­տա­կան նպատակային ծրագրի գործընթացի թափանցիկության և չարաշահումների վերաբերյալ:

Շարունակում է արդիական մնալ ՀՀ մարզերում բակերի, մասնավորապես` ֆուտբոլային դաշտերի, խաղահրապարակների կառուցապատման խնդիրը:

Բացակայում է անհրաժեշտ ֆինանսավորում հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային կյանքը ակտիվացնելու, վերջիններիս սպորտային կյանքին ներգավելու և մարզիկներին պարաօլիմպիկ խաղերին մասնակցելու հնարավորություն տրամադրելու համար:

Երիտասարդների համար զբաղվածության և աշխատատեղերի ստեղծման խնդիրը գործնականում լուծում չի ստացել:

 Արձանագրված դրական զարգացումները

Նախարարության պետական երիտասարդական քաղաքականության

շրջանակներում գործող առցանց դրամաշնորհային համակարգի միջոցով 2012    թվականի ընթացքում տրամադրվել է 50 դրամաշնորհ:

Եկեղեցիների և այլ պատմամշակութային կենտրոնների վերանորոգման ու վերականգնման համար 2012  թվականին ձեռնարկվել են մի շարք միջոցներ, մասնավորապես` հուշարձանների տեխնիկական վիճակի մոնիթորինգ, վերջիններիս վերանորոգում և վերականգնում:

Ազգային փոքրամաuնությունների մշակույթի բացահայտման, փոխճանաչման, զարգացման, պահպանման, մշակութային  համագործակցության նպատակով իրականացվել են միջոցառումներ, մասնավորապես` արվեստի փառատոներ,  մրցույթ-ցուցահանդեսներ, ինչպես նաև գրադարանային հավաքածուների կազմը համալրվել է ազգային փոքրամասնությունների մայրենի լեզուներով գրականությամբ:

Իրականացվել  է պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված 86900 միավոր գրականության անվճար բաշխում ՀՀ մարզային, համայնքային զորամասերի գրադարաններին, արտերկրի հայկական կազմակերպություններին, իսկ Հայաստանի ազգային գրադարանի գրադարանային հավաքածուն համալրվել է արտերկրից առաքված 2353 միավոր հայագիտական  գրականությամբ:

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply